Վերնատուն

Փառատոնը՝ թատերական պաստառների մշակույթը զարգացնելու պահանջ․ «Վերնատուն»

«Թատերական պաստառներ» միջազգային փառատոնի համահիմնադիր և ղեկավար, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը խոսում է փառատոնի նպատակների և Հայաստանում թատերական պաստառների մշակույթի զարգացման հնարավությունների մասին։ Էդիկ Պողոսյանը Սունդուկյան թատրոն է հրավիրվել , ինչպես ինքն է ասում, որպես թատերական պաստառի, կամ՝ արտաքին գովազդի դիզայներ։

Ասում է՝ «սա ինստիտուցիոնալ առաջին քայլն էր թատրոնի միջոցով դեպի արդիականություն շարժվելու և առիթ՝ վերականգնելու թատերական պաստառների հին ավանդույթները»։ Էդիկ Պողոսյանը կարևորում է մշակութային կենտրոնների ու դիզայների միջև առողջ փոխհարաբերություններն ու երկխոսությունը և ասում է, որ Սունդուկյան թատրոնում այդ երկխոսությունը կայացած է, քանի որ այնտեղ արժևորվում է պաստառը, դիզայների խոսքը։

Հայաստանում թատերական պաստառների զարգացման, նոր մոտեցումների և դիզայների դերի կարևորության մասին խոսելով՝ Էդիկ Պողոսյանը նշում է, որ հայաստանյան թատրոններում, թիմում դիզայներ կամ նկարիչ ունենալը ավելորդ ծախս է համարվել, և նկարիչներն ավելի շուտ բեմադրիչի մտահաղացման ուղիղ կատարողներն են։ Ասում է՝ դիզայները, եթե նույնիսկ դրսից է հրավիրված, պետք է նպատակասլաց լինի, ոչ թե ուղղակի կատարող։ Դիզայները իր գործառույթն ունի, և նրա տեսնակյունը նույնպես կարևոր է։

«Արած գործը չնսեմացնելով՝ դու ինքդ մի բան ավելացնում ես, եթե դա չի արվում, դառնում է «բառացի թարգմանություն»՝ ներկայացումից», – ասում է Էդիկ Պողոսյանը։ Նա վստահ է, որ թատրոնի ու դիզայնի ոլորտը միմյանց հետ համագործակցելով ու երկխոսելով պիտի զարգանան և բերում է Լեհաստանի օրինակը, որի ներկայացուցիչները փառատոնում, ինչպես ինքն է ասում, քանակական և որակական առումով բոլորից բարձր էին։

«Հայկական դիզայներական գործերը այս փառատոնում շատ քիչ էին։ Գործերը զիջում էին և՛ որակական, և՛ կատարողական առումով։ Միջազգային պաստառի դիզայնի զարկերակը տեսնելն ու շոշափելը կազդի և՛ ներկա, և՛ ապագա սերնդի դիզայներների գործերի վրա» , – ասում է Էդիկ Պողոսյանը։ Փառատոնի հիմնադիրները մտադիր են ապագայում փառատոնը բիենալե դարձնել՝ ընդգրկելով ոչ միայն թատերական պաստառները, այլ նաև բալետի, օպերայի, երաժշտական և ժամանակակից արվեստի ոլորտը։

«Ցուցահանդեսի այցելուները իրենց մեջ նստվածք կունենան, որը հետագայում պահանջ կդառնա թատրոններին՝ ավելի լավ պաստառներ ունենալու», – ասում է Էդիկ Պողոսյանը։ «Թատերական պաստառներ» միջազգային առաջին փառատոն– մրցույթի ամփոփիչ ցուցադրությունը շարունակվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում մինչև հոկտեմբերի 31-ը։ Փառատոնն անց է կացվում Մայր թատրոնի 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում։

Back to top button