ԿարևորՄիջազգային

Ուկրաինան` Կրեմլի պարիսպը քանդող գերան. ինչպե՞ս կավարտվի ռուսական «հատուկ գործողությունը» 

Հավաքական Արևմուտքի համար Ուկրաինան ռուսական «պարիսպը» քանդող այն «գերանն է», որով շարունակ հարվածում են Կրեմլի «պատերին» ամրոցը գրավելու համար` ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ «ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքը, Ուկրաինայից բացի, Ռուսաստանի հիմքերը թուլացնող այլ «գերան» չունի, ուստի ՌԴ–ի համար այս պատերազմը գոյաբանական խնդիր է»,- մեկնաբանում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։

Ըստ նրա՝ պատերազմում Մոսկվայի պարտության դեպքում Ռուսաստանն այս սահմաններով չի լինի, կբաժանվի մեծ ու փոքր տարբեր պետությունների, որոնք արևմտյան ազդեցության գոտիներ կհռչակվեն, բացի դրանից՝ Ռուսաստանը կզրկվի միջուկային զինանոցից։ 

«Ռուսաստանի հաղթելու դեպքում, ինչը հավանական է, Ուկրաինան որպես պետություն կդադարի գոյություն ունենալ, բացի Կիևի շրջանային տարածքներից՝ այդ երկրի զգալի հատվածը` որոշակի մարզերով, կկցվի Ռուսաստանին»,- ասում է Արմեն Բադալյանը։   

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Ռուսաստանն առկա ուժերով այս պահին չի կարողանում հաջողությունների հասնել ուկրաինական ռազմաճակատի երկայնքով, ավելին` տանուլ է տալիս նախկին նվաճումները։

«Ռազմաճակատի գիծը գրեթե 1000 կմ է, այլևս առանց մոբիլիզացիայի, զուտ կամավորների ներգրավմամբ հնարավոր չէ ապահովել «հատուկ գործողության» հաղթական ավարտը․ սա է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի` մասնակի զորահավաք հայտարարելու հիմնական պատճառներից մեկը»։

Սեպտեմբերի 23-ից 27-ը ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով անցկացվելիք հանրաքվեները, ըստ քաղտեխնոլոգի, ազդակ են մարտնչող զինվորի համար։ «Մեկ այլ իրավիճակ է, երբ դու պայքարում ես մի տարածքում, որտեղ ունես կողմնակիցներ, հայրենակիցներ և համախոհներ, բոլորովին այլ իրավիճակ է, երբ մարտնչում ես հանուն սեփական հողի, հանուն հայրենիքի։ Հնարավոր հանրաքվեով նշված բնակավայրերը կճանաչվեն Ռուսաստանի անբաժանելի մաս, հետևաբար ռամզաճակատում զինվորի համար կստեղծվի յուրօրինական բարոյահոգեբանական պատվար, իսկ տվյալ բնակավայրերում ապրող բնակիչները, շնորհիվ հասցեական իշխանության կունենան ապահովության և պաշտպանվածության զգացում»,- ասում է Արմեն Բադալյանը։

Արևմտյան առաջնորդները նշանակված հանրաքվեին ընդառաջ շարունակում են կոշտ քննադատության ենթարկել Ռուսաստանի քայլերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, «ցինիկ ծաղր է» որակել այս նախաձեռնությունը, Միացյալ Նահանգները հանրաքվեներն անվանել է «վիրավորանք» Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին: Ի պատասխան ռուսական կողմը շեշտում է Արևմուտքի կողմից բոլոր սահմանները հատելու մասին, ավելին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նման քայլերով Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելուն։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է գրեթե 6000 զոհերի թիվը` շեշտելով ուկրաիանկան բանակի կեսը ջախջախելու հանգամանքը։

Ուկրաինական կողմն էլ պնդում է ռազմաճակատում Կիևի համար շահեկան սցենարի մասին։

Ի՞նչ է տեղի ունենում ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական ճակատում ռեալ պոլիտիկի դաշտում, ինչո՞ւ են կողմերը մերժում բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։ 

Հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ 

 

 

Back to top button