Մոռացված ֆիլմերի ստվերները

Հանգամանքների բերումով պատանդ դարձած «Պատանդներ»-ը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

1970-ականների երկրորդ կեսին Երևանում տեղի ունեցած մի իրադարձություն ցնցեց բոլորին։ Դրանից ավելի քան մեկ տասնամյակ անց Սերգեյ Իսրայելյանն իր նոր ֆիլմում որոշեց ևս մեկ անգամ խոսել այդ հրեշավոր արարքի անթույլատրելիության մասին։

Մոսկվայի պետական կինոակադեմիայի օպերատորական բաժինն ավարտելուց հետո, Սերգեյ Իսրայելյանն իր ստեղծագործական առաջին քայլերն արեց «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նախ որպես օպերատորի օգնական, բեմադրիչ-օպերատոր, իսկ ավելի ուշ նաև՝ որպես բեմադրող ռեժիսոր։

Արդեն օպերատորական աշխատանքի հարուստ փորձով ու հենց իր կինոն նկարելու երազանքով, Սերգեյ Իսրայելյանը 1980-ականների սկզբին որպես ռեժիսոր սկսեց աշխատել կինոյում։ Արդյունքում հայ կինոն հարստացավ այնպիսի սիրված ֆիլմերով, որոնցից են «Գիքորն» ու «Ճերմակ անուրջները»։ Սակայն այդ ֆիլմերի շարքում կա ևս մեկը, որը, ցավոք, հայ հանդիսատեսին անծանոթ մնաց։ Ինչո՞ւ, կհարցնեք։

Այս հարցը երկար տարիներ հուզում էր Սերգեյ Իսրայելյանին և պատահական չէր, որ ֆիլմի՝ էկրան բարձրանալուց մի քանի տարի անց, «Հանդիպում ֆիլմից առաջ» հաղորդաշարին տված իր հարցազրույցում նա, վերլուծելով ֆիլմի ստեղծման ժամանակահատվածը, փորձում էր ստանալ այդ հարցի պատասխանը։

«Մեր մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ ֆիլմի՝ էկրան բարձրանալը պիտի համընրկներ 90-ականների էներգետիկ ճգնաժամի հետ, ինչի արդյունքում հեռուստատեսության հեռարձակումը հասանելի չէր լայն մասսաներին, կինոթատրոններն էլ մեկը մյուսի հետևից փակվում էին: Բնականաբար, այդ ամենն ազդեց ֆիլմի ճանաչելիության վրա»,- նշում էր Սերգեյ Իսրայելյանը

«Պատանդներ» այսպես է կոչվում 1990-ականների սկզբին նկարահանված Սերգեյ Իսրայելյանի վերջին կինոնկարը։

Խորհրդային միության լճացած համակարգի ողջ ճշմարտությունը ներկայացնող ֆիլմի ծնունդը համընկավ այդ երկրի և համակարգի փլուզման հետ։ Այդ պատմական օրերին «Հայֆիլմ» կինոստուդիայի սենյակներից մեկում ընթանում էին «Պատանդներ» ֆիլմի դերասանական կազմի ընտրության լսումները։ Դրանց մասնակցում էր նաև Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը, որն էլ հաստատվեց գլխավոր հերոսի՝ Սուրենի դերում։

Տիգրան Ներսիսյան

««Պատանդներ» ֆիլմի կինոլսումներին մասնակցելուց որոշ ժամանակ անց ինձ զանգահարեցին և ասացին, որ ես հաստատվել եմ ֆիլմի գլխավոր հերոսի դերում։ Իմ հիշողության մեջ տպավորվել է նաև Սերգեյ Իսրայելյանի ոգևորությունն ու  ուրախությունը, երբ խորհուրդը հաստատեց իմ թեկնածությունը»,- ուրախությամբ, կարոտով ու մի քիչ էլ թախիծով պատմում է Տիգրան Ներսիսյանը։

Գևորգ Ադամյանի դստեր՝ Աննայի դերում Սերգեյ Իսրայելյանը հաստատեց Խաչատուր Աբովյանի անվան մանկարավարժական ինստիտուտի՝ Հենրիկ Մալյանի կուրսի ուսանողուհի Մարինե Գաբրիելյանին։ Այսօր արդեն դրամատիկական թատրոնի փորձառու դերասանուհի Մարինե Գաբրիելյանը կինոյում իր դեբյուտը, Սերգեյ Իսրայելյանին, կինոնկարի խաղընկերներին հիշում է հասուն հայացքով, ինքնաքննադատությամբ և նաև հումորով։

Մարինե Գաբրիելյան

«Անկեղծ ասած ինձ շատ ոգևորել էր այն հանգամանքը, որ ես պիտի շփվեմ Սերգեյ Իսրայելյան արվեստագետի հետ, որովհետև նա երկար տարիներ մտերիմ հարաբերություններ ուներ Հենրիկ Մալյանի հետ, որի արվեստանոցում ինձ բախտ էր վիճակվել ուսանելու։ Կինոլսման ընթացքում ինձ մոտ ներքին համոզում կար, որ ես եմ այդ կերպարը ֆիլմում մարմնավորելու և այդպես էլ եղավ։ Իսկ հետագայում նաև տեղեկացա, որ այդ դերի համար միայն ինձ էին փորձել։ Ինչևէ, դա շատ հաճելի և կարևոր իրադարձություն էր իմ կյանքում»,- ասում է Մարինե Գաբրիելյանը։

1978 թվականի հունիսի 28-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում իրարանցում էր։ Մարդիկ հավաքվել էին տեսնելու, թե ինչպես է կենդանաբանական այգուց փախած Վովա փիղը, իր ճանապարհի խոչընդոտները վերացնելով, շարժվում դեպի քաղաքի կենտրոն։ Փղին կանգնեցելու՝ այգու աշխատակիցների հուսահատ ջանքերն ապարդյուն էին։ Վովայի փախուստի մասին լուրերը հասել էին մինչև Մոսկվա։ Այնտեղից ցուցում է գալիս կանգնեցնել փղին ցանկացած գնով։

Այդ իրադարձությունը երկար տարիներ ականատեսների ու հատկապես Սերգեյ Իսրայելյանի հիշողությունից չէր ջնջվում։ Նա տարիներ շարունակ հիշում էր փղին տանկով ճզմելու տեսարանը, այդ փաստը նույնականացնելով խորհրդային համակարգի դեմ գնացող մարդուն ճնշելու հետ։

Կինոգետ Գարեգին Զաքոյանի, Էվերտ Պայազատյանի հետ մի զրույցի ժամանակ, վերհիշելով այդ պատմությունը, որոշվում է փղի անկման վավերգրական կադրերը տեղադրել կինոնկարի վերջաբանում։ 

Վավերագրական կադրերը խաղարկային ֆիլմին միացնելը հեշտ գործ չէր։ Դա դժվարացնում էր նաև այն, որ Հայաստանում չկար վայրի կենդանիների ու հատկապես փղերին վարժեցնող մասնագետ։ Երկար մտորումներից հետո Սերգեյ Իսրայելյանը որոշում է դիմել այն տարիներին Խորհրդային միությունում հայտնի վայրի կենդանիներ վարժեցնող, կրկեսային արտիստ Մստիսլավ Զապաշնիի  օգնությանը։ 

«Մենք մեկնեցինք Ռուսաստանի քաղաքներից մեկը, որտեղ Զապաշնին հյուրախաղերի էր: Նշված օրը նկարահնման հրապարակում Սերգեյ Իսրայելյանի գլխավորությամբ և Մստիսլավ Զապաշնիի օգնությամբ նկարահանվեց մասսայական տեսարանը։ Բնականաբար այդ տեսարանի նկահանման ողջ ընթացքում ինձ մոտ վախ կար, որովհետև ահռելի չափերով փղի ոտքերի արանքում հայտնվելը մտահոգիչ էր։ Եթե կենդանին մի թեթև ոտքով հարվածեր, հաստատ ինձ այնտեղից ողջ չէին բերի»,- չզսպելով ծիծաղը պատմում է Տիգրան Ներսիսյանը:  

Սերգեյ Իսրայելյան կինոռեժիսորին բնորոշ հետարքիր ձեռագրով նկարահանված «Պատանդներ» ֆիլմն արդեն մի քանի տասնամյակ է կինոարխիվի փոշոտ դարակներում համբերատար սպասում է հեռուստաէկրաններին ցուցադրվելու իր հերթին։

Արդեն ոչ թե խորհրդային, այլ շուկայական հարաբերությունների ժամանակ նկարահանված ֆիլմի թեման որակվեց որպես ոչ շահութաբեր և այդպես էլ չհետաքրքրեց կինոպրոդյուսերներին։ Դա, թերևս, ինչ-որ տեղ հասկանալի էր, բայց ինչու հեռուստատեսությունը համառորեն հրաժարվեց ցուցադրել, անհասկանալի է մինչև այսօր։

Back to top button