Մտքի ուժը

Ցածր թունայնություն, ազդեցության լայն շրջանակ. հայկական միացությունները բոլոր շանսերն ունեն արտադրություն մտնելու․ «Մտքի ուժը»

Ինչպե՞ս են ստեղծվում դեղերը, որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի նրանք անցնեն նախակլինկական ու կլինիկական փուլերը, որքա՞ն գումար ու քանի՞ տարի է պահանջվում գիտնականներից նոր դեղամիջոցներ ստեղծելու և դրանք արտադրական փուլ հասցնելու համար։

Սեդա Հարությունյանը ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի դեղաբանության խմբի ղեկավարն է։ Իսկ ինչպես լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանն է փաստում, շատ հաճախ համեստություն է անում ու իր կատարած աշխատանքի մասին մանրամասներ չի հայտնում: Իսկ Սեդա Հարությունյանն արդեն փորձում է հասկանալ, թե իրենց ուսումնասիրությունների արդյունքում բենզոդիօքսանների շարքից առանձնացված երկու միացությունները՝ բեդիտինն ու մեսեդինն ինչ ազդեցություն են ունենում ադրենալային համակարգի վրա։

Ինստիտուտում սիզնթեզվող տարբեր միացությունների մեջ ստուգում են ու հայտնաբերում ավելի ակտիվ միացություններ, որոնք ունեն նման հատկություններ։ Ունեն ակտիվ պրեպարատներ, որոնք խորն ուսումնասիրություն են անցել և արդյունքներն ակնհայտ են՝ ասում է․   

«Մեսեդինն այս պահին որպես հակահիպօքսանտ է հանդես գալիս։ Օրգանզիմը դիմայակուն է թթվածնային քաղցի պայմաններում, երբ  ուղեղում իշեմիա է առաջանում, վերացնում է ուղեղի իշեմիան, ուղեղի այտուցներն է մասնակի վերացնում։ Այս պահի դրությամբ ուսումնասիրում ենք նաև մեսեդինը սրտի հաճախականության վրա, էական փոփոխություն չի առաջացնում, սակայն, սրտի մղման ծավալն է մեծացնում։ Կարևոր է նաև այն, որ մեծացնում է արյան մղման ծավալը երիկամներում։ Սրանք շատ կարևոր հատկանիշներ են։ Այս պահի դրությամբ նոր սինթեզներ են, ունեն շատ ցածր թունայնություն, ազդեցության լայն դիապազոն։ Նրանք փոշիներ են»։

Ընդհանրապես մասնագետները փաստում են՝ մինչև միացությունը դառնա դեղամիջոց ու շուկա մտնի, տասնյակ տարիներ են պետք լինում։ Դրանք բազմաթիվ ու երկարատև փուլեր են անցնում։ Որքա՞ն է տևում նախակլինիկական փուլը, ե՞րբ պարզ կլինի՝ արդյոք միացությունները դեղ կդառնան, թե՞ ոչ՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Հրաչիկ Գասպարյանն արձագանքում է․

«Նախակլինիկական փուլը բավականին երկար է տևում։ Բեդիտինի նախակլնիկական աշխատանքները համարյա ավարտված են։ Մի քանի պարամետրեր կան, որ նայում ենք, կավարտենք ու արդեն կգնան կլինիկական փորձարկումների։ Այստեղ արդեն մեզ պետական աջակցություն է անհրաժեշտ»։

Գիտական համայնքում ընդունված է՝ մինչ սինթեզը դեղամիջոց կդառնա, փորձարկումների սկզբնական փուլը սկսվում է կենդանիներից։ «Մեսեդին»-ն արդեն երկու տիպի կենդանիների վրա փորձարկել են։ Արդյունքներից Սեդա Հարությունյանը գոհ է․

«Հուսանք, որ կենդանիների մյուս տեսակների վրա էլ նույն արդյունքները կլինեն։ Եթե օրգանիզմի հակահիպօքսիկ հատկությունն ենք ուզում որոշել, այդ ժամանակ ներորովայնային ներարկում ենք պրեպարատը։ Կես ժամ անց անթթվածին կամ սակավ թթվածին միջավայրում փորձում ենք պրեպարատ ստացած ու միայն ջուր ստացած կենդանիներին համեմատության մեջ դնել։ Ներարկում չստացած կենդանիներից գրեթե բոլորը խեղդվում են, իսկ ներկարկում ստացածները՝ 70-80 տոկոս կյանքի տևողություն են ապահովում մեկ ժամից ավելի։ Սա ենթադրում է, որ «Մեսեդին»-ին կարող են օգտագործել օրինակ հանքահորերում աշխատողները»։

Քովիդի համավարակի ժամանակ հատկապես ծանր հիվանդները թթվածնաքաղց էին ունենում։ Առողջապահական հաստատություններում ստիպված էին նրանց թթվածին հասցնել արհեստական շնչառական սարքերի միջոցով։ Եվ ահա հայ գիտնականների ստեղծած դեղամիջոցը՝ «Մեսեդին»-ն այստեղ էլ կարող է օգնության հասնել։  

Գիտական փորձերի մեծ մասն արվում է կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիաներում։ Այստեղ տեղադրված են հիմականում նորագույն սարքսարքավորումներ։ Հենց նրանք են հուշում, որ փորձերի մեծ մասը հենց այս սենյակում է կատարվում։ Հատկապես վերջին տարիներին պետությունը դեմքով դեպի գիտությունը շրջվել է՝ ասում է երկարամյա գիտնական Գասպարյանը։ Գիտնականների աշխատավարձերը բարձրացել են, բայց դա քիչ է երիտասարդներին գիտության մեջ պահելու համար։  

Չնայած ֆինանսական խնդիրներին ու շենքային վատ պայմաններին՝ այս լաբորատորիայում աշխատող խմբերը շարունակում են գիտական հետազոտություններ անել, դժվարությամբ, բայց տպագրվել միջազգային բարձր համբավ ունեցող ամսագրերում։ Գիտությունը ոչ միայն ֆինանս, այլ ամենակարևորը՝ համբերություն ու նվիրում է պահանջում։ Սրա պակասը հայ գիտնականները չունեն։

Back to top button