ԿարևորՀասարակություն

Համընդհանուր հայտարարագրումը ենթադրո՞ւմ է բոլորի եկամուտների ու տրանսֆերտների հարկում

Կառավարությունը նախատեսում է 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել։ Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հայտարարագրի իր եկամուտները։ Ըստ իշխող ուժի՝ դա տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական նշանակություն ունի: Տնտեսագիտական շրջանակներում նշում են, որ այս փոփոխությունը թույլ կտա պետությանը՝ մշտադիտարկել քաղաքացիների  եկամտային տեղաշարժերը եւ առավել թիրախային գործել, օրինակ, նվազագույն եկամուտ ունեցողների հանդեպ։ Որոշ տնտեսագետներ էլ կարծում են՝ սա կարող է նաեւ հարկման դաշտ բերել մինչ օրս պետության տեսադաշտից դուրս մնացած ֆինանսական հոսքերը, այդ թվում՝ տրանսֆերտները։


Իշխող քաղաքական ուժը վճռական է` ֆիզիկական անձինք պետք է սկսեն համընդհանուր հայտարարագրել իրենց եկամուտները։ Ընդհանուր հայտարարագրման համակարգին վարչապետ Փաշինյանը վերագրում է  տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական նշանակություն:

«Ուզում եմ ընդգծել մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է  համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնենք: Այսինքն՝ ՀՀ  բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023 թվականի եկամուտների համար»։  

Ի՞նչ է ենթադրում եկամուտների համընդհանուր հայտարարագրումը, և ինչո՞ւ են պետությանը պետք քաղաքացիների ֆինանսական տվյալների մանրամասները։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ սա  պետության համար հաշվառելի է դարձնում և՛ տնտեսությունը, և՛  անձանց եկամուտները։ Այսպիսով պետությունը նաեւ մշտադիտարկում է          ՝ որքանով են քաղաքացիների եկամուտները փոփոխվում։ Սա ոչ միայն պահանջկոտություն է պետության կողմից, այլև պարտավորություն՝ մի կողմից հավաքել եկամուտներին համահունչ հարկերը, մյուս կողմից՝ նաև դրա հաշվին նվազագույն եկամուտ ապահովել շատ ցածր եկամուտ ունեցող անձանց համար։

«Սա նշանակում է, որ պետությունն այսուհետ նման հայտարարագրեր ստանալով և տեսնելով, որ կան քաղաքացիներ, որոնք գտնվում են աղքատության շեմին կամ աղքատության շեմից ցածր մակարդակում, պարտավոր է իր միջոցներից մասհանումներ կատարել և անպայման ապահովել սոցիալական անվտանգությունը»։

Համընդհանուր հայտարարագրման  ներդրումը ենթադրո՞ւմ է, որ մի օր բոլորը, բացի նվազագույն եկամուտ ունեցողներից, պետք է սկսեն եկամտահարկ վճարել, այսինքն՝ ամսական 20 տոկոսի հարկ է ծանրանալու նրանց գրպանին։ Տնտեսագետի խոսքով՝ հայտարարագրումը հարկ վճարելու հետ պետք չէ նույնացնել, բայց հայտարարագրումից պետք է բխի հարկ վճարել-չվճարելը։  

«Հայտարարագրումից նոր պարզ կլինի՝ պե՞տք է վճարել, թե՞ ոչ»։

Եթե, ըստ հայտարարագրի, քաղաքացին չունի եկամուտ, պետությունն ինքն է  պատասխանատու ապահովել նրան  նվազագույն միջոցներով, եթե, իհարկե, պետբյուջեից աղքատների գոյատևման համար գումարներ հատկացնելն առաջնահերթություն դառնա՝ ասում է Մանասերյանը։

«Կառուցակարգի այս դետալը եթե չլինի, բացարձակ իմաստ չունի, անցնել համընդհանուր հայտարարագրման»։

Փորձագիտական դաշտում կարծում են, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրումը նաեւ պետության համար տեսանելի կդարձնի բոլոր այն ֆինանսական հոսքերը, որոնք մարդիկ ստանում են որպես եկամուտ, բայց չեն հարկվում։ Չհարկվող եկամուտ են դիտարկվում նաեւ դրսից ստացվող գումարները՝ տրանսֆերտները, որոնք մարդկանց մի ստվար զանգվածի համար  ապրուստի հիմնական միջոց են։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրմամբ հնարավոր է նաեւ  տրանսֆերտների հարկումը։

«Եթե ՊԵԿ-ը կարողանում է հիմնավորել, որ դա ոչ թե այլ նպատակի համար է, այլ ապրուստի միջոց է և ավելի քան բավարար է, նվազագույնից էլ շատ բարձր է, ապա այո, դա նույնպես կարող է հարկման ենթակա լինել»։

Տեխնիկապես ինչպե՞ս է ապահովվելու եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրումը, որը պետք է գործի 2024-ից՝ Ազգային ժողովում հետաքրքրվում  է տնտեսագետ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Կառավարությունը դեռ պետք է որոշի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը միանգամի՞ց, թե փուլերով անցնի՝ արձագանքում է ՊԵԿ նախագահը։ Ռուստամ Բադասյանը վստահ է՝ հայտարարագրման ընդլայնումը տեխնիկապես խնդիր չի լինի ՊԵԿ-ի համար․ էլեկտրոնային համակարգն արագ կադապտացնեն, որպեսզի   հայտարարագրերը  սահմանված ժամկետում ներկայացվեն ու վերլուծվեն։

«Մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե՞ փուլ-փուլ ենք գնում, օրինակ՝ առաջին խումբ հարկ վճարողները, որոնք համատարած հայտարարագրման համակարգով պետք է հայտարարագիր ներկայացնեն, կարող են լինել, օրինակ, ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ միգուցե ընդլայնվի պաշտոնյաների ցանկը»:

Հայտարարագրեր ներկայացնելն ընդունված կարգ է զարգացած երկրներում, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում պարտադիր է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի կառավարությունը որքան ժրաջան է հարկեր հավաքելիս, նույնքան էլ ժրաջան է գումարները քաղաքացիներին վերադարձնելու հարցում: Եթե 2017-ին քաղաքացիներին վերադարձվել է 2 միլիարդ 417 միլիոն եկամտային հարկ, ապա 2021-ին վերադարձվել է 16 անգամ ավելին՝ 32, 6 միլիարդ։

Ֆինանսների նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագիծը դեռ մշակվում է, եւ  նպատակահարմար չեն գտնում մանրամասներ փոխանցել  վերջնական տեսք չունեցող փաստաթղթի վերաբերյալ։

Back to top button