Երաժշտական եռանկյունի

«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլ․ «Երաժշտական եռանկյունի»

Շարունակելով մեր հաղորդումներում ներկայացնել Կամերային երաժշտության կենտրոնի ստեղծագործական միավորները՝ տաղավար հրավիրեցինք «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանին:

«Տաղարան» անսամբլը հարուստ պատմություն ունի, անցել է հետաքրքիր զարգացման շրջաններ, դեռևս խորհրդային տարիներից ունեցել է տաղանդավոր գեղարվեստական ղեկավարներ, որոնք հարստացրել են անսամբլի երգացանկը տասնամյակների ընթացքում:

«Խորհրդային շրջանում կարծես պետության կողմից խրախուսվում էր հնագույն երաժշտության զարգացումը, հայտնի էին «Հորտուս մուզիկուս», «Մադրիգալ» համամիութենական հնչեղություն ունեցող կոլեկտիվները, և այդ տարիներին ՀՀ մշակույթի ղեկավարությունը, հետ չմնալով միութենական միտումներից՝ պայմաններ ստեղծեց Հայաստանում նույնպես հնագույն երաժշտության կոլեկտիվի ստեղծմանը։ Եվ չնայած տարբեր տարիներին տարբեր ղեկավարներ են եղել, բայց անփոփոխ է մնացել անսամբլի տեսլականը՝ համերգային հարթակից ներկայացնել հնագույն երաժշտությունը։ Պետք է պատկերացնել, որ կոլեկտիվի գործառույթը չպետք է սահմանափակվեր միայն արևմտաեվրոպական հնագույն երաժշտությամբ»- ասում է Սեդրակ Երկանյանը։

Անշուշտ, նվագարանների գործածման առումով այն պետք է լիներ համապատասխան այն նյութին, որը ստեղծվել է, օրինակ, բարոկ շրջանում, բայց նման նվագախմբի ստեղծումը նաև լայն հնարավորություն է ստեղծում հայ կոմպոզիտորների համար՝ անդրադառնալու հայկական միջնդարյան աշխարհիկ և հոգևոր երաժշտությանը՝ մշակելով այն «Տաղարանի» կազմի համար և համազոր կերպով համաշխարհային նմուշների կողքին հնչեցնելու հայկական երաժշտության գոհարները: Այդ աշխատանքը շարունակվում է մինչ օրս և այսօր անսամբլն իր համերգային ծրագրերով անդրադառնում է և՛ եվրոպական, և՛ հայկական հարուստ հնագույն, դասական, ժողովրդական և հոգևոր նյութին։

Հաղորդման ընթացքում հնչում են «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի համերգային կատարումները:

Back to top button