ԿարևորՔաղաքական

ՆԱՏՕ–ի ընդլայնման հեռանկարը՝  աշխարհաքաղաքական նոր փորձաքար

Հունիսի 28-30-ը Մադրիդում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կառույցի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են քննարկել նոր ռազմավարական հայեցակարգը, որով դաշինքն առաջնորդվելու է առաջիկա տասնամյակի ընթացքում։ Մինչ այդ քննարկումների առանցքում  դաշինքի պաշտպանական ներուժին և ուկրաինական զարգացումներին վերաբերող հարցերն են։ Ակտիվ քննարկումների փուլում է նաև Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցը։ Առաջիկա օրերին, հավանաբար մայիսի 18–ին ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչը դաշինքին անդամակցելու պաշտոնական հայտ կներկայացնի: Նույն մտադրությունն ունի նաև Շվեդիան։

Այս հեռանկարը ոչ միայն պաշտպաններ , այլ նաև ընդդիմախոսներ ունի։  Վերջինների թվում նաև Թուրքիան է։

Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկարը բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Ռուսաստանում, այլև Թուրքիայում։ Ֆինլանդիան արդեն պաշտոնապես որոշել է անդամակցության հայտ ներկայացնել։ Քվեարկությունը խորհրդարանում սպասվում է երեքշաբթի: Ըստ լրատվամիջոցների՝ դիմումը ՆԱՏՕ կներկայացվի ամենայն հավանականությամբ մայիսի 18–ին։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն որոշումը «պատմական» է համարել ու խոսել նոր դարաշրջանի մասին։ Նաեւ պարզաբանել է, որ ուկրաինական իրադարձություններն են Ֆինլանդիային մղել այս որոշմանը։

Ֆինլանդիայի նախագահի հետ զրուցել է ՌԴ նախագահ Պուտինը ՝ նկատելով, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելն այդ երկրի համար սխալ կլինի։ «Արտաքին քաղաքականության կուրսի նման փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ռուս-ֆիննական հարաբերությունների վրա», — զգուշացրել է Պուտինը Ֆինլանդիայի նախագահին։ Ավելի ուշ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը հայտարարել է, թե պետք չէ  պատրանքներ ունենալ, որ Ռուսաստանը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի որոշումների հետ։ «Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումից հետո իրադրությունն ամբողջ աշխարհում արմատապես կփոխվի», — ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Որոշմանը բուռն է արձագանքել նաև Թուրքիայի նախագահը՝ մտադրությունն անսպասելի որակելով։ Անկարան դրական չի գնահատում Ստոկհոլմի և Հելսինկիի ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը։ «Սկանդինավյան երկրներն ասես հյուրատուն լինեն Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության անդամների համար», – ասել է Էրդողանը և հանդիմանել դաշինքին՝ հիշեցնելով նախորդ որոշումներից մեկը ։ Նախկին վարչակազմերը սխալվել են Հունաստանի հարցում՝ թույլ տալով , որ այդ երկիրը ՆԱՏՕ–ի անդամ դառնա՝ ասել է Էրդողանը ու հավելել, որ Թուրքիան երկրորդ անգամ նույն սխալը կրկնել թույլ չի տա։

Ռազմական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն Անկարայից հնչող հայտարարությունների հիմքում Ռուսաստանին հաճոյանալու կեցվածք է տեսնում։ Հարցը պետք է դիտարկել ռուս–ուկրաինական իրադարձությունների համատեքստում՝ ասում է։

«Բավականին հետաքրքիր մեսիջ է տալիս աշխարհին, որ պետք չէ գնալ իրավիճակը խորացնելու ուղղությամբ, այլ պետք է կանգ առնել ու փորձել ստեղծված իրավիճակը հաղթահարել հիմա։

Կարծում եմ, որ մենք տեւական ժամանակ ականատես կլինենք անդամակցության շուրջ քննարկումների։ Էական չէ՝ կդառնա՞ Ֆինլանդիան ՆԱՏՕ–ի անդամ, թե՞ ոչ, ավելի էական է այն, որ այդ հարցը գուցե դառնա այն նշաձողը, որից այն կողմ հակամարտող կողմերը չեն գնա։ Այսինքն՝ ես չեմ բացառում, որ կողմերը կարող են դիտարկել բանակցային սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը»։

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Էրդողանի հայտարարությունը քաղաքական առեւտուր սկսելու մտադրության մասին է․

«Թուրքիան օգտագործում է իր հնարավորությունն այնտեղ, որտեղ իր ձայնը կարեւոր է։ Գիտենք, որ ՆԱՏՕ–ի անդամակցության խնդիրը լուծվում է կոնսենսուսի հիման վրա։ Թուրքիան փորձում է հերթական անգամ առեւտրի մեջ մտնել տարբեր ուժային կենտրոնների հետ եւ ստանալ որոշակի զիջումներ։ Այս առումով կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ է ուզում Թուրքիան, ի՞նչ առեւտուր է անում։ Այդ առեւտուրը, իմ կարծիքով , եւ ԱՄՆ–ի հետ է , եւ ՌԴ–ի ։ Նպատակները նաեւ ներքին են»։

2023 թվականին Թուրքիայում ընտրություններ են, իսկ Էրդողանի վարկանիշն ընկել է՝ ասում է ակադեմիկոսը։ Երկրում ստեղծված ֆինանսական ու տնտեսական վիճակը Էրդողանին ստիպում է քայլեր ձեռնարկել, որոնք կապացուցեն որոշումների վրա ազդեցություն ունենալը։ Անկարան իր կշիռն է բարձրացնում նաեւ Ռուսաստանի աչքում՝ համոզված է Սաֆրաստյանը։

«ԱՄՆ–ի հետ Թուրքիայի առեւտուրը նպատակ ունի ԱՄՆ–ից զենքի նոր տեսակներ ստանալ։ Վերջերս հայտարարվեց, որ ԱՄՆ–ը համաձայնել է F-16 կործանիչների արդիականացման համար մի քանի հարյուր միլիոն դոլարի սարքավորումներ տրամադրել Թուրքիային։ Կարծում եմ, որ դա հենց առեւտրի արդյունք է»։

Միջազգային շատ փորձագետներ, մինչդեռ, կարծում են, որ դաշինքում թուլանում են Թուրքիայի դիրքերը․ Ֆրանսիան, օրինակ, արդեն մի քանի տարի է հակաթուրքական դաշինք է կազմում։ Իբրեւ ասվածի վկայություն նշվում է 2021 թվականի Աթենքի համաժողովին Թուրքիային չհրավիրելը։ Այդ ժամանակ Անկարան մեղшդրեց Հունաստանին ու Ֆրանսիային, Պարսից ծոցի որոշ երկրներին՝ «հակաթուրքական դաշինք կազմելու» մեջ: Շատ վերլուծաբաններ կարծում են նաեւ, որ ԱՄՆ-ը Թուրքիայի փոխարեն Հունաստանին է տեսնում տարածաշրջանում վստահելի գործընկերոջ դերում և Հունաստանի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

Ըստ այդմ՝ հավանական է համարվում Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս թողնելու գործընթացը։ Ռազմական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը այս հարցում ավելի կարեւորում է ՆԱՏՕ–ի համար կառավարելի Թուրքիա ունենալու անհրաժեշտությունը։

«Իրատեսական չեմ համարում նման վերլուծությունները, քանի որ առավել կարևոր է, որ Թուրքիան կառավարելի լինի։ Իսկ Թուրքիային ՆԱՏՕ–ից դուրս թողնելն այդ երկիրն անկառավարելի կդարձնի։ Նման շռայլություն Արեւմուտքը իրեն թույլ տալ չի կարող, քանի որ Թուրքիայի միջոցով Արեւմուտքը կարողանում է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում՝ Ռուսաստանի հարեւանությամբ», – ասում է վերլուծաբանը։

Back to top button