Վերնատուն

Հրաժարվել պատրաստի սխեմաներից՝ այսօրվա աշխարհում գոյատևելու համար․ «Վերնատուն»

Մշակութային մարդաբան Նիկոլ Մարգարյանը, խոսելով հարմարվող և հարմարեցնող մշակույթի առանձնահատկությունների մասին, ասում է, որ այս մոտեցումներն առաջարկել են ֆրանսիացի և ավստրիացի գիտնականներ՝ Ժակ Դեմորգոն և Մարկուզ Մոլցը։ Նրանք ասում են՝ մշակույթը կարելի է հասկանալ՝ ուշադրություն դարձնելով, թե մարդիկ, խմբերը, ամբողջական հասարակություններն ինչպես են արձագանքում միջավայրի ազդակներին։

«Կան մշակույթներ, որոնք միջավայրը մեկնաբանելիս ավելի շատ հետևում են իրենց մտքի կարծրատիպացված սխեմաներին, և կան մշակույթներ, որոնք հետևում են հիմնախնդրի առանձնահատկությունները հասկանալուն։ Բացարձակ հարմարվող և հարմարեցնող մշակույթներ չկան։ Երկու ծայրահեղությունն էլ տանում է մշակույթի վերացման», – ասում է Նիկոլ Մարգարյանը։

Տիպիկ հարմարեցնող մշակույթի դրսևորում է Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգի տեսահոլովակը․ այստեղ ցանկացած իրերի բարձր և ցածր լինելը մենք ընկալում ենք որպես Արարատ, իսկ հարմարվող մշակույթի մարդիկ փորձում են հասկանալ այդ իրերը ինչո՞ւ են այդպես տեղադրված, ինչո՞ւ այդ կերպ գոյություն ունեն։

«Մենք միջավայրը մեկնաբանում ենք արդեն պատրաստի կարծրատիպերով։ Նման օրինակները մեզանում ավելի շատ են։ Օրինակ՝ ինչպես ենք մեկնաբանում պետությունը՝ կապելով այն ընտանիքի հետ։»,– նշում է Նիկոլ Մարգարյանը։

Այդ կերպ ինստիտուտների պատկերացումները դեգրադացվում են և սկսում են ծառայեցվել ընտանիքին՝ որպես ամենաներկայանալի օրինակ։ Այդպես բիզնեսը, դպրոցը, բանակը և այլն խոսում են ալեգորիաների լեզվով և հայտնի սխեմայի միջոցով փոխանցվում։ Այս ամենը բերում է այդ ինստիտուտների նշանակության և գործառույթների թուլացմանը։

Եթե ուզում ես երկրում պատկերացումների մեջ ինչ որ բան փոխել, պետք է վերանայել ճանաչման գործիքները՝ ասում է Նիկոլ Մարգարյանը՝ հավելելով, որ պետք է դիտանկյունդ փոխես, նոր ֆորմաներ առաջարկես, ինչպես արվեստագետներն են առաջարկում․ դրանք շատ հաճախ անսպասելի կլինեն, երբեմն՝ շոկային։ «Եթե գոյատևելու խնդիր ունես, այսօրվա աշխարհում չես կարող առանց քո սխեմաների մի մասից հրաժարվել ու գոյատևել», – նշում է մշակութային մարդաբանը։

Back to top button