Մոռացված ֆիլմերի ստվերները

«Շեկ ինքնաթիռը», որ թռչում է մարդու երազանքներին հավասար․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Արկադի Հայրապետյանի և Առնոլդ Աղաբաբովի «Շեկ ինքնաթիռ» ֆիլմի՝ էկրան բարձրանալուց հետո, շատերը տեղեկացան հեռավոր Սիբիրում գտնվող Երոֆեյ Պավլովիչ քաղաքի և Երևանում հայտնված շիկահեր մի գեղեցկուհու մասին։

Սակայն դա ֆիլմի միակ բացահայտումը չէր…

Կինոյով ապրող, կինոն պաշտող Արկադի Հայրապետյանը նկարահանեց ֆիլմեր, որոնց ասելիքը հետաքրքիր, կարևոր և արդիական է նաև այսօր։ Նրա համառ պնդումների շնորհիվ էր, որ «Հայֆիլմ» կինոստուդիայում սկիզբ դրվեց բեմականացված գործերի էկրանավորմանը: Վարդան Աճեմյանի հետ նկարահանած «Ժայռը» ֆիլմով պահպանվեց հայ բեմի մեծանուն արտիստների անզուգական խաղի կենդանի հմայքը։ Իսկ հետո՝ մեկը մյուսի հետևից էկրան բարձրացան «Սարոյան եղբայրներ», «Շեկ ինքնաթիռ», «Արևիկ», «Գործուղում առողջարան» ֆիլմերը։

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի քանդակներներից շատերը վաղուց արդեն  Երևանի ու երևանցիների սիրելի սեփականությունն են։ Բայց քչերը գիտեն, որ անվանի քանդակագործը նաև մի էպիզոդիկ դերակատարում է ունեցել կինոյում։ Արկադի Հայրապետյանի թեթև ձեռքով կինոյի աշխարհ մտած Լևոն Թոքմաջյանը հումորով ասում է, որ ֆիլմի՝ էկրան բարձրանալուց հետո, երևանցիները ճանաչեցին Թոքմաջյան քանդակագործին:

Լևոն Թոքմաջյան

«Ես ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց նկարահանվել այդ ֆիլմում, աշխատել և շփվել երկու տաղանդավոր արվեստագետների՝ Արկադի Հայրապետյանի և Առնոլդ Աղաբաբովի հետ։ Նրանք այն եզակի արվեստագետներից էին, որոնք լուռ իրենց գործն էին անում՝ չմտածելով իրենց ինքնագովազդի մասին։ Իսկ ֆիլմի՝ էկրան բարձարանալուց հետո, երկար ժամանակ, երբ ինձ փողոցում տեսնում էին, ասում էին՝ կինոյի միջի քանդակագործն է», — չկարողանալով զսպել ծիծաղը պատմում է Լևոն Թոքմաջյանը։

Անցյալ դարի 70-ականների առաջին կեսին իրենց մասնագիտությանը սիրահարված երկու արվեստագետներ՝ կինոդրամատուրգ, սցենարիստ Առնոլդ Աղաբաբովը ռեժիսոր Արկադի Հայրապետյանի հետ իր պատմվածքներից մեկը վերածում են կինոսցենարի։ Այդ աշխատանքը երկար ժամանակ է պահանջում։ Նրանք հաշվի էին առնում հնարավոր բոլոր խնդիրները, որ կարող էին ծագել նկարահանման ընթացքում և մանրակրկիտ աշխատանքով հղկում էին դրանք։

Գործի ավարտին սցենարը ստանում է «Շեկ Ինքնաթիռ» աշխատանքային անվանումը։ Արկադի Հայրապետյանի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը պատմում է, որ հաջորդ քայլը եղել է գլխավոր հերոսի դերակատարի ընտրությունը, և Արկադի Հայրապետյանի առաջարկով այդ կերպարը ֆիլմում մարմնավորել է Կարեն Ջանիբեկյանը:

«Գիտեք, տարբեր զրույցների ժամանակ ես շատ եմ լսել, որ շատերն ափսոսանքով ասում են, թե Կարեն Ջանիբեկյանն այդպես էլ ոչ մի ֆիլմում հանդես չեկավ գլխավոր դերում։ Արվեստի մարդիկ էլ, կարծես, տեղեկացված չեն, որ «Շեկ Ինքնաթիռ» ֆիլմում նա մարմնավորեց գլխավոր հերոսին, որն իր տիպաժով շատ նման էր Կարեն Ջանիբեկյանին։ Ռոմանտիկ լուսանկարիչ Զաքարը մի երիտասարդ էր, որը ցանկանում էր ոչ թե սովորական կադրեր, այլ արվեստի գործեր ստեղծել։ Կարենն էլ կյանքում միշտ ձգտում էր արվեստում իր հետքը թողնել,»- նշում է Անահիտ Հայրապետյանը։

Անահիտ Հայրապետյան

«Շեկ ինքնաթիռ» ֆիլմը և՛ խորհդային տարիներին, և՛ դրանից հետո հազվադեպ է ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Ֆիլմի՝ էկրան բարձրանալուց ավելի քան չորս տասնամյակ անց էլ, կինոնկարի անվանումն ու սյուժեն հայ կինոսերներից քչերին է հայտնի։  

«Հետաքրքիրն այն է, որ երկու երիտասարդների մեկ օրվա ծանոթությունը, հրապուրանքը շատ հետաքրքիր ձևով կինոյի նյութ են դարձել։ Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել սցենարի, դրա հիման վրա ֆիլմ նկարահանել։ Բայց Առնոլդ Աղաբաբովի և Արկադի Հայրապետյանի առանձնահատկությունը նրանում է, որ նրանք կարողանում էին առաջին հայացքից սովորական թվացող պատմությունը գողտրիկ պատմության վերածել»,- ասում է Լևոն Թոքմաջյանը:

Խորհրդային տարիներին լուսանկարիչները հիմնականում աշխատում էին լրատվամիջոցներում։ Նրանց աշխատանքը կարևոր էր, չկային տեխնիկական այն հնարավորությունները, որ լրագրողը կարողանար նյութ պատրաստելիս միաժամանակ լուսանկարել և ամբողջացնել այն։ Այսօր ֆոտոլրագրողները չունեն նախկին մեծ դերակատարությունը մամուլում։ Բայց Արկադի Հայրապետյանի և Առնոլդ Աղաբաբովի «Շեկ ինքնաթիռ» ֆիլմը ներկայացնում էր սիրած մասնագիտությամբ կյանքը իմաստավորող, ստեղծագործող անհատին:

Եվ վերջապես, ֆիլմը պատմություն է մարդու, նրա հույզերի ապրումների մասին, ինչը միշտ հետաքրքիր է և ինչի շուրջ պտտվում են աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները՝ քաղաքական, տնտեսական, բարոյական: Հետևաբար բոլոր ժամանակների մարդու մասին պատմող այդ կինոնկարները հաճախակի ցուցադրվելու կարիք ունեն։

Back to top button