Մասնագիտություն

Հանճարների մայրենի լեզուն՝ ռուսերենը․ «Մասնագիտություն»

Այս լեզվով են ստեղծվել համաշխարհային գրականության, թատրոնի և կինոյի մեծագույն գործեր։ Մոլորակի հեռավոր անկյուններում հայտնի են Դոստոևսկու, Տոլստոյի, Չեխովի և այլ հռչակավոր գրողների անունները, ու շատերը ռուսերեն սովորել են այս մեծանուն հեղինակների ստեղծագործությունները՝ բնագրով կարդալու համար:

Ռուսերենը բազմաթիվ հանճարների մայրենի լեզուն է։ Լեզուն յուրաքանչյուր ժողովրդի պատմությունն է, մշակութային ժառանգության հայելին, մտածելակերպի, ավանդույթների կրողը, դարերի իմաստությունն ու հազարամյակների հիշողությունը։

Աշխարհը նորովի ճանաչելու, հասկանալու և ընկալելու համար կարևոր նախապայման է օտար լեզուների իմացությունը, ավելին՝ 21-րդ դարում նոր լեզուներ սովորելը դարձել է անհրաժեշտություն։ Յուրաքանչյուր լեզու ունի իր յուրահատուկ գեղեցկությունը, որն անչափ հետաքրքիր է ուսումնասիրել։

Հարուստ, գեղեցիկ, արտահայտիչ, ինքնատիպ, ճկուն, բարեհունչ, ներդաշնակ, իմաստուն և վերջապես բարձր մշակույթի լեզվի՝ ռուսերենի ուսումնասիրմամբ է զբաղվում ռուսերենի մասնագետը։ Երկրագնդի ամենատարածված լեզուներից մեկը՝ ռուսերենը, միջազգային հաղորդակցության լեզու է, և այս լեզվի իմացությունը կարևոր է մարդկային կյանքի բոլոր ոլորտներում։

Այս լեզվով խոսում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում. այն համարվում է պետական լեզու ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև մի շարք այլ երկրներում։ Ռուսերենը Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է և կիրառվում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից։

Զրույց Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լիաննա Մաթևոսյանի հետ:

Back to top button