Վերնատուն

Խոսել «տխրության» մասին մանուկների հետ․ «Վերնատուն»

Լիլիթ Ալթունյանի առաջին անիմացիոն՝ «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ ֆիլմը, ստեղծվելուց կարճ ժամանակ անց, միջազգային մի շարք` այդ թվում հեղինակավոր կինոփառատոններում ցուցադրվելու առաջարկներ ստացավ, արժանացավ մրցանակի։ Իսկ օրերս այն ցուցադրվեց հեղինակավոր Կլեղման Ֆեղանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մանկական մրցույթում։

«Տխրության» մասին պատմող այս գողտրիկ պատմությունը ծնվել է բանաստեղծությունից։ Հեղինակ, նկարազարդող, անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Լիլիթ Ալթունյանը այն գրել է մինչև պատերազմը, իսկ անիմացիոն մասը ստեղծվեց պատերազմի ընթացքում։ Հայաստան– Ֆրանսիա առաջին համատեղ արտադրության այս ֆիլմը շուրջ 12 միջազգային կինոփառատոնում պատմում է այն մասին, որ տխրությունը այդքան էլ վատ բան չէ։

«Մենք տխրությունը անկարևոր ենք համարում, ուզում ենք փախչել դրանից։ Մանուկները պետք է ծանոթանան տխրության հույզի հետ։ Իմ կարծիքով, մինչև չտխրենք մինչև վերջ և չիջնենք մեր տխրության հատակը, չենք կարող գտնել դրական էլեմենտը որը մեզ նորից վեր կհանի։ Տխրության մասին պետք է խոսել երեխաների հետ։ Այն նույնպիսի զգացմունք է՝ ինչպես ուրախությունն ու երջանկությունը, որին պետք է ծանոթանալ», – ասում է Լիլիթը։

Լիլիթ Ալթունյանը մի շարք մանկական գրքերի հեղինակ է։ Խոսելով ժամանակակից մանկական գրականության մասին իր պատկերացումների մասին` ասում է, որ գիրք ստեղծելիս հին մտածելակերպից պետք է ազատվել։

«Ես տեսնում եմ, թե ինչ մեծ անդունդ կա մեր և դրսում ստեղծած բովանդակության միջև։ Մենք հեքիաթային տեքստեր ենք գրում, այլ ոչ թե պարզ պատմություններ, որոնք մանուկների այսօրվա կյանքից ու խնդիրներից են գալիս, դրանք կարող են նույնիսկ խաղ լինել։ Մանուկների հեքիաթները չպիտի կոչվեն «հեքիաթներ», այլ՝ պատմություններ, որոնք նրանց հուզող խնդիրների մասին կխոսեն ու կլինեն թերապևտիկ»։

Back to top button