Դպրություն

Հայաստան-Սփյուռք․ ստեղծել ընդհանուր կրթական դաշտ․ «Դպրություն»

Հայկական սփյուռքը բազմաշերտ է։ Եվ այնտեղ տիրող տրամադրությունները, կարծիքները Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ տարբեր են, սակայն գրեթե բոլորն էլ կտրված են 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրականությունից։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի դեկան, ֆմգ թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյան․ Իրավիճակը մտահոգիչ է ոչ միայն հայրենիքում, այլ նաև սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար։ Իսկ կրթական դաշտը բոլորի համար պետք է լինի ընդհանուր, որպեսզի միջավայրը ապահովվի և հնարավորություններն ավելի ընդլայնվեն յուրաքանչյուրի համար։ Ոչ թե յուրաքանչյուր քաղաքացի իր մասնագիտական գիտելիքները հայրենիքից դուրս դիտարկելու հնարավորություն ունենա, այլ լինի այնպիսի հնարավորություն, որ հեռավորությունը էական նշանակություն չունենա։

Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Թարվերդյան․ Ես որպես քաղաքացի կարող եմ ասել, որ հենց դպրոցն է դնում ամենալավ հիմքը մեր երիտասարդների մոտ, որոնք դպրոցից անմիջապես հետո մեկնում են բանակ։ Կյանքը ցույց տվեց, որ նրանք շատ ու շատ ավելիին են ընդունակ, քան սպասում էինք։

Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտ Հայկ Կույումջյան․ Համակարգը մեզ սովորեցնում է ոչ միայն ծրագրով պարտադիր առարկաները, այլ նաև հայեցի պահվածքը։ Մենք ֆիզմաթ դասարանում սովորելով՝ շատ մեծ ժամանակ ենք տրամադրում հայոց գրականությանը, հայ եկեղեցու պատմությանը։ Եվ համոզված կարող եմ ասել, որ ուսուցիչն ունի ավելի շատ իշխանություն և ուժ, քան ցանկացած ղեկավար մարմին։ Հայրենիքը ինձ համար սկսվում է դպրոցից։

Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտ Գրիշա Թամազյան․ Դպրոցը լավագույն կրթօջախն է, որ սովորողը դառնա հասարակության լիարժեք անդամ։ Մենք կրթություն ենք ստանում, որ կերտենք ապագա՝ պահպանելով մեր ավանդականը և մշակույթը, որը հանդիսանում է կամուրջ դեպի հետագա ձեռքբերումներ։ Հայ ժողովրդի պատմության դասերն են տալիս հնարավորություն ըմբռնելու, թե ինչ իրավիճակում են գտնվում հայն ու Հայաստանը։ Աշակերտը այսօր ի վիճակի է առաջարկելու լուծումներ, երկիրը իր չափաբաժնով հանելու այս իրավիճակից։

Back to top button