Գերդաստաններ

Ժանսեմի՝ Հովհաննես Սեմերջյանի գերդաստանը․ «Գերդաստաններ»

Նա համաշխարհային մշակույթի հիմնասյուներից մեկն է, նրա մեջ խոսում էր հայկական գենը, իսկ միտքը շարժում էր հայկական անցյալը։ Այժմյան Թուրքիայի Բուրսայի նահանգի փոքրիկ Սելեզ գյուղում էին ապրում Սեմերջյանները։ Նրանցից շատերը ողբերգական ճակատագիր են ունենում ցեղասպանության տարիներին։ Ապագա նկարչի՝ Ժանսեմի՝ Հովհաննես Սեմերջյանի մորեղբորը կախաղան են բարձրացնում ողջ գերդաստանի աչքի առաջ, իսկ նրա ծնողները ոտքով հասնում են Բաղդատ։

Չնայած այդ տարիներին նկարիչը մանուկ էր ու ապրածի մանրամասները չի հիշել, սակայն նրա ամբողջ մանկությունն անցել է այդ ողբերգական պատմությունները լսելով։ Դրանք հսկայական ազդեցություն են թողել նկարչի հոգեկան աշխարհի վրա, որոնք շարժել են տաղանդավոր նկարչի միտքը, որոնք ոգեշնչել են նրան ստեղծելու յուրօրինակ պատկերներ։


«Գերդաստանների» այս հաղորդումը Ժանսեմի՝ նկարիչ Հովհաննես Սեմերջյանի գերդաստանի մասին է։ Հաղորդմանը պատրատվելիս հաջողվեց Փարիզում ապրող հայազգի հայտնի նկարիչ Դիպար Ափաթյանի միջոցով գտնել Ժանսեմի որդուն՝ Ժանիին։

Ժանին պատմում է, թե ինչպես Սեմերջյանների ընտանիքը նախ գաղթում է Հունաստան՝ Սալոնիկ, իսկ հետո 12-ամյա Հովհաննեսի ոտքը բուժելու նպատակով, հոր մահից հետո տեղափոխվում Փարիզ։ Բոհեմական շնչով լցված այս քաղաքը, Մոնպառնասի ազատ ակադեմիաները Հովհաննեսի համար դարձան առաջին գեղարվեստական դպրոցը։

Ու հետո նրան ճանաչեց ողջ Փարիզը, ապա՝ աշխարհը։
Ժանսեմի որդին այսօր զբաղվում է հոր աշխատանքների ցուցադրությունների կազմակերպմամբ։ Նկարչի թոռնուհիներին էլ արվեստագետներ են։ Ժանին պատմում է, որ նկարչի գործերը վաճառվում են ամբողջ աշխարհով մեկ, գնում են երբեմն նույնիսկ չիմանալով, թե ով է հեղինակը։ Նրանց գրավում է արվեստի գործը։

2001 թվականին Ժանսեմը ստեղծում է իր «Եղեռն» շարքը։ Շարքի յուրաքանչյուր կտավ ողբերգության մի առանձին դրվագ է, որն աշխարհին գույների, կտավի, վրձնի ու առանց բառերի լեզվով պատմում է 20-րդ դարի մեծագույն ոճրագործության մասին։

Back to top button