Մոռացված ֆիլմերի ստվերները

Գևորգյանց եղբայրների «Սպիտակ ոսկոր» կրիմինալ-կատակերգությունը․ «Մոռացված ֆիլմերի ստվրները»

Գևորգյանց եղբայրների «Սպիտակ ոսկոր» ֆիլմը նկարահանվեց կրիմինալ-կատակերգություն ժանրում։  Սովետական միության կեղծ բարեպաշտության դիմակը պատռող ֆիլմը աննախադեպ՝  20 միլիոն դիտում ունեցավ։ Սակայն Խորհրդային միության փլուզման հետ փլուզվեց նաև ֆիլմի երբեմնի հաջողությունը։ 

Ռուբեն Գևորգյանցի կինեմատոգրաֆիական գործունեությունը միշտ աչքի է ընկել ժանրային բազմազանությամբ և ռեժիսորական յուրահատուկ մտածողությամբ։ Կինոյի աշխարհ նա մուտք գործեց որպես վավերագրող ռեժիսոր՝ 1968 թվականին նկարահանելով «Ներսիսյանցիները» վավերագրական ֆիլմը։ Տարիներ անց նա դարձավ «Հայֆիլմ» կինոստուդիայի՝ վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 

Ռուբեն Գևորգյանց

1980-ականների վերջին, եղբոր՝ Գեորգի Կևորկովի առաջարկով, Ռուբեն Գևորգյանցը որոշեց նկարահանել «Սպիտակ ոսկոր» գեղարվեստական ֆիլմը: Կինոգետ Սիրանույշ Գալստյանը երկար տարիներ զբաղվում է հայ կինոյի ուսումնասիրությամբ և վստահ փաստում  է, որ այդ տարիներին հայ կինոն զերծ էր անճաշակությունից, քանի որ այն ստեղծում էին տաղանդավոր և պրոֆեսիոնալ մարդիկ

«Բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված նկարահանող խումբ, տաղանդավոր դերասաններ, ահա ինչ է առաջին հերթին անհրաժեշտ լավ ֆիլմ նկարելու համար։ «Ֆիլմը սկսվում է լուսագրերից» ծեծված արտահայտությունը մանրուք է թվում, բայց այս ֆիլմի լուսագրերից արդեն տեսնում ենք, որ ամեն ինչում կա ստեղծագործական մոտեցում»,- ասում է Սիրանույշ Գալստյանը։

Սիրանույշ Գալստյան

Սցենարիստներ՝  Լեոնիդ Զագալսկու և Սիմեոն Լիվշինի՝  կրիմինալ կոմեդիայի ժանրում գրված «Սպիտակ ոսկոր» ֆիլմի սցենարը հետաքրքրեց ռեժիսոր Գեորգի Կևորկովին։ Իրավապահների կողմից մսի կոմբինատի զեղծարարների խմբի բացահայտման ու տեսամագնիտոֆոնների ընդհատակյա արտադրություն հիմնած,  այսպես ասած, առաջնեկների հետապնդման մասին պատմող  ֆիլմի սյուժեն ակտուալ էր Գորբաչյովյան վերակառուցման տարիներին։ Թերևս դա էր պատճառը, որ Գևորգյանց եղբայրները որոշեցին այդ ամենի մասին պատմող ֆիլմ ստեղծել։ 

Գեորգի Կևորկով

Գլխավոր դերում  Մոսկվայից հրավիրված դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին էր,  նրա զուգընկերուհին  Աննա Էլբակյանն էր, գնդապետ Մանուկյանի դերը բաժին հասավ «Թթենի» ֆիլմից հայտնի  Լեոնիդ Սարկիսովին, իսկ ոստիկանական սպայի  դերում հանդես եկավ դերասան Գեորգի Հովակիմյանը, որն էլ վերհիշելով  տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները պատմում է, որ նկարահանումները սկսվեցին Երևանում, այնուհետև շարունակվեցին Օդեսայում, որտեղ էլ ժապավենի վրա վերցվեց ֆիլմի հիմնական մասը։

Գեորգի Հովակիմյան

«Նկարահանումները սկսվեցին Արցախյան շարժման հետ, բայց չնայած այդ անհանգիստ ժամանակներին, հաճույքով ընդունեցի հրավերը։ Ինձ համար հետաքրքիր ու հաճելի էր դերասանական խմբի հետ աշխատելը»,- խոստովանում է Հովակիմյանը։ «Սպիտակ ոսկոր» ֆիլմում իտալացի մաֆիոզիի դերում նկարահանվեց դերասան Վիգեն Ստեփանյանը։ 

Ռուբեն Գևորգյանցը սցենարը դերասանին տալով, նախապես զգուշացրել է, որ նրա համար, ցավոք դեր չկա։ Մի քանի օրից Վիգեն Ստեփանյանը զանգահարել է նրան և ասել, որ հետաքրքիր դեր գտել է, բայց այն սցենարում ներառված չէ։

Նա առաջարկել է  ֆիլմի մեջ ավելացնել իտալացի մաֆիոզիի կերպար, որը բնականաբար պիտի խոսեր իտալերեն։ Լեզվի իմացությունը խոստացել է ապահովել։ Գևորգյանցը ծիծաղել է, բայց առաջարկն ընդունել։  Ռուս սցենարիստների համաձայնությունը  ռեժիսորը հեշտությամբ ձեռք է բերել։ «Վիգեն Ստեփանյանը Ռուբեն Գևորգյանցի ընկերն էր, և վիրավորվել էր, որ իրեն չէին ընդգրկել ֆիլմում,- չթաքցնելով ժպիտը  պատմում է Գեորգի Հովակիմյանը,- Գևորգյանցը նրան ասել էր, որ գլխավոր դերը խաղալու է Մոսկվայից հրավիրված դերասան։ Վիգենն էլ ծանոթանալով սցենարին, հնարամտորեն իր համար դեր էր ավելացրել, ինչը չկարողացավ մերժել ռեժիսորը։

Վիգեն Ստեփանյան

«Սպիտակ ոսկոր»  կինոնկարը ժանրային  առումով բացառիկ  ֆիլմ է, որովհետև այն հայ կինոյի պատմությնան մեջ ֆիլմ-պարոդիայի ժանրում նկարահանված միակ գեղարվեստական կինոնկարն է: Հայ կինոռեժիսորներից  ոչ ոք այդպես էլ չանդրադարձավ 80-ականների վերջում ձևավորված  այդ ժանրին։

1988 թվականի  Արցախյան շարժման թեժ օրերին նկարահանված «Սպիտակ ոսկոր» ֆիլմը , էկրան բարձրանալով  ջերմ ընդունելություն ունեցավ ոչ միայն հայ, այլև ռուս հանդիսատեսի մոտ։  

Լեփ-լեցուն դահլիճներով 20 միլիոն դիտում ունեցող ֆիլմը դրամարկղային աննախադեպ խոշոր հասույթ ապահովեց։ «Այս ֆիլմը Սովետական միության կինոյի պատմության մեջ ամենալավ պայմաններով վաճառված ֆիլմն է։ Այդ հաջողությանը նպաստել են և՛ Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնիի մասնակցությունը ֆիլմում, և՛ դինամիկ զարգացող իրադարձությունները»,- նշում է Գեորգի Հովակիմյանը։

Համացանցի դարում մեծացած մարդկանց դժվար է հասկանալ, թե Խորհուրդների երկրի շարքային քաղաքացու համար տեսամագնիտոֆոն ունենալը ինչ ճոխություն էր։ Անցյալ դարի 80-ականների առաջին կեսին այդ «բաղձալի» սարքի սեփականատերերը գուցե ավելի քիչ էին քան «Վոլգա» կամ «Ժիգուլի» մակնիշի մեքենա  ունեցողները։ Իսկ երբեմն էլ տեսամագնիտոֆոնի հաջողակ տերը կարող էր ճաղերի ետևում հայտնվել, որովհետև հանդգնել էր հարևաններին արևմտյան կինոարտադրության ֆիլմեր ցուցադրել։

Այսպիսի անհասկանալի ժամանակների մասին հումորով և կատակերգական թեթևությամբ նկարահանած՝ Գևորգյանց եղբայրների ֆիլմը հանդիսատեսը միանգամից ընդունեց, սիրեց ու գնահատեց։ Սակայն փոխվեցին ժամանակները, ժամանակների հետ նաև տիրող բարքերը, և «Սպիտակ ոսկոր» ֆիլմը կորցրեց արդիականությունն ու տեղ զբաղեցրեց հազվադեպ ցուցադրվող ֆիլմերի ցանկում, բայց վստահ կարելի է ասել, որ ցուցադրվելու դեպքում ավագները հաճույքով կվերհիշեն ծանոթ, երիտասարդներն էլ կտեսնեն անծանոթ իրավիճակներ, որոնց միջով ամեն օր ստիպված անցնոմ էր խորհրդային «հնարամիտ» քաղաքացին։

Back to top button