ԿարևորՀասարակություն

Հայ-վրացական համատեղ տուրիզմ

Հայաստանն ու Վրաստանն այս օրերին մեծ հանրավորություն ունեն անցնել միասնական տուր փաթեթների իրականացմանը։ Տուրիզմի մասնագետներն ընդգծում են, օտարերկրյա այցելուներին առաջարկելով այսպես ասած «հայ-վրացական փաթեթներ», հնարավորություն է տրվում երկու երկրները դիտարկել որպես զբոսաշրջային մեկ ուղղություն, երկու կանգառով։  

Վրաստանը հունիսի 1-ից բացել է բոլոր հարևանների հետ ցամաքային սահմանները, հունիսի 15-ից էլ վերականգնվում է Հայաստան-Վրաստան երկաթուղային հաղորդակցությունը։ Համավարակi պատճառով խիստ սահմանափակումներով ավելի քան մեկ տարի փակ Վրաստանի տնտեսությունը մեծ կորուստներ է ունեցել, լարին շարունակվում է արժեզրկվել։ Վրաստանի իշխանությունները հույս ունեն պատվաստումներին զուգահեռ չեղարկելով արգելքներն ու բացելով սահմանները, զարկ կտան տնտեսության շարժիչ ուժին՝ տուրիզմին։

Ռուսաստանցի զբոսաշրջիկները ամեն տարի այս սեզոնին Վրաստան են գալիս ցամաքային սահմանով, որտեղ, սակայն, այս օրերին, ինչպես «Ռադիոլուրին» ասում է Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը մեծ հոսք չկա․  

«Մեք սպասում էինք, որ մեծ հոսք կլինի, բայց դեռևս չկա, առանձին հատումներ են։ Նոր պայմաններ են գործում սահմանը հատելու։ Հայաստանի քաղաքացիները Լարսով կարող են հատել Վրաստանի հետ սահմանը, ՌԴ-ի քաղաքացիները՝ ոչ։ Վերջիններս, սակայն, կարող են վերադառնալ երկիր ցամաքային այս սահմանով»։  

Այսպիսով Ռուսատանի քաղաքացիները, որ իրավունք չունեն երկիրը լքել սահմանային անցակետերով, գրեթե զրկված են նաև Վրաստան ժամանելու օդային տարբերակից, քանի որ Վրաստանում 2019-ին հակառուսական տրամադրությունների ֆոնին Մոսկվան դադարեցրեց Թբիլիսիի հետ ուղիչ ավիահաղորդակցությունը։

Այդ պատճառով ռուսաստանցիների համար ամենամատչելի տարբերակը Հայաստանի միջոցով Վրաստան հասնելն է։ Վրացի տուր օպերատորները հենց դա էլ սկսել են առաջարկել․ Թբիլիսի կամ Բաթումի հասնել Երեւանով կամ Գյումրիով։ Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը տարիներ ղեկավարած, ոլորտի մասնագետ Մայա Սիդամոնիձեն ասում է, որ զբոսաշրջության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը մշտապես ոլորտի պատասխանատուների օրակարգում է եղել։ Ըստ նրա, մինչ համավարակը ևս որոշ չափով այն  իրականցվել է, սակայն այսօր առավել մեծ հնարավորություն կա տուր փաթեթները վերաձևակերպելու՝ այսպես ասած հայ-վրացականի վերածելու․

«Ես գտնում եմ, որ ՌԴ-ից և այլ երկրներից Վրաստան եկող զբոսաշրջիկների մի մասն անշուշտ ուզում է տեսնել նաև հարևան Հայաստանը։ Դրա համար կարող ենք ասել, որ նրանք, ովքեր գալիս են Վրաստան, նաև Հայաստան այցելող պոտենցիալ զբոսաշրջիկներ են և հակառակը։ Պետք է երկու երկրներն այս առումով էլ ավելի ակտիվ համագործակցեն»։  

Հայաստանից Վրաստան կարելի է գալ և ցամաքային, և օդային սահմաններով, Երևան-Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ երկաթուղին էլ սկսում է աշխատել թարմացված շարժակազմով, նոր վագոններով: Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության քաղաքականության վարչության նախկին ղեկավար, այժմ «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասում է․

 «Հիմա, երբ կորոնավիրուսից հետո նոր վերաձևավորվող շուկա է, կարևոր է, որ մենք վերականգնվենք միասին՝ աշխարհին առաջարկելով հայ-վրացական համատեղ զբոսաշրջային արդյունք։ Ողջունելի է սահմանների բացումը, ես կառաջարկեի մոտեցումները ևս լինեն հարմարավետ զբոսաշրջիկների համար, Հայաստանում այդ առումով զբոսաշրջիկների իրավունքները հարգող քաղաքականություն է»։

 Վրաստանը մեղմացնելով և վերացնելով շատ սահմանափակումներ, հնարավորություն կտա Հայաստան այցելողներին ընդգրկվել համատեղ՝ Հայաստան-Վրաստան զբոսաշրջային փաթեթներում։

«Հարավկովկասյան զբոսաշրջային մեկ ուղղություն, երկու կանգառ» ձևավորվող կարգախոսը, որին մեկ տարի ընդմիջումից հետո առավել ակտիվորեն են սկսում երկու երկրներում էլ, ըստ մասնագետի, թույլ կտա միասին զարգացնել տարածաշրջանի քրիստոնեական երկու հինավուրց երկրների զբոսաշրջությունը միաժամանակ․ մանավանդ, որ հայերն ու վրացիները դարերով ապրելով միասին, հարուստ պատմական ժառանգություն ունեն ի ցույց դնելու։  

Back to top button