Ծովահայեր

Կինն ու դայվինգը. «Ծովահայեր»

 Ջրի տակ կանանց հետ վարվելու միջազգային հատուկ կանոններ կան։

«Արմդայվինգ» ակումբի սուզորդ Գրիգոր Ավետիսյաը պատմում է, թե ջրի տակ ինչպես է պետք վարվել կանանց հետ՝ միջազգային պարսավանքից և նույնիսկ որակազրկումից խուսափելու համար:

Սուզորդ Արևիկ Հարությունյանն էլ դայվեր կանանց զգացողություններն ու Սևանի զբոսաշրջային գրավչությունն է ներկայացնում։

Սուզվել ծովերի, օվկիանոսների հատակը, մասնիկը կազմել մեկ այլ իրականության, ձուլվել այն անհունին, ինչը տեսնել կարող ես  հեռուստացույցով կամ ձևավորել մտապատկերիդ հեքիաթային հորիզոնում։ Հրաշալի է ջրային աշխարհը, զգացողությունն՝ անբացատրելի. թվում է, թե բառերը շատ տկար են ու խղճուկ այդ զգացողությունը վերարտադրելու համար։

 Բայց այդ ամենը լիարժեք վայելելու համար ջրային հանդերձանքն ու ակվալանգը քիչ են, նախ պետք է զինվես գիտելիքներով։

 Ուրիշ իրականությունում ուրիշ կանոններ են գործում։

Ջրում մարդու մարմնի զանգվածի կորստի պատճառով շատ դժվար է կոորդինացնել շարժումները:

 Երբ ուզում էս պատասխանատու սուզում կատարել, սակայն տևական ժամանակ չէս սուզվել, նախ պետք է փորձնական սուզում (check diving) իրականացնել, մտերմանալ ջրային միջավայրին և վերհիշել կարևոր կանոնները։

 Ջրի ճնշումը

Մակերևույթին ջրի ճնշումը 1 մթնոլորտ է, յուրաքանչյուր 10 մետր խորանալիս ավելանում է ևս 1 մթնոլորտով։ 10 մետր խորության վրա սուզորդը զգում է 2 մթնոլորտ ճնշում, 20 մետրի վրա՝ 3 մթնոլորտ ճնշում և այդպես շարունակ։

 Եթե պատկերավոր ներկայացնենք, 10 մետր խորության վրա սուզորդի թոքերի ծավալը կկրճատվի ուղիղ հիսուն տոկոսով, 20 մետրի վրա թոքերը կսեղմվեն՝ կազմելով իրենց ծավալի մեկ երրորդը և այդպես շարունակ։ 60 մետր խորության վրա սուզորդի թոքերի ծացվալը կսեղմվի անհավանական չափերի՝ կազմելով իրական ծավալի ընդամենը 14 տոկոսը։

 Ջրի տակ այլ է նաև պատկերների ընկալումը։

Սուզորդի տեսողությունը ջրում ապահովում է դիմակնոցը,  սակայն դրա ապակիով անցնելիս ճառագայթները բեկվում են, բոլոր առարկաները թվում են ավելի մոտ և մոտավորապես 25 տոկոսով ավելի մեծ:

 Իսկ ստորջրյա աշխատանքեր կատարող սուզորդների համար միջազգային կազմակերպությունները հազարավոր փորձերի ու նույնիսկ մահերի արդյունքում կազմել են աղյուսակներ, որոնց հետևելով՝ սուզորդները չեն ունենա որևէ խնդիր և մարդկությանը կնվիրեն նորանոր բացահայտումներ։

Back to top button