ԿարևորՀասարակություն

Մաքրակենցաղ վիետնամական խոզեր՝ Նոյեմբերյանում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերյանում եմ, անտառին հարակից մի տանը, որտեղ երիտասարդ ֆերմերը պահում է սև վիետնամական խոզեր: Ասում են, որ այս խոզերը մաքրակենցաղ են, ինչումն է արտահայտվում մաքրակենցաղությունը՝ փորձեցի իմանալ հենց ֆերմերից.

«Օրինակ՝ իրենք կեղտոտ ջուր չեն խմում, իրենց խմելու ամանն էլ, ջուրն էլ  պետք է մաքուր լինի: Իրենք կեղտոտում են մի տեղ, պառկում ուրիշ տեղ: Մտաք գոմ ու տեսաք, որ իրենց վրա կեղտ չկա, ես իրենց չեմ մաքրում, իրենք են իրենց  տենց պահում: Գոմը 2 անգամ եմ մաքրում, ամեն կեր տալուց՝ պարտադիր»:

Երիտասարդ ֆերմերը Արսեն Ազիբեկյանն է, 24 տարեկան:  Բանակից հետո, ինչպես իր հասակակից տավուշցի շատ երիտասարդներ,  աշխատանք էր փնտրել, չէր գտել ու մեկնել էր արտագնա աշխատանքի: Ռուսաստանում էլ ոչինչ դուրս չէր եկել: Շատ մտորելուց հետո, վերադարձել էր տուն և որոշել զբաղվել անասնապահությամբ:

«Սկզբում 3 խոզ գնեցի և 5 ցուլիկ, ուզում էի ցուլիկ պահել, հետո ցուլիկներից օգուտ չտեսա: Նախ նրա չարչարանքն է շատ, հետո մսի գինը անընդհատ տատանվում է, աճը էն չի: Օրը մինիմում 5000 դրամ պիտի ծախսեմ 5 ցլիկին կեր տամ, էդ մի քիչ հեշտ չի, էլի: Սա ավելի էժան ա ու օգուտն ավելի շատ: Ցլիկներին աղացած գարի, ցորեն ու սիմինդ եմ տվել, որ քաշ հավաքեին: Խոզերին տալիս ենք թեփ ու  աղացած խոտ, ջրով բացում ենք,  2 անգամ 10-10 լիտր տալիս»:

Սկզբում վիետնամական խոզերին պահել էր հետաքրքրությունից դրդված, ծանրութեթև էր արել, իսկ հետո տեսնելով եկամուտը՝ դարձրել բիզնես ծրագիր: Վարազի ցեղակից  վիետնամական սև խոզերը տարբերվում են սովորական ընտանի սպիտակ կամ չալպուտուրիկ խոզերից, չեն ճարպակալում:

«Չափերով զիջում են սովորական խոզին, ավելի փոքրամարմին են, եթե սովորական խոզի նման կերակրենք՝ ինքը սալ ա բռնելու, միս չի տալու, ունեցած միսն էլ պիտանի չի ըլնելու: Ըտենց ենք կերակրում, ինքը չափերով զիջումա, բայց մսի համը ուրիշ ա: Ինքը սովորական խոզի նման ոսկոր չունի, ձկան քստի նման, բարակ, մատով կարաս ջարդես: Փոր ունեն, վիետնամական խոզի ցեղատեսակը տենցա, եթե ուշադիր եղաք՝ որձը ատամի տեղ ունի, վայրի խոզի նման ատամը դուրս ա գալիս»:

Արսենը գոմում խոզերին առանձնացրել էր մի քանի վանդակներում, զատել էր արուներին ՝ էգերից, ձագերին՝ մայրերից, մայրացուներին էլ միավորել էր մի տեղ  և հետևում  նրանց խնամքին, մյուսների համեմատ նորածին գոճիներին ավելի երկար է պահում գոմում:

«Ծնվելուց հետո Դ և Ե վիտամին ենք սրսկում, արևի տակ, որ չենք թողնում՝ դրա փոխարինող, ուրիշ դեղ, պատվաստում չի ուզում, դիմացկունա: Փոքր ժամանակ ինչքան կաթ ա ուտում պահում ենք փակ պայմաններում՝ 40 օրից մինչև 2 ամիս, հետո կարանք դուրս թողնենք»:

Խոզերի իմունային համակարգը բարձր է, պատմում է, որ Նոյեմբերյանում խոզերի ժանտախտ էր տարածվել, խոզաբուծական  տնտեսություններում մինչև 40 խոզի անկում է եղել, բայց դա Արսենին չի անհանգստացրել: 

Մաքրակենցաղ խոզերի գոմից սուր ու տհաճ հոտ չէր գալիս:  Հիմա 37 խոզ ունի, դրանց պահանջարկը մեծ է:  Վիետնամական ցեղատեսակի 1 կգ մսին  գնորդները տեղում  վճարում են  5000 դրամ, վերավաճառում՝ 8000 դրամով: Խոզապահությունից բացի ծրագրել են այլ աշխատանքով էլ զբաղվել, մեր զրույցին միջամտում է քույրը՝ Հասմիկը․

«Մտադիր է նաև միսը վաճառի ապխտած եղանակով, այսինքն՝ տնտեսությունը մեծացնի, զուտ միս չսպառի, այլ  ապխտած միսը  սպառի, որը համարյա 2 անգամ ավելի թանկ կլինի: Բացի էդ, մենք խնդիր ունենք, որ տեսակը, որպես արդյունավետ, էժան պահվող, արագ եկամուտ ստացվող տեսակ, մարդիկ պահեն: Այն երիտասարդները, ովքեր գնում են Ռուսաստան, անհասկանալի ժամանակով, մնան, կրկնակին ստեղծեն իրեն հողի վրա, սեփական տանը»։ 

Վիետնամական սև խոզի միսը համեղ է։ Արսենի մտածած բիզնեսը շահավետ է: Հնարավորության դեպքում ցանկանում է ընդլայնել գոմը և խոզաբուծական մեծ  տնտեսություն հիմնել: Սահմանում գտնվող համայնքներին խոզապահությունը ձեռնտու է: Արսենի տունն էլ գտնվում է անտառի եզրին, ամռանը խոզերին  պահելն ավելի էժան է:

Back to top button