Տնտեսական

Ինչ են պահանջում Ջերմուկի բնակիչները

Ամուլսար գնացող ճանապարհն առավոտից փակ էր: Ջերմուկցիները պահանջում են դադարեցնել հանքի շինարարությունը, հետագայում նաև՝ հանքավայրի շահագործումը։

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության  փոխտնօրեն Արմեն Ստեփանյանը հստակեցրել է՝ իրենց օրակարգում աշխատանքների դադարեցման հարց դրված չէ:

Մեկ ամսվա մեջ արդեն  երրորդ անգամ  են ջերմուկցիները փակել դեպի Ամուլսար գնացող ճանապարհը: Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը «Ռադիոլուրին» փոխանցեց իրենց պահանջն ու որոշ մանրամասներ.

«Առավոտյան վեցին փակել էինք դեպի Ամուլսար գնացող բոլոր ճանապարհները: Այն սար է, հանքավայր չի դեռևս: Մենք երկու անգամ գնացել ու հանդիպել ենք կառավարության հետ: Սա ամբողջ Հայաստանի գլխին ծառացած մի մեծ խնդիր է: Եթե հանքը շահագործվի, ապա ամբողջ Հայաստանը լուրջ խնդրի առջև կկանգնի»:


«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը Վազգեն Գալստյանն է: Նա  հստակեցնում է՝ ոչ թե միջպետական մայրուղին, այլ դեպի Ամուլսար գնացող ճանապարհն են փակել:

«Ռադիոլուրի» հետ զրույցում «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության  փոխտնօրեն Արմեն Ստեփանյանը հստակեցրեց .

«Երբ ասում եք, որ ջերմուկցիները փակել են ճանապարհը, պետք է ճշտում մտցնել՝ չհնչի ամբողջ համայնքը, բոլոր մարդիկ: Դա իրական չէ: Կան մարդիկ, որոնք, այո, դեմ են և ճանապարհը, որ փակել  են, դրա մասին է  վկայում: Բայց մի ստվար, մեծ զանգված մարդկանց կողմնակից է կամ չեզոք»:

Ճանապարհը փակող քաղաքացիների պահանջը հստակ է՝ «Մենք մեր որոշման մեջ հաստատ ենք, չենք բացելու մինչև հանքի շահագործումը չդադարեցվի»:

«Լիդիան ինթերնեյշնլում» որևէ կերպ քննարկվո՞ւմ է  արդյոք շինարարական աշխատանքների կամ հանքի շահագործման դադարեցման հարցը՝ հարցնում եմ Արմեն Ստեփանյանին.


«Մենք մեր ընկերությունում, իհարկե՝ ոչ: Աշխատանքները պետք է շարունակվեն: Կառավարության ամենաբարձր մակարդակով ասել են,որ պետք է ստուգումներ լինեն,  մենք սպասում ենք այդ ստուգումներին: Ինչքան շուտ լինի, այնքան ավելի լավ: Մենք վստահ ենք, որ մենք մեր աշխատանքները իրականացնում ենք պատշաճ»:

Դեպի Ամուլսար գնացող ճանապարհը փակած «Ռադիոլուրի» զրուցակիցները  պնդում են՝ աշխատատեղերի մասով հանքարդյունաբերությանն այլընտրանք ունեն, Վազգեն Գալստյանը նաև վնասներն է թվարկում, որոնք այս ընթացքում հասցրել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը: Նախ՝ զբոսաշրջիկների թիվն է նվազել, ապա երեք անգամ  ջրագծերն են վնասվել

Ռիսկերը կառավարվում են՝ հակադարձում է ընկերության փոխտնօրեն Արմեն Ստեփանյանը: Դեպքեր եղել՝ չնչին՝ ավելացնում է։ Փետրվարին խողովակաշարի վթարը վերջինն է եղել։ Մեկը վերանորոգել են ապրիլին: Ջուրը բացելիս են պարզել, որ լավ վերանորոգված չի եղել:

«Ինչ վերաբերում է Արփա գետին, այո, ջրերի շրջանցող համակարգերի շինարարական աշխատանքների ժամանակ, տևական ուժեղ անձրևներ եկան այդ օրը: Եվ որոշ ցեխաջուր, այո, թափվեց: Տեղում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, և այս պահին շտկվել է ամեն ինչ, շտկվել է»:


Երեկ բնապահպանության նախարարի տեղակալ նշանակված Այսեր Ղազարյանը օրերս  գրառում էր  կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցում

«Սուբյեկտիվ կարծիքս մետաղական հանքերի մասով հետևյալն է. Հայաստանը շատ փոքր և խիտ բնակեցված լեռնային երկիր է իր շատ խիստ սահմանափակ հողային ռեսուրսներով, մասնավորապես գյուղատնտեսական հողահանդակների մասով, իսկ էկոլոգիական և սոցիալական խնդիրների մասին ուղղակի չխոսեմ….  Այս քանակությամբ մետաղական հանքերը մեր երկրի համար «ճոխություն» են: Եթե մենք հաշվարկենք դրանց «իրական օգուտը» և էկոլոգիական ու սոցիալական կտրվածքներով վնասները, ապա կարելի է արձանագրել, որ դրանք մեզ և մեր երեխաների վրա թանկ են նստելու…»:

Այսօր «Ռադիոլուրին» փոխանցեց՝ որպես քաղաքացի իր կարծիքը չի փոխվել, որպես պաշտոնյա՝ պատասխանելու համար ժամանակ խնդրեց։

Back to top button