Վերնատուն

Նոր սերունդը պետք է որոշի մեր տեղն աշխարհում․ «Վերնատուն»

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը խոսում է անկախության կոնցեպտից՝ անկախությունը դիտարկելով, որպես արժեք և ապրելակերպ։

«Անկախության 31 տարիների ընթացքում տեղի է ունեում մի սերնդի ձևավորում, ովքեր անկախության գաղափարը և ապրելակերպը փորձելու են դարձնել անդառնալի։ Հիմա գնում է այդ պայքարը երկու սերունդների միջև», – ասում է Աղասի Թադևոսյանը։

«Նոր սերունդը իր նպատակներում ունի երկարատև ու ռազմավարական մտածողություն և իր ապագան չի պատկերացնում այլ պետության կազմում։ Սովետական մտածողությամբ մարդիկ այսօր ուզում են այդ դիակը նորից վերականգնել և ապրել այդ դիակի մեջ, նրանք չեն տեսնում անկախության նպատակը», – նշում է մշակութային մարդաբանը։

Աղասի Թադևոսյանն ասում է, որ այսօր մենք ինքներս մեզ ու մեր նպատակները ձևակերպելու առաջին քայլերն ենք անում և իր բոլոր հույսերը կապում է նոր սերնդի հետ, քանի որ նոր սերունդը ապրում է այնպես, ինչպես քաղաքակիրթ հասարկությունն է ապրում, ում համար արժեք է մարդը, մարդու իրավունքները, պետության հանդեպ հոգատար լինելը։

Ասում է՝ հայրենիք սիրելը ամենօրյա գործողություն է, իսկ իսկական քաղաքացին նա է, ով սիրում է հայրենիքը իր ամենօրյա կյանքում, սիրում է հայրենիքը գործողությամբ և ոչ կենացներով։

Նոր սերունդը տեսնում է Հայաստանի տեղն աշխարհում։ Անկախությունը հենց դա է․ պատկերացնել սեփական տեղն աշխարհում, այդ տեղը կայունացնել ու հաստատուն դարձնել։

«Այսօր մենք որոշում կայացնելու խնդրի առաջ ենք․ լինել զարգացած ու քաղաքակի՞րթ, թե՞ հետամնաց աշխարհի հետ։ Ընտրել ցարերի ու սուլթանների աշխա՞րհը, թե՞ պրոգրեսիվ աշխարհը։ Գոյապահպանությունն այսօր պետք է տեսնենք զարգացման ու ինքնուրույն ապրելու մեջ։ Ամենագլխավոր խնդիրը անկախությունն արժևորելն ու այն պահելն է, իսկ օրակարգային հարցը նոր սերնդին ճանապարհ տալն է, որպեսզի նրանք որոշեն մեր ժողովրդի ապագան ու մեր տեղը աշխարհում», – ասում է Աղասի Թադևոսյանը։

Back to top button