Հասարակություն

Կարուսելները անվտանգ են

Հայաստանում 135 ատրակցիոն կա: Դրանցից միայն 54-ն են վերջնական դրական փորձագիտական եզրակացություն ստացել: Մնացած կարուսելներն այժմ փորձաքննություն են անցնում. արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին:

Ներկայացնելով հանրապետության տարածքում առկա արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական վիճակը, տեխնիկական անվտանգության ոլորտում կատարված վերջին փորձաքննությունների և զննումների ընդհանուր պատկերը՝ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հայտնել է, որ ատրակցիոնները որպես պոտենցիալ վտանգավոր օբյեկտներ պետք է ամեն տարի ստուգում անցնեն:

Մեկնարկում է ատրակցիոնների սեզոնը: Հունիսի 1-ին և ընդհանրապես տարվա ընթացքում դժբախտ պատահարներից խուսափելու համար ատրակցիոնները տարեկան առնվազն 1 անգամ ԱԻՆ-ի տեխնիկական փորձաքննություն են անցնում:

ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ-ում գրանցված 135 ատրակցիոններից վերջնական փորձագիտական եզրակացություն են ստացել 54- ը, որոնցից 49-ը՝ Երևանում: Մնացած ատրակցիոնների փորձաքննությունը ընթացքի մեջ և առաջիկա օրերին դրանք ևս կստանան փորձագիտական եզրակացություն:

Եթե թերություններն այնպիսին են, որ հնարավոր է դրանք շտկել և որևէ վտանգ չեն սպառնում հաճախորդների կյանքին ու առողջությանը, շահագործող ընկերությանը ժամանակ է տրվում դրանք վերացնելու համար:

Իհարկե, միայն նախարարության կողմից չէ, որ ատրակցիոնները պետք է ուսումնասիրվեն: Շահագործող կազմակերպությունները նույնպես պետք է իրականացնեն ստուգումներ և դրանց հիման վրա ներկայացնեն ակտեր, արձանագրություններ: Միայն դրանցով կարող են հավաստել, որ ատրակցիոնները տեխնիկապես սարքին վիճակում են և պիտանի են շահագործման, կամ հակառակը:

Լունապարկում եմ։ Տեղը հարմար է. Ռոսիա կինոթատրոնի դիմաց։ Այստեղ ամեն օր հարյուրավոր երեխաներ են նստում կարուսելներ։ Այգու անվտանգության պատասխանատու Սարգիս Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց՝ ատրակցիոնները փորձաքննության են ենթարկվում ամեն օր:

Չնայած հնարավոր բոլոր խնդիրներին՝ այցելուները հաճույքով են օգտվում կարուսելներից և ամենակարևորը վստահում են դրանց:

Տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ այս և նախորդ տարի որևէ ատրակցիոնի բացասական եզրակացություն չի տրամադրվել, ինչը նշանակում է, որ կարուսելները լիովին անվտանգ են և պիտանի են շահագործման:

Back to top button