ԿարևորՔաղաքական

Արտահերթ նիստը չկայացավ (ֆոտոշարք)

Լուսինե Վասիլյան 

«Ռադիոլուր»

ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգում Ընտրական օրենսգրքում  և հարակից   երկու օրեքներում  փոփոխություններ կատարելու Հայ ազգային կոնգրեսի  առաջարկներն էին, այսօր չի կայացել քվորումի բացակայության պատճառով:
Նիստին գրանցվել է 44 պատգամավոր, իսկ նիստ գումարելու համար առնվազն 66 պատգամավորի ներկայություն էր անհրաժեշտ:  Գրանցվել են  խորհրդարանական ընդդիմության   և ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, արտահերթը բոյկոտել են   ՀՀԿ-ն ու  ՕԵԿ-ը:
Ըստ ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորների գրանցումը շարունակվում  է մինչև քվորում ապահովելը, բայց չի կարող ավելի տևել, քան 3 ժամը: Նիստի մեկնարկից 3 ժամ անց  քվորումն այդպես էլ չի ապահովվել:
Ի պատասխան արտահերթի տապալման՝ ՀԱԿ ակտիվիստները Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել:

***

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ՝ 4 խմբակցությունների նախաձենած արտահերթի ձախողման հարցում  խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը որքան կանխատեսելի, նույնքան էլ զարմալի է։

«Առնվազն զարմանալի է, որ մեծամասնությունը, որն իր պնդմամբ լրջագույն փաստարկներ ունի մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու դեմ, խուսափում է  մասնակցել նիստին ու հրապարակավ ներկայացնել դրանք»:

Խորհրդարանական մեծամասնաության հիմնական հակափաստարկին՝ մեկնաբանությանը, թե ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ օրենսդրական նման նախաձռությամբ հանդես գալն առնվազն ուշացած քայլ է, ԲՀԿ խմբակցության քարտուղարն այսպես է արձագանքում.

«Մեծամասնսւթյան համար կամ շուտ է, կամ՝ ուշ : Մենք կարծում ենք, որ ցանկացած պատեհ առիթ և հնարավորություն պետք է օգտագործել այս խնդիրը բարձրացնելու համար»:

Եվ քանի որ  ՀԱԿ-ը բարձրացրել է խնդիրը, և այն  համահունչ է ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ի սկսած քաղաքական կոնսուլտացիաների օրակարգին , ուստի միացել են  նախաձեռնությանը, ասում է Զոհրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ Սահմանադրության 70-րդ հոդվածն է հիշեցնում, որը պատգամավորների 1/3-ին ,  փաստորեն խորհրդարանական ընդդիմությանը, արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն է տալիս:

«Այդ հոդվածի ամբողջ իմաստն այն է, որ  եթե անգամ որևէ հարցին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, այդուհանդերձ՝ խորհրդարանական ընդդիմությունը իրավունք ունի այդ հարցի քննարկումը նախաձեռնել և  այդ քննարկումը ստանալ»:

Խորհրդարանական ընդդիմությունն այդ իրավունքը  չստացավ, ինչը ՀԱԿ խմբակցության ղեկավարին թույլ է տալիս եզրահանգել, որ խախտվել է Սահմանադրությունը:

«Այն, ինչ որ այսօր արեց Հանրապետական կուսակցությունը, Սահմանադրության խախտում է»:

Ոչ միայն Սահմանադրության, այլ նաև ԱԺ կանոնակարգի կամ դրանով ամրագրված էթիկայի կանոննների  խախտում է, սա արդեն ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիտարկումն է: Արտահերթ հրավիրելու նախաձեռնությանը միացել էր նաև Դաշնակցությունը, որը դեռևս նախորդ գումարման խորհրդարանում է բարձրացրել մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու հարցը և  հանդես  եկել օրենսդարական նախաձեռնությամբ:
Արմեն Ռուստամյանն այսօր տեղեկացրեց, որ արտահերթը նախաձեռնող քաղաքական ուժերը նամակ են պատրաստում ՝ Էթիկայի հանձնաժողով դիմելու համար:

«Էթիկայի  հանձնաժողովը հենց  այս հարցերի քննարկման համար է եւ շատ պարզ պետք է դրվի հարցը։ Մեր կարծիքով՝ բոլոր այն պատգամավորները, ովքեր պարտավոր էին գալ, բայց անհարգելի պատճառով չեն եկել, խախտել են էթիկայի նորմերը»:

Իսկ ընդհանրապես Արմեն Ռուստամյանը կարծում է, որ խորհրդարանական մեծամասնությունը, ձախողելով արտահերթի  անցկացումը,  անպատասխանատու կեցվածք է դրսևորել:

«Հերթական անգամ հայավարի, տնավարի քայլ են կատարաել՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը անպատասխանատու մեծամասնություն է»:

 

ՀՀԿ բացատրությունը

Արտահերթին մասնակցելը խորհրդարանական մեծամասնաության քաղաքական որոշումն էր, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակացության ղեկավարը: Գալուստ Սահակյանը նախապես  ասել էր և այսօր էլ կրկնում է. «Մենք անիմաստության դաշտ չենք մտնում և քաղաքական այն թիմը չենք, որ վերակենդանացման պրոցեսի մասնակցենք»:

ՀԱԿ-ը, մասնավորապես, ըստ  Գալուստ Սահակյանի,  այս կերպ վերակենդանալու փորձեր է անում, իսկ նախաձեռնությունը,   նրա կարծիքով, ժամանակավրեպ է և ավելի շատ ուշադրություն հրավիրելու, քան խնդիր լուծելու նպատակ է հետապնդում:

Գալուստ Սահակյանը չի կարծում, որ արտահերթին չմասնակցելով Հանրապետականի ու ՕԵԿ-ի պատգամավորները սահմանադրական որևէ նորմ կամ էթիկայի կանոն են խախտել:

«Յուրքանչյուր պատգամավորի որոշելու խնդիրն է` մասնակցե՞լ նիստին, քվեարկե՞լ,  թե՞ ոչ: Պատգամավորն ունի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք»:

Խորհրդարանական  4 ուժերի ներկայացուցիչները այսօր հայտնեցին նաև, որ միասին քննարկելու են հետագա  մարտավարույթյունն ու ձեռնարկելիք քայլերը: Դա կլինի հարցի սահմանադրականությունը վիճարկելը, էթիկայի հանձնաժողովին դիմելը, թե մեկ այլ բան,  կորոշվի  համատեղ նիտում:

 

Թողնել պատասխան

Back to top button