

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգում Ընտրական օրենսգրքում և հարակից երկու օրեքներում փոփոխություններ կատարելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկներն էին, այսօր չի կայացել քվորումի բացակայության պատճառով:
Նիստին գրանցվել է 44 պատգամավոր, իսկ նիստ գումարելու համար առնվազն 66 պատգամավորի ներկայություն էր անհրաժեշտ: Գրանցվել են խորհրդարանական ընդդիմության և ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, արտահերթը բոյկոտել են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Ըստ ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորների գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց չի կարող ավելի տևել, քան 3 ժամը: Նիստի մեկնարկից 3 ժամ անց քվորումն այդպես էլ չի ապահովվել:
Ի պատասխան արտահերթի տապալման՝ ՀԱԿ ակտիվիստները Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել:
***
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ՝ 4 խմբակցությունների նախաձենած արտահերթի ձախողման հարցում խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը որքան կանխատեսելի, նույնքան էլ զարմալի է։
«Առնվազն զարմանալի է, որ մեծամասնությունը, որն իր պնդմամբ լրջագույն փաստարկներ ունի մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու դեմ, խուսափում է մասնակցել նիստին ու հրապարակավ ներկայացնել դրանք»:
Խորհրդարանական մեծամասնաության հիմնական հակափաստարկին՝ մեկնաբանությանը, թե ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ օրենսդրական նման նախաձռությամբ հանդես գալն առնվազն ուշացած քայլ է, ԲՀԿ խմբակցության քարտուղարն այսպես է արձագանքում.
«Մեծամասնսւթյան համար կամ շուտ է, կամ՝ ուշ : Մենք կարծում ենք, որ ցանկացած պատեհ առիթ և հնարավորություն պետք է օգտագործել այս խնդիրը բարձրացնելու համար»:
Եվ քանի որ ՀԱԿ-ը բարձրացրել է խնդիրը, և այն համահունչ է ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ի սկսած քաղաքական կոնսուլտացիաների օրակարգին , ուստի միացել են նախաձեռնությանը, ասում է Զոհրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ Սահմանադրության 70-րդ հոդվածն է հիշեցնում, որը պատգամավորների 1/3-ին , փաստորեն խորհրդարանական ընդդիմությանը, արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն է տալիս:
«Այդ հոդվածի ամբողջ իմաստն այն է, որ եթե անգամ որևէ հարցին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, այդուհանդերձ՝ խորհրդարանական ընդդիմությունը իրավունք ունի այդ հարցի քննարկումը նախաձեռնել և այդ քննարկումը ստանալ»:
Խորհրդարանական ընդդիմությունն այդ իրավունքը չստացավ, ինչը ՀԱԿ խմբակցության ղեկավարին թույլ է տալիս եզրահանգել, որ խախտվել է Սահմանադրությունը:
«Այն, ինչ որ այսօր արեց Հանրապետական կուսակցությունը, Սահմանադրության խախտում է»:
Ոչ միայն Սահմանադրության, այլ նաև ԱԺ կանոնակարգի կամ դրանով ամրագրված էթիկայի կանոննների խախտում է, սա արդեն ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիտարկումն է: Արտահերթ հրավիրելու նախաձեռնությանը միացել էր նաև Դաշնակցությունը, որը դեռևս նախորդ գումարման խորհրդարանում է բարձրացրել մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու հարցը և հանդես եկել օրենսդարական նախաձեռնությամբ:
Արմեն Ռուստամյանն այսօր տեղեկացրեց, որ արտահերթը նախաձեռնող քաղաքական ուժերը նամակ են պատրաստում ՝ Էթիկայի հանձնաժողով դիմելու համար:
«Էթիկայի հանձնաժողովը հենց այս հարցերի քննարկման համար է եւ շատ պարզ պետք է դրվի հարցը։ Մեր կարծիքով՝ բոլոր այն պատգամավորները, ովքեր պարտավոր էին գալ, բայց անհարգելի պատճառով չեն եկել, խախտել են էթիկայի նորմերը»:
Իսկ ընդհանրապես Արմեն Ռուստամյանը կարծում է, որ խորհրդարանական մեծամասնությունը, ձախողելով արտահերթի անցկացումը, անպատասխանատու կեցվածք է դրսևորել:
«Հերթական անգամ հայավարի, տնավարի քայլ են կատարաել՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը անպատասխանատու մեծամասնություն է»:
ՀՀԿ բացատրությունը
Արտահերթին մասնակցելը խորհրդարանական մեծամասնաության քաղաքական որոշումն էր, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակացության ղեկավարը: Գալուստ Սահակյանը նախապես ասել էր և այսօր էլ կրկնում է. «Մենք անիմաստության դաշտ չենք մտնում և քաղաքական այն թիմը չենք, որ վերակենդանացման պրոցեսի մասնակցենք»:
ՀԱԿ-ը, մասնավորապես, ըստ Գալուստ Սահակյանի, այս կերպ վերակենդանալու փորձեր է անում, իսկ նախաձեռնությունը, նրա կարծիքով, ժամանակավրեպ է և ավելի շատ ուշադրություն հրավիրելու, քան խնդիր լուծելու նպատակ է հետապնդում:
Գալուստ Սահակյանը չի կարծում, որ արտահերթին չմասնակցելով Հանրապետականի ու ՕԵԿ-ի պատգամավորները սահմանադրական որևէ նորմ կամ էթիկայի կանոն են խախտել:
«Յուրքանչյուր պատգամավորի որոշելու խնդիրն է` մասնակցե՞լ նիստին, քվեարկե՞լ, թե՞ ոչ: Պատգամավորն ունի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք»:
Խորհրդարանական 4 ուժերի ներկայացուցիչները այսօր հայտնեցին նաև, որ միասին քննարկելու են հետագա մարտավարույթյունն ու ձեռնարկելիք քայլերը: Դա կլինի հարցի սահմանադրականությունը վիճարկելը, էթիկայի հանձնաժողովին դիմելը, թե մեկ այլ բան, կորոշվի համատեղ նիտում: