Հասարակություն

Վիրահայերը բողոքի ձայն են բարձրացրել Քեսաբի խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնությունների դեմ

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Նախօրեին Վիրահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Սիրիայի հայաբնակ Քեսաբի խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնությունների դեմ:
Մինչ այդ սիրիական պատերազմում զոհվածների հոգու խաղաղության համար հոգեհանգստի արարողություն է կատարվել Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Այնհուտև վիրահայերը իրենց բողոքն են արտահայտել Վրաստանում ՄԱԿի-ի գրասենյակի ու Թուրքիայի դեսպանատան առջև` Սիրայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները դադարեցնելու ու Քեսաբի հայերի տեղահանությունը կազմակերպելու համար Թուրքիային պատասխանտվության ենթարկելու պահանջով:

Հարյուրավոր վիրահայեր  դատապարտեցին Սիրիայում Թուրքիայի գործողությունները, մասնավորապես վերջին օրերին հայաբնակ Քեսաբի խաղաղ բնակչության տեղահանությունը: «Քեսաբահայերը տեղահանվեցին Թուրքիայի իշխանությունների իմացությամբ ու աջակցությամբ,- ասաց ցուցի կազմակերպիչներից Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նրա խոսքով Թուրքիան շարունակում է այն, ինչ սկսել է 100 տարի առաջ, և ինչի համար չի պատժվել մինչ օրս:
Հավաքվելով ՄԱԿ-ի Վրաստանի գրասենյակի առջև ցույցի մասնակիցները պահաջեցին, որ միջազգային այս կազմակերպությունը արձագանքի Քեսաբի իրադարձություններին` դատապարտելով Թուրքիայի իշխանությունների ցեղասպան գործողությունները:

Նշեմ, որ Վրաստանի Հայ համայնքը դեռ սիրիական իրադարձությունների սկզբից կապ է հաստատում սիրահայերի հետ, բարեգործական միջոցառումներ կազմակերպում ու իր օգնությունը ցուցաբերում նրանց: Չիդիլյանի փոխանցմամբ, այժմ էլ գումար են փոխանցել Քեսաբահայերի օգնության համար:
«Վրաստանի Հայ Համյանք» ՀԿ վարչության անդամ Սանդրո Օհանյանը հայտնեց, որ սրանով վիրահայերը իրենց աջակցությունն են ցույց տալիս Քեսաբահայերին և ողջ Սիրիայի խաղաղ բնակչությանը, ովքեր այս իրադարձությունների զոհն են դառնում:
«Մենք նաև կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը մասնակցել ապրիլ քսանչորսյան միջոցառումներին, անցկացնել բողոքի ակցիաներ Թուրքիայի դեսպանատների առջև Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ»:

 

Back to top button