ԿարևորՔաղաքական

Սոցապ նախարար. Հաջորդ տարի կյանքն ավելի է դժվարանալու

տեղադրված է ժամը 12։59- ին
լրացված է ժամը 16։36- ին

lusinevasilyan

Այսօր խորհրդարանում քննարկել են  Բյուջե 2016-ի նախագծի սոցիալական հատվածը: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը այս անգամ  ևս սոցիալական որակումն է ստացել , քանի  որ ընդհանուր ծախսերի մոտ կեսը ՝ 45,4 %-ը,  ուղղվելու է սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահության ոլորտներին: Բուն սոցիալական պաշտպանության ոլորտին հաջորդ տարի կհատկացվի  405,5 մլրդ դրամ : Սա նախորդ տարվա հատկացումից ավելի է 15 մլրդ դրամով կամ 4 %-ով: Ավելացումը, սակայն, կառավարությունը բացատրում է ոչ թե նպաստների կամ աշխատավարձերի բարձրացմամբ, այլ տարբեր ծրագրերում ընդգրկված շահառուների քանակի ավելացմամբ:

 

Բյուջեի սոցիալական ծախսերը  նախորդ տարվա համեմատությամբ աճել են  մոտ 15 մլրդ դրամով  կամ 4%-ով  և  կազմում են ընդհանուր ծախսերի շուրջ 30%-ը:  Կառավարությունը, սակայն, ինչպես հայտնի է, 2016-ին աշխատավարձերի և նպաստների բարձրացում չի խոստանում: Թե ինչ ազդեցություն կունենա այդ չբարձրացումը աղքատության մակարդակի վրա, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առայժմ  չի շտաում գնահատել, ասում է վերջնական տվյալներ կհրապարակի վիաճակագրական ծառայությունը,  բայց չի էլ ժխտում, որ աղքատության մակարդակի վրա ուղիղ ազդեցություն ունի եկամտային ապահովվածությունը:

«Ընդհանրապես՝ աղքատությունը բազմագործոն երևույթ է, և առաջին հերթին նկատի է առնվում եկամտային ապահովվածությունը: Բնական է, որ կյանքը ավելի դժվարանալու է հաջորդ տարում»,- ասում է նա։

Իսկ  սոցիալական ծախսերի մոտ 4 %-ով կամ 15 մլրդ դրամով ավելացումը կառավարությունը   բացատրում է  շահառուների թվաքանակի ավելացմամբ, նաև  չաշխատող մայրերին նպաստ  տրամադրելու ծրագրի ներդրմամբ:

Նախ՝ թվաքանակի ավելացման մասին. ֆինանասների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր ասաց, որ   հաջորդ տարվա բյուջեում ավելացող 15 մլրդ-ի կեսից ավելին կամ  8.5 մլրդ դրամը հատկացվելու է կուտակային կենսաթոշակների համակարգին՝  պայմանավորված համակարգ ընդգրկվողների թվի ավելացմամբ:

«Մոտ 8.5 մլրդ դրամը կամ ավելացող գումարի մոտ 60 տոկոսը  տրամադրվել է կուտակային համակարգին: Սա պայմանավորված է համակարգի մասնակիցների թվաքանակի աճով: Հաշվարկի հիմքում ընկած է մասնակիցների 137 500 թիվը՝ նախորդ տարվա 118 700-ի դիմաց»:

Մոտ 4 մլրդ դրամով էլ ավելացել է մայրության նպաստի բյուջեն:   Այս ավելացումը պայմանավորված է  այս տարվա ընթացքում կատարված օրենսդրական փոփոխությամբ: Կառավարության առաջարկով, հիշեցնենք, հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվեց մայրության նպաստ  և սահմանվեց, որ այն ստանալու են ոչ միայն  աշխատող,  այլ նաև  չաշխատող կանայք՝ 140-օրյա այն ժամանակահատվածի համար, որը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ գնացողներին:

Խոսքը շուրջ 30 հազար չաշխատող մայրերի մասին է։ Չաշխատող կանանց՝ մայրության նպաստ տրամադրելը թերևս հաջորդ տարվա բյուջեի սոցիալական հիմանական փոփոխությունն է, քանի որ մյուս   ծրագրերում փոփոխություններ գրեթե  չկան կամ եղած փոփոխությունները կրկին թվաքանակի փոփոխությամբ են պայմանավորված:

Ընտանեկան նպաստի  չափը, օրինակ,  չի փոխվել, ընդհնաուր ծավալն էլ նախորդ տարվա համեմատությամբ նույնն է. ընտանելկան նպաստ 2016-ին Հայաստանում կստանա 104 հազ 865 ընտանիք, միջին  նպաստի չափը անփոփոխ է՝  30 500 դրամ:

Հաջորդ տարվա  բյուջեում պահպանվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ առաջին երկու երեխաների դեպքում՝ 50 հազար, երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան դեպքում ՝ 1 մլն, հինգերորդ և ավելի երեխաների դեպքում՝ 1.5 միլիոն դրամ:

Ավելացել է մինչև 2 տարեկան երեխաներին տրվող նպաստների բյուջեն: 2016-ի բյուջեում հաշվարկված է 13 հազար ընտանիք՝ նախորդ տարվա 11200-ի դիմաց: Կառավարությունը այս ավելացումը նախատեսել է՝ հիմնվելով  ծնունդների աճի կանխատեսման վրա:  Ըստ գործադիրի՝ 2016-ին 735-ով ավելի շատ երեխա կծնվի, իսկ դա էլ  նպաստների  ընդհանուր գումարը  կավելացնի մոտ  542 մլն դրամով:

Եվ սոցիալական հիմնական ցուցանիշներից մեկում էլ նվազում կա: Խոսքը կենսաթոշակների մասին է:  2016-ին կենսաթոշակներին նախատեսվում է  հատկացնել մոտ  224 մլրդ դրամ՝ 2015 թ. 226 –ի փոխարեն:  Պավել Սաֆարյանն ասաց, որ այս նվազումը պայմանավորված է կենսաթոշակառուների թվի նվազմամբ։

«Ըստ ժողովրդագրական միտումների՝ կենսաթոշակառուների թվաքանակը պետք է անշեղորեն աճեր, բայց տեղեկատվական շտեմարանների ճշգրտման արդյունքում ավելացում չի եղել, ընդհակառակը՝ նվազում է եղել  և այդ աշխատանքները շարունակվելու են նաև հաջորդ տարի»,- խորհրդարանում նշեց սոցապնախարարը։

 

Back to top button