Վերլուծական

Ռազմական փորձագետ. Մենք կուրորեն չենք ներգրավվում սպառազինության մրցավազքի մեջ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մենք ունենք չկարգավորված կոնֆլիկտ, բացարձակ ցուցիչներով տեսնում ենք, որ Ադրբեջանը  էապես բարձրացնում է իր ռազմական կարողությունները շնորհիվ մեր ռազմավարական գործընկեր Ռուսատանի։ Սա բերում է նրան, որ կոնֆլիկտի կողմերը կորցնում են վերհսկողույունը հենց կոնֆլիկտի գոտում»,- այսօր հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի՝ «Գլոբալ ռազմականացման ցուցիչ – 2014» ամենամյա զեկույցի մասին։ Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը աշխարհի ռազմականացված երկրների տասնյակում են։

Պաշտպանության նախարարի  խորհրդական Դավիթ Ջամալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ գուցե  առաջին  հայացքից թվա,  որ մենք  շատ  անհամաչափ ծախսեր ենք անում,բայց այս պարագայում  այլ ելք չունենք, քանի որ միայն այդ կերպ կարող ենք զսպել արևմուտքից ու արևելքից  սպառանացող թշնաբար տրամադրված հարևաններին:

Ջամալյանն ասում է, որ եթե մեզ  սպառնում են  պատերազմով, ծավալապաշտական նկրտումներով, հետևաբար՝ մենք անվտանգության  հարցերին պետք  է մոտենանք  առավել լուջ։ Սակայն  մենք կուրորեն չենք ներգարվվելու սպառազինության մրցավազքի  մեջ  ու չենք առաջնորդվելու քանակին-քանակ  հակադրելու տրամաբանությամբ: Ձեռք ենք բերում այնպիսի սպառազինություն , որը ունակ կլինի, ինչպես այժմ ընդունված է ասել  ռազմական գիտության ոլորտում, անթույլատրելի վնաս հասցնել թշնամուն` եթե նա որոշի դիմել ագրեսիայի։

Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի՝ «Գլոբալ ռազմականացման ցուցիչ – 2014» ամենամյա զեկույցի համաձայն՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն ընդգրկվել են աշխարհի ամենառազմականացված երկրների առաջատար տասնյակում։ Զեկույցը կազմելիս հեղինակները համեմատել են տվյալ երկրի ռազմական ծախսերը համախառն ներքին արդյունքի և առողջապահությանն ուղղվող ծախսերի հետ, փորձել հասկանալ, թե ընդհանուր բյուջեի որ մասն է հատկացվում ռազմական ոլորտին:

Մյուս ցուցանիշը բանակի անձնակազմի թիվն է, որը հեղինակները համեմատել են երկրի բնակչության թվի հետ` հասկանալու համար, թե ընդհանուր բնակչության քանի տոկոսն է ներգրավված ռազմական ոլորտում:  Հաջորդ չափանիշը  մեկ շնչին ընկնող ծանր զինատեսակների քանակն է:

Առաջին հորիզոնականը ըստ զեկույցի, զբաղեցրել է  Իսրայելն է, երկրորդ տեղում Սինգապուրն է, երրորդը՝ Հայաստանը, որին հաջորդում են Սիրիան, Ռուսաստանը, Ադրբեջանը:  Իսկ հարևան Վրաստանը 47-րդ տեղում է:

Ըստ զեկույցի  փորձագետների՝ վերջին տարիներին հարևան երկրներն սկսել են զգալիորեն մեծացնել ռազմական ներուժն ու սպառազինությունների համար կատարված ծախսերի ծավալը։ Նրանց խոսքով, սակայն, կովկասյան այս երկրներում տիրող իրավիճակը չպետք է դիտարկել համատեքստից դուրս։

Հակամարտող երկու կողմին էլ սպառազինություն է մատակարարում ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանը, որը 2008 թվականից սկսած բարեփոխումներ է իրականացնում նաև սեփական զինված ուժերում։

Back to top button