Հասարակություն

Ճգնաժամ բուհերում. թափուր է տեղերի 60 տոկոսը


Ընդունելության քննություններն ավարտված են, արդյունքներն ամփոփված: Պատկերը, որ արձանագրել են բուհական քննությունները, մասնագետների մի մասն աղետալի է համարում, մյուս մասը հորդորում է խուճապի չմատնվել, երրորդները առաջարկում են ճիշտ եզրահանգումներ անել: Բուհական տեղերի կեսից ավելին չի լրացվել և  թափուր է  տեղերի մոտ 60 տոկոսը:  Մասնագիտություններից մի քանիսը ռեկորդային ցուցանիշներ են գրանցել , մյուսներն առաջին անգամ են հայտնվել թափուր տեղեր ունեցողների շարքում: Ինչով են բացատրում այս միտումները կրթության  ոլորտի մասնագետներն ու ինչ են առաջարկում:

Մեր բուհական համակարգը՝ մասնավոր ու պետական հատվածներով, մոտ 20000 տեղ ունի: Այս տարի բուհ ընդունվել է մոտ 9000 դիմորդ, այսինքն՝ բուհական համակարգի տեղերի կեսից ավելին ՝ 11 հազարը կամ մոտ 60 տոկոսը,  մնացել է թափուր:  Պատկերը որոշակիորեն փոխել են  ընդունելության երկրորդ փուլի արդյունքները, բայց՝  ոչ էականորեն: Թե ինչու է այս պատկերը ձևավորվել, մասնագետները պատճառների մի ամբողջ շարք  են նշում՝ արտագաղթից, դեմոգրաֆիկ իրավիճակից մինչև օտարերկրյա բուհերի առաջացրած սուր մրցակցություն: Մասնագետների մի մասն այս պատկերը ճգնաժամային է որակում, մյուսը հորդորում է  խուճապի չմատնվել: Երկրորդ խմբում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է:

«Մեծ հաշվով ոչինչ տեղի չի ունեցել, ինչքան սովորող կարող էր դիմել՝ դիմել է, ուղղակի բուհերի քանակն է շատ և նրանց հնարավորությունն ընդունել շրջանավարտներ ավելի  մեծ է»:

Բլեյանը խնդիրներն այլ դաշտում է տեսնում՝ դպրոցում, բարձրագույն կրթության համակարգում: Համոզված է, որ այս իրավիճակից ելքեր պետք է գտնի հենց  բուհը, քանի որ ուսանողների թվի կրճատումը  խնդիրներ է առաջացնելու առաջին հերթին  իր համար:  Բուհը պետք է մտածի, թե ինչպես  է լրացնելու, ինչ նոր բան է անելու, ինչն է վերափոխելու՝ ասում է Բլեյանն ու արձանագրում, որ  բուհերի քայլերն առայժմ չի տեսնում:

«Ես ասում եմ՝ բուհ, առաջ արի: Լիարժեք օգտագործիր իրավունքներդ, ընդունելությունը կազմակերպիր, չե՞ս ուզում քննություններ, հանիր: Մեկ է՝ առանց քննության են ընդունվում»:

Ուսանողների նվազումն անակնկալի չի բերել  «Հայբուսակ» համալսարանին՝ վստահեցնում է բուհի նախագահ    Անահիտ Հարությունյանը: Իրենց համար այս վիճակն անկանխատեսելի կամ անսպասելի չէր՝ ասում է և նշում, որ  ընդամնեը 3 տարի առաջ ավագ դպրոց հաճախած աշակերտների թիվն արդեն  ենթադրել էր տալիս, թե ինչ է պատկեր ենք ունենալու  2017-18 ուստարում:  Ի՞նչ պետք է անի պետությունն այս իրավիճակում. «Հայբուսակի» նախագահն  ասում է ՝ արդեն  ոչինչ, քանի որ այն,  ինչ պետք է արվեր ժամանակին, չի արվել:

«Չե՞ք կարծում է, որ չափազանց ուշ է ազդարարել այն մասին, որ բուհական տեղերի 60 տոկոսը թափուր է մնացել: Ինչու են այդքան շատ տեղեր   ընդհանրապես գոյացել հայաստանյան բուհերում արհեստական ձևերով և ինչ նպատակ են հետապնդել»:

Տիկին Հարությունյանն ասում է ՝ ունի իր դիտարկումները, թե ինչու է բուհական համակարգում առաջարկը 2 անգամ ավելի շատ, քան պահանջարկը:                             Չի ժխտում, որ այս վիճակը հատկապես  ծանր է անդրադառնալու դասախոսական կազմի վրա, քանի որ բազմաթիվ մասնագիտությունների դասախոսներ մնալու են առանց աշխատանքի: Ասում է՝  կոնկրետ իրենք  փորձելու են   դասախոսների համար ինչ-որ զբաղվածություն ապահովել, իսկ բացասական միտումներն իրենց էլ չեն շրջանցել:

Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում դերասանի վարպետության դասախոս և  ամբիոնի վարիչ է:  Այս տարի եղել է նաև ընդունող հանձնաժողոի նախագահ: Նախ մի այսպիսի վիճակագրություն է ներկայացնում՝  այս տարի ինստիտուտն ավարտել է 5 դերասանական կուրս, ամեն կուրսը 17-ից 20 հոգի, Ընդունվել է 2 կուրս: Բայց ընդունվել են գրեթե բոլորը, ովքեր դիմել են:

Ձայն «Ընդունել ենք  բոլոր նրանց, ովքեր կարող էին բերանը բացել: Փակելու մասին էլ չեմ ասում: Փակում էինք մենք ինքներս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ գործողություն է կատարվում»:

Այս իրավիճակի հիմնական պատճառը  Բաբայանը տեսնում է այլ  տեղում:

«Խոսքը բուհերի հիմնական ֆինանսավորումը ուսանողների հաշվին իրականացնելու մասին է, որը բուհի մակարդակն է իջեցնում։ Բուհի կարևոր խնդիրն է՝ փող ունենալ, անկախ գիտելիքներից ամեն ձևով պահել, հիմա եկանք ավելի վատ վիճակի, չնայած դիմորդների պակաս է, և ընդունվել են բոլորը, ովքեր դիմել են»:

Բաբայանը համոզված է, որ բուհական համակարգում մասնագիտությունների վերանայումն ու մասնագիտական շուկայի կառավարումը օրախնդիր են: Պետությունն, ըստ նրա,  պետք է ունենա բուհական հատուկ մարկետինգ և կարողանա պատճառաբանել, թե որ մասնագիտության համար ինչու և որքան տեղ է հատկացնում:

Back to top button