Տնտեսական

Գործարար համաժողով՝ հայ եւ տաջիկ գործարարների մասնակցությամբ


Նոր փուլ հայ-տաջիկական հարաբերություններում: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր նաեւ կազմակերպվել էր Հայաստան-Տաջիկստան գործարար համաժողով: Տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող 29 տաջիկ եւ 130 հայ գործարար էր մասնակցում:

Երկու երկրների տնտեսական հատվածի ներկայացուցիչներն այնքան էլ գոհ չեն տարեկան 350 հազար դոլարի առեւտրատնտեսական շրջանառությունից: Կա դեռեւս մեծ ներուժ, որը օգտագործված չէ՝ ասում է Հայաստանի տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը:

Հայաստանցի գործընկերոջ այս գնահատականը կիսեց նաեւ Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան. «Անշուշտ, դա  չի արտացոլում այն հնարավորությունները, որոնք ունեն մեր երկրները: Մենք նպատակադրված ենք հետագայում մեծացնելու դրանք: Անկասկած Հայաստանը հուսալի գործընկեր է եւ մենք պատրաստ ենք ջանք գործադրել՝ ավելի լայն գործակցության համար»,-ասաց Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:

Համագործակցությունն ակտիվացնելու եւ ներուժն օգտագործելու համար ստեղծվել է հայ-տաջիկական աշխատանքային խումբ: Երկու երկրները կկազմեն արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքատեսակների ցուցակ:

Սուրեն Կարայանին լսենք. «Կփորձենք վերացնել բոլոր խոչընդոտները: Մենք միաժամանակ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկու երկներում էլ կառանձնացնենք դիստրիբիցիոն ընկերություններ, որ մեկը մյուսի հետ կապվի եւ այդ ընկերությունների միջոցով ներմուծումներն ու արտահանումներն իրականացվեն»:

Ծրագրերի մեջ է նաեւ համատեղ կոոպերացիաների ստեղծումը՝ թեթեւ արդյունաբերության, ոսկերչության ոլորտներում փոխգործակցելու համար: Ոսկեգործությունը տնտեսական կամրջի հիմքերից է: Հայ ոսկերիչները ցանկանում են տաջիկական ձուլածո ոսկին այստեղ վերամշակել, գեղեցիկ տեսք տալ և արտահանել՝ ասում է Հայաստանի տնտեսական զարգազման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը:

«Սկզբնական շրջանում իրենց ոսկին մենք կմշակենք, կվերածենք ոսկերչական արտադրանքի եւ կուղարկենք իրենց»:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ այս առաջին խոշոր գործարար ֆորումը հարմար հարթակ է՝ երկու երկրների շուկաները մերձեցնելու ու արտահանման ծավալները մեծացնելու համար:

Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանն ասաց, որ բավականին սպասելիքներ կան:

Տաջիկական գործարար պատվիրակությունից «Տաջինվեստի» գլխավոր տնօրեն Զաբիրզոդե Նիքրուիխանջան ասաց, թե պատահական չէ, որ տարբեր ոլորտների խոշոր ընկերություններ ներկայացնող գործարարներ են եկել Հայաստան.

«Նրանք շատ հետաքրքրված են աշխատելու հայ գործընկերների հետ՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար: Որոշ ոլորտներում Հայաստանը առաջատար դիքեր ունի, հատկապես՝ ռուսական շուկայում: Մենք ցանկանում ենք  օգտվել հայկական ձեռնարկությունների փորձից. կազմավորել դեղամիջոցների արտադրության համատեղ ձեռնարկություններ: Շատ ենք ցանկանում, որպեսզի Հայաստանի ձեռնարկությունները մեր ընկերությունների հետ մասնակցեն հիդրոէներգետիկ, լեռնարդյունաբերական եւ այլ ծրագրերի: Մեզ հիմա շատ հետաքրքրում է նաեւ զբոսաշրջությունը: Հյուրանոցային բիզնեսն է շատ զարգանում եւ մենք ցանկանում ենք, որ մեր հայ գործընկերները մասնակցեն այդ նախագծերին»:

Հայաստանցի եւ տաջիկ գործարարները հույս ունեն, որ ստորագրված ու ստորագրվելիք փաստաթղթերով Հայաստանն ու Տաջիկստանն անցնելու են համագործակցության ակտիվ զարգացման գործնական նոր փուլի:

Back to top button