Քաղաքական

ԱԺ ճեպազրույցները՝ ԱԺ եռյակի հանրահավաքի մասին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական ավանդական ճեպազրույցնրն այսօր նվիրվել են ոչ թե խորհրդարանական քառօրյա աշխատանքին, այլ՝ խորհրդարանական եռյակի այսօրվա հանրահավաքին: Հավանաբար կանխատեսելով, որ բոլոր հարցերը կապված են լինելու հանրահավաքի հետ ԲՀԿ խմբակցությունն ընդհանրապես չէր եկել ճեպազրույցի:

Դեռեւս քառյակի մաս կազմող դաշնակցականները, որոնք, սակայն, հանրահավաքների մասով չեն համագործակցում, իրենց գործընկերներին խորհուրդ են տալիս զերծ մնալ երկու բանից՝ արյունահեղությունից եւ հիասթափությունից: Նույնը պնդում են նաեւ եռյակի ներկայացուցիչները:

«Որեւէ խոսք, ինչքան էլ խելացի, քաղաքագիտական եւ էմոցիոնալ լինի, իր արժեքն արդեն կորցրել է: Իսկապես, պետք է գնալ գործողությունների: Այսօրվա միտինգը չի լինի այն գեղեցիկ կարգախոսներով խոսքերի, եզրույթների հանրահավաք»,- ասել է «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը։

Հանրությունը չեն հիասթափեցնելու, խոստացավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ թվարկելով բոլոր այն բացասական հետեւանքները, ինչին կարող է բերել գործողությունների ձգձգումը:

Ճեպազրույցի ընթացքում անակնկալ հայտարարություն արեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բադասարյանը՝ իրենք էլ են իշխանափոխության կողմ։ «ՀՀԿ՝ ինքն է, ձեռնամուխ եղել իշխանափոխության՝ իր առաջարկյած սահմանադրական փոփոխություններով: Մենք առաջարկում ենք մոդելի փոփոխություն, որն ըստ էության նշանակում է իշխանափոխություն: Եթե մարդկանց ենք մարդկանցով փոխելու՝ դա այլ խնդիր է: Այս իշխանության մեջ այդ մարդիկ բոլորը եղել են, որոնք որ կանգնած են հարթակում: Իրենց ձեւակերպումները ես լավ չեմ հասկանում, ճիշտ չի դրվում ձեւակերպումները»,- ասաց նա։

Վահրամ Բաղդասարյանը խոստովանեց, որ հանգիստ նստած՝ իր սենյակում «օն-լայն» հետեւելու հանրահավաքին։

 

Back to top button