ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սահմանազատում՝ ներքին ու արտաքին պահանջներով

Այսօր մոտ մեկ ժամ փակ են եղել Ապարան-Երևան, Գյումրի-Երևան  միջպետական մայրուղիների տարբեր հատվածներ, փողոցներ են փակվել ու բացվել նաև Երևանի կենտրոնում։  Իսկ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում Վրաստան տանող ճանապարհը փակ է արդեն մի քանի օր՝ ապրիլի 19-ից։ Այդ օրը Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին» համապատասխանեցնելու վերաբերյալ։ Տեղի բնակիչները դեմ են գործընթացին, տեղի ունեցողը միակողմանի զիջում են համարում։

Իշխանությունը, մինչդեռ, համոզված է, որ գործընթացում առաջին ձեռքբերումներն արդեն կան։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դժվարանում է ասել, թե որն է լինելու հաջորդ քայլը, բայց վստահեցնում է, որ փորձելու են  սահմանազատումը շարունակել մինչև Մեղրի։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս պահի դրությամբ կա սահմանազատված 10-12 կմ սահման․ այս իրողությունը փաստում են և՛ Երևանում, և՛ Բաքվում։ Տավուշի մարզի  հարակից տարածքում Ադրբեջանին փոխանցվող հատվածների դիմաց ի՞նչ է ստանում Հայաստանը․ հարցի պատասխանն ակնհայտ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։

«Այնտեղ երկու եռանկյունի կա, դուք քարտեզը տեսել եք։ Մի տեղ հայկական ուժերն են առաջ, Բերքաբերի հատվածում, մի տեղ ադրբեջանական ուժերն են Հայաստանի տարածքում։ Եվ այս ամբողջ գործընթացը հենց այս պրոցեսը սկսելու, ճշգրտումը իրականացնելու սկիզբ է։ Ես անկեղծ շատ ուրախ եմ, որ մենք եկել հասել ենք նրան, որ արդեն սյուներ ենք տնկում և ֆիքսում ենք սահման։ Չէ՞ որ սահմանը ֆիքսվում է ոչ միայն հայկական կողմի համար, այլ նաև ադրբեջանական կողմի համար։ Դա նշանակում է, որ Ադրբեջանն ընդունում է, որ այդ սյունից այն կողմ ՀՀ-ն է ։ Աշխարհի ամենաուժեղ բանն է։ Սահման է ստանում, սահմանն է իմ երաշխիքը, լեգիտիմ սահմանը։ Դրանից մեծ երաշխիք, կարծում եմ, աշխարհում որևէ մեկը չի հորինել։ Մենք պետք է ընդհանրապես «պատերազմ» մտածելակերպը հանենք օրակարգից, թե՛ ադրբեջանական, թե հայկական օրակարգից։ Դա է երաշխիքը»։   

Մինչդեռ գործընթացի մասին այլ կարծիքի են սահմանազատվող տարածքների հարակից բնակավայրերի բնակիչները։ Որպես անհամաձայնությունն արտահայտելու ձև ընտրել են Երևանի և մի շարք ճանապարհների երթևեկության արգելափակումը։ Օրվա ընթացքում պարբերաբար փակվել են տարբեր ճանապարհներ Երևանում, ինչպես նաև Երևան-Գյումրի, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում, Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում, Երևան-Մեղրի, Ապարան-Վանաձոր ճանապարհը Ալագյազի, Հայաստան-Վրաստան ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածներում։ Բոլոր կետերում իրավիճակը ժամանակ առ ժամանակ գերլարվում էր։

Մինչ ընդդիմադիր պատգամավորների մի մասը սահմանազատման դեմ բողոքող մարդկանց շարքերում է՝ վստահեցնելով, որ ակցիաները շարունակական են լինելու, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարում է։

«Տեսնում եմ, որ որոշ սադրիչներ, նույն դերակատարները, որոնք «5-րդ շարասյուն» են հանդիսանում մարդկանց հույզերի վրա և ինչքան հնարավոր արժեք կա դրանք շահարկելով փորձում են մարդկանց հրահրել։ Քանի դեռ իրենք ժողովրդին ոչինչ չունեն առաջարկելու, իսկ իրենք չունեն ոչինչ ժողովրդին առաջարկելու, իրենք այդպես 20-30-40 հոգով հավաքվելու են, գոռգռան և գնան տներով։ Սպեկուլյացիաներ են անում։ Երրորդ երկրի կողմից դրդմամբ զբաղված են Հայաստանի և Ադրբեջանի մեջ կոնֆլիկտ հրահրելու գործով, որպեսզի հարցը լուծող հայտնվի և գան խաղաղապահները։ Պետք չէ մեզ խաղաղապահ, մեզ պետք է, որ մեր սահմանը վերահաստատենք։ Այն բնակիչը, որը ապրում է այդտեղ, ինքը չգիտի, որ երբ 91 թվականին անկախացել ենք, այս սահմանով ենք անկախացել։ Թե՞ այն տրամաբանությունն է՝ որտեղ մեր զինվորը կանգնած է, դա մերն է։ Բա որ իր զինվորը եկավ դպրոցից ոչ թե 100 մետր հեռու, այլ 100 մետր հետո, այդ ժամանա՞կ ինչ ենք անելու»։

Իշխանությունների մտադրությունը փոխանցելով՝ ԱԺ նախագահը նշում է, որ ցանկանում են սահմանազատել ամբողջ սահմանը մինչև Մեղրի, բայց դժվարանում է ասել, թե հաջորդ քայլը որն է լինելու։ Վստահեցնում է, որ շրջանառության մեջ դրված 29 800 քառակուսի կիլոմետրից ոչ մի հատված չի զիջվելու Ադրբեջանին։

Մինչդեռ հաջորդ քայլերի մասին ազդակներ հնչել են Բաքվից։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ին տված հարցազրույցում թեև նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են Խաղաղության պայմանագրի կնքմանը, որ սահմանազատման պայմանավորվածությունները ձեռք են բերել առանց երրորդ կողմի միջամտության՝ երկկողմ բանակցությունների միջոցով, բայց զուգահեռաբար առաջ է քաշել նոր պահանջներ՝ մինչև պայմանագրի կնքումը։ Նրա խոսքից կարելի է առանձնացնել երեք դրույթ․առաջին երկուսն արդեն հայտնի էին՝ «Զանգեզուրի միջանցք» և ՀՀ Սահմանադրության ու Անկախության հռչակագրի փոփոխություն։ Որպես նոր պահանջ է ներկայացվում  անհանգստությունը Հայաստանի ԶՈՒ բարեփոխմանն ուղղված կոնկրետ երկրների ռազմական աջակցության առնչությամբ։

Այս և մյուս հայտարարությունները ԱԺ նախագահը չի մեկնաբանում՝ դրանք  համարելով ներքին լսարանին ուղղված ուղերձներ կամ Ռուսաստանի և Թուրքիայի հետ սակարկելու նոր թեմաներ։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ այս հարցում գոյություն ունի վտանգավոր դիսբալանս։

«Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն։ Որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը։ Երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, որը Ադրբեջանի կողմից ձեռք բերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելին չէ և՛ ֆինանսական, և՛ ծավալի առումով, մենք նաև այդ հայտարարությունները անարձագանք չենք թողնում»։

Հայաստանի արձագանքել է պատասխան առաջարկներով։ Առնվազն 3 առաջարկ է եղել հայկական կողմից, որոնց Ադրբեջանը մինչ այս պահը չի պատասխանել։  

Առաջարկվել էր սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել՝ սպառազինությունների մրցավազք չսադրելու համար, կրկնվել էր 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշման առաջարկը։ Նաև մինչև «Խաղաղության պայմանագրի» շուրջ համաձայնություն ձեռք բերելը Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է «Չհարձակման վերաբերյալ» համաձայնագիր ստորագրել։ Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ Բաքվի հետ աշխատանքը պետք է շարունակվի հենց այս տրամաբանությամբ։

Back to top button