ԿարևորՔաղաքական

Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Թավրիզ): Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ և ձգտելու է առավել զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

2022 թ. Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի:

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ 2022թ. հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի  Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ըստ հիմնավորման՝ ծրագրի իրականացման նպատակով ՎԶԵԲ-ից ներգրավվել են 14.6 մլն եվրո ծավալով վարկային և 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արևելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության («E5P») տարածաշրջանային հիմնադրամից: Համաձայնագրով կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը

Back to top button