Քաղաքացիական հասարակությունը ընտրական օրենսգրքի փոփոխություններ է առաջարկում


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/11/261112elections.mp3
Հասարակական մի շարք կազմակերպություններ հանդես են գալիս Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով: Նրանք առաջարկությունների փաթեթ են մշակել, որն այսօր ներկայացվել է հանրային քննարկման: Օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները, ըստ հեղինակների, նպատակ ունեն օրենսդրորեն նվազեցնել հնարավոր խախտումների ու ընտրակեղծիքների հնարավարությունները:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ առաջարկները մշակվել են վերջին խորհրդարանական ընտրությունների դիտարկամն ու, այսպես ասենք, դրանց դասերը հաշվի առնելով:
«Համատեղելով մեր ջանքերը՝ իրականացրեցինք ուսումնասիրություն և փորձեցինք վեր հանել այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս, չեն ապահովում ազատ և արդար ընտրուրթյհունների անցկացումը կամ կասկածի տակ են դնում դրանց լեգիտիմությունը: Մենք խիստ կարևորում ենք այն հանգամանքը, որ Ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարվեն մինչև նախագահական ընտրությունները»:
Փոփոխությունները վերաբերում են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրական ցուցակների ուռճացված լինելու մտավախություններին, բողոքարկման մեխանիզմներին ու ժամկետներին, թեկնածուների և կուսակացությունների նախընտրական հիմնադրամներին:
Հասարակական կազմակերպությունները, մասնավորապես, առաջարկում են նախընտրական քարոզչության ժամանակ եւ դրա մեկնարկից 3 ամիս առաջ օրենսդրորեն արգելել թեկնածուների մասնակցությամբ կամ նրանց անունից կազմակերպվող տարաբնույթ բարեգործական միջոցառումները:
Կետերից մյուսով առաջարկում են ընտրակաշառք ստանալուց հետո երեք օրվա ընթացքում հաղորդում ներկայացողին ազատել քրեական պատասխանատվությունից: Քաղաքացիական հասրակության ներկայացուիչները առաջարկում են նաև վերանայել ընտրական գրավի չափը: Ըստ նրանց՝ սահմանված չափերը մատչելի չէ ընդդիմադիր կամ նոր ձևավորված ուժերի համար, ուստի նպատակահարմար են համարում ընտրակգրավը կիսով չափ նվազեցնելը:
«Միգուցե մեր ոչ բոլոր առաջարկությունները կարող են հաշվի առնվել՝ տեխնիկական նկատառումներից ելնելով, բայց որոշ փոփոխություններ պարզապես անհրաժեշտ է կատարել Ընտրական օրենսգրքում, որպեսզի հարցականի տակ չդրվեն ընտրությունների արդյունքներն ընդհանրապես»:
Նոյեմբերի 21-ին Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցությունը արտահերթ նիստ էր նախաձեռնել ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով: Նիստը չկայացավ, խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտեց այն՝ մեկ հիմնական հակափաստարկով. Ընտրություններին քիչ ժամանակ է մնասցել ու փոփոխությունների նախաձեռնությունը ժամանակվրեպ է: Ի՞նչ է այդ դեպքում ակնկալում քաղաքացիական հասարակությունը:
«Մենք հասկանում ենք, որ քիչ ժամանակ է մնացել ընտրություններին, բայց նաև կարծում ենք, որ առաջին հերթին իշխանությունները պետք է շահագրգիռ լինեն լեգիտիմ ընտրություններ անցկացնելու հարցում»:
Իշխանությունները շահագրգիռ են, բայց ընտրություններից մի քանի ամսի առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել չեն պատրաստվում, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Ընդհանրապես Ընտրական օրենսգիրքը չպետք է փոխվի ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում: Սա ոչ թե ուղղակիորեն գրված կանոն է, այլ՝ փորձից ծնված մոտեցում: Այս տեսանկյունից հազիվ թե կատարենք որևէ փոփոխություն ընտրական օրենսգրքում»:
Առաջարկությունների մի մասը, ըստ Հարությունյանի, արժանի է դիտարկման, մի մասն ի սկզբանե մերժելի է, կան նաև այնպիսինները, որոնք ընդունման դեպքում որոշ խնդիրներ լուծելու են, բայց նաև նոր խնդիրներ են ստեղծելու: Հանրապետական գործչի ամփոփմամբ ՝ ընտրությունների նկատմամբ վստահության խնդիրը ոչ այնքան բովանդակային հարցերի, որքան քաղաքական գործընթացների տիրույթում է: