ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և սրում են իրավիճակը տարածաշրջանում։
Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին Ստեփանակերտում Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված իրենց առաջարկությունները։
Զրուցակիցները քննարկեցին դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռանախագահների հետ հանդիպման հնարավորությունը։