Երկրորդ շնչառություն

70-ից հետո գտած հոբբին՝ աշխատանք ու կենսակերպ․ «Երկրորդ շնչառություն»

Դպրոցական տարիներից թատերական արվեստին հաղորդակից Էդուարդ Տեր-Սահակյանը, տասնամյակներ շարունակ մասնագիտական գործունեության ընթացքում կուտակած նյութերի, մտքերի ու հանդիպումներից լցվելով, 70 տարեկանից հետո դարձել է կոլաժիստ՝ ստեղծելով ասամբլյաժներ՝ տարածական պատկերներ: Սկսելով լուսավորողից՝ դարձել է օպերատոր, ռեժիսոր ու վավերագրող:

Զրուցակիցս պատմում է Մեծ եղեռնից մազապուրծ հոր պատմությունն ու ծնողների դժվար կյանքի մասին: Աշխատասիրության, հնարամտության և ստեղծարար մտքի շնորհիվ կարողանում է հաղթահարել դժվարություններն ու հաջողություններ արձանագրել: Հեռուստատեսությունում սկսել է աշխատել որպես լուսավորող, իսկ դեպի տիեզերք թռիչքն էկրանից նկարելն արդեն ճակատագրական է եղել: Նա արդեն քանի տասնամյակ առանց ֆոտոապարատի կյանք չունի, քայլ չի անում:

Տեր-Սահակյանի տեսախցիկը տարիներ շարունակ ֆիքսել է հայ մեծերին՝ Վահրամ Փափազյան, Շարլ Ազնավուր, Խորեն Աբրահամյան, Մարտիրոս Սարյան, Սոս Սարգսյան և այլն:

«Համացանցում շատ են իմ լուսանկարները, բայց ես հեղինակային իրավունքի հետևից չեմ գնում, թող օգտագործեն: 500-ից ավելի այդպիսի արժեքավոր լուսանկարներ ունեմ, չգիտեմ, թե ինձանից հետո ինչ է լինելու դրանց հետ։ Ուր գնացել եմ ապարատը հետս է եղել, ուր գնացել եմ փորձել եմ ֆիքսել պահը և մարդուն»,— հիշում է նա և մեր զրույցի կեսից հանկարծ որոշում, որ այդ պահը պետք է միանշանակ անմահացվի:

Լուսանկարների արխիվը հարստացել է նաև Սերգո Երիցյանի հետ «Կարծիք» հաղորդաշարի թողարկումները տեսագրելիս Հայաստանում և արտերկրում:

Թոշակի անցնելուց հետո Էլ Տեր-Սահակյանի՝ տարածական, 3D կոլաժներ պատրաստելու հոբբին է սկսել կլանել նրան այն աստիճան, որ արդեն երկու անհատական ցուցահանդես է ունեցել: Արդեն մի քանի տարի նա փոքր աշխատատեղ ունի Երևանի թիվ 135 դպրոցում, որտեղ գիտելիքներն ու հմտություններն է փոխանցում երեխաներին:

Back to top button