Երկրորդ շնչառություն

Ապրել հանուն զոհված ընկերների հիշատակի ու նրանց փոխարեն․ 101 տարեկան Ռոզալիա Աբգարյան․ «Երկորդ շնչառություն»

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, վաստակավոր ուսուցիչ, Ռոզալիա Աբգարյանը, որ այս հունիսին դառնալու է 101 տարեկան, ինքնուրույն՝ առանց որդիների ու թոռների օգնության, իր ոտքով հասել է Հանրային Ռադիոյի 4-րդ հարկի տաղավար:

Լավատես է, բարի, նախանձելի պայծառ միտք ունի և հպարտությամբ նշում է, որ այս տարիքում էլ սիրում է կյանքը և նաև դա է պատճառը, որ առողջ ու ակտիվ կենսակերպ ունի:

«Շատ լավ նշեցինք իմ հարյուր տարին և լիցքավորվեցի հետագա կյանքիս համար»,-ասում է նա՝ հավելելով, որ ապրել են նաև հանուն զոհված ընկերների հիշատակի ու նրանց փոխարեն:

Տիկին Ռոզալիան մասնակցել է Արևելյան Եվրոպայի՝ Հունգարիայի, Լեհաստանի ու Չեխիայի ազատագրմանը, վիրավորվել Ստալինգրադի մատույցներում, վիրահատվելուց և դեռ լիարժեք չկազդուրված նորից մեկնել մարտի դաշտ:  

Ցեղասպանությունը վերապրած և ընտանիքը կորցրած նրա հայրը 20-րդ դարի 20-ականներին հայտնվում է Գանձակում, ամուսնանում երկրորդ անգամ ու տեղափոխվում Թիֆլիս, որտեղ և լույս աշխարհ է գալիս Ռոզալիան:

Նա դպրոցում լավ է սովորել, ամեն հարցում առաջինն է եղել: «Երբ սկսվեց պատերազմը մենք նոր էինք ավարտել դպրոցը, անգամ հարց չծագեց, որ պետք է մեկնեինք ռազմաճակատ՝ պաշտպանելու մեր հայրենիքը»,-պատմում է նա՝ հիշելով, որ ռադիոօպերատորի մասնագիտություն ստանալուց հետո բեռնատար գնացքով են մեկնել ռազմաճակատ:

Զրկանքներով լի տարիներ, նահանջ մինչև Կովկասի նախալեռներ, իսկ հետո արդեն զինակիցների հետ հայրենիքն ազատագրելով հասնել են Չեխիա: «Չորս տարի ռազմաճակատում ես աղոթում էի, որ չզոհվեի, երազում էի լողանալու, մաքուր անկողնում պառկելու, մի բաժակ քաղցր թեյ վայելելով գիրք կարդալու մասին»,- ապրումները վերհիշում է նա:

Տիկին Ռոզալիան վաստակավոր մանկավարժ է, տասնամյակներ շարունակ նա ռուսերեն է դասավանդել ու հայրենասիրության՝ հենց իր օրինակով բացատրում է, որ այլ ելք չկա, Արցախի կորստից հետո էլ պետք է ուժ գտնել ու շարունակել ապրել, օգնել հայրերին կորցրած երեխաներին ոտքի կանգնել:

Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը տեղեկացնում է, որ այսօր վետերաններից 17-ն ավելի քան 100 տարեկան են, և մեծ վաստակ ունեցող այդ մարդկանց մեկդարյա տարեդարձները նշվում են մեծ շուքով: Նրա խոսքերով, վետերանների երկարակեցության պատճառը նրանց առողջ կենսակերպն ու սովորույթներ են:

«Նրանք չեն ծխում, չեն խմում, զերծ են վնասակար սովորույթներից, և, կյանքն սկսելով ամենադժվար կետից՝ կենաց ու մահու պայքարից, և հաղթանակ տանելով, իրապես հասկանում են կյանքի արժեքը»,-կարծում է գնդապետը:

Նրա խոսքերով, ազգային գաղափարախոսության պակասն է այսօր մեր երկրի գլխավոր խնդիրը: «Ամեն մեկը պետք է իր աշխատանքը կատարի: Եթե դուք հովիվ եք, ձեր գործով զբաղվեք, զինվորականներն էլ իրենց գործը կանեն»,- վստահ է զինվորականը:

Անդրադառնալով Արցախի կորստին ու վերջին տարիների ցավալի իրադարձություններին՝ Ս.Եսայանն ընդգծում է, որ Արցախի ազատագրման, քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակիցների սխրանքն անուրանալի է, նրանց անունները հավերժ մնալու են մեր պատմության հաղթական էջերում: Կոչ անելով չհուսահատվել, քանի որ թունելից մեր ժողովուրդն անպայման դուրս է գալու, նա մեջբերում է Համո Սահյանին. «Ու եթե մի օր մրրիկ բարձրանա, մայիսի 9-ով պիտի վերջանա…»։

Back to top button