Երկրորդ շնչառություն

Ֆիզիկական ակտիվության և կոնգնիտիվ վարժանքների խմբակներ՝ տարեցների համար․ «Երկրորդ շնչառություն»

Երևանի ութ վարչական շրջանների դպրոցներում մեկնարկել են ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախատեսված՝ ֆիզիկական ակտիվության ու կոգնիտիվ վարժանքների խմբակների աշխատանքները: Անցած տարի հունիսին իրականացված փորձնական ծրագիրը ցույց է տվել, որ մեծահասակները կարիք ունեն նման խմբակների, դրանք էականորեն բարելավում են նրանց կյանքի որակը:

«Աննախադեպ էր մարդկանց մասնակցությունը, նույնիսկ մենք չէինք սպասում, որ մեր հասարակության մեջ ավագ սերնդի մարդիկ այդքան կարիք ունեն ֆիզիկական վարժությունների, և՛ առողջության և՛ հոգեբանության վերաբերյալ զրույցների»,-ասում է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Ավագ սերնդի՝ ֆիզիկական ակտիվության խմբակների ղեկավար Սվետլանա Ավագյանը:

Նրա խոսքերով, դասընթացի ավարտին տարեց մարդիկ պնդել են, որ ծրագրի շարունակականությունն ապահովվի, որովհետև իրենք իրենց վրա զգացել են առողջական վիճակի բարելավումը, տրամադրության ու հոգեբանության դրական փոփոխությունները:

«Շնորհակալություն կառավարությանը, որ հաշվի առնելով մարդկանց արձագանքները, միջոցներ գտավ ծրագիրը շարունակելու համար»,- եզրափակում է Ս.Ավագյանը: Նրա խոսքերով, ֆիզիկական ակտիվության վարժանքների հիմքում ճիշտ շնչառությունն է, մարդը կյանքը սկսում է շնչով ու ավարտում արտաշնչով ու շնչառության նշանակությունը մարդու կյանքում պետք է չթերագնահատվի:

«Կանա» կենտրոնի հոգեբան, կլինիկական հոգեթերապևտ Մանյա Ասլանյանը նշում է, որ տարեցների մտավոր ու կոգնիտիվ գործառույթները խթանելու, հիշողությունը բարելավելու՝ ի սկզբանե երեխաների համար նախատեսված ծրագիրը ադապտացրել են մեծահասակների համար, և անհատական պարապմունքների ժամանակ համոզվել են դրա արդյունավետության մեջ:

«Տարեց մարդիկ զանգում և խնդրում էին օգնել, ասում էին, գիտեք, ես իմ տղայի հեռախոսահամարը չեմ հիշում: Մենք որդեգրեցինք մոտեցում, որ տարիքը կապ չունի, ցանկացած տարիքում էլ մարդ կարող է սովորել, եթե ունի ցանկություն»,— պատմում է Մանյան:

Հասկանալով և գնահատելով տարեցների կարիքները՝ «Կանա» կենտրոնը հատուկ մեծահասակների համար մշակել է նաև աշխատանքային տետր, որը նրանք կիրառում են դասընթացի ժամանակ, ստանում ու կատարում են տնային առաջադրանքներ:

Ծրագիրը կշարունակվի մինչև տարեվերջ, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել՝ դիմելով իրենց բնակավայրին մոտ դպրոցներ:

Back to top button