Երկրորդ շնչառություն

Դեմքի յոգան՝ պարանոցի և դեմքի երիտասարդեցման դանդաղ, բայց արդյունավետ միջոց․ «Երկրորդ շնչառություն»

Դեմքի և պարանոցի երիտասարդեցման դանդաղ, բայց արդյունավետ միջոցներից մեկն էլ դեմքի յոգան է: Չորային կլիման, արևը և զգացմունքները բուռն արտահայտելու հայկական սովորությունն անկնճիռ մեծանալու շանսեր չեն թողնում Հայաստանում և ոչ մեկի համար:

Միջազգային որակավորում ունեցող յոգայի մարզիչ Լենա Դավթյանը ներկայացնում է մերսումների, շնչառական ու մկանային վարժությունների ու խնամքի ամբողջական մոտեցում դեմքի երիտասարդության պահպանման համար:

«Տարիքի հետ մեր օրգանիզմը ջրազրկվում է, և մեր մկանները սկսում են թուլանալ նաև դեմքի և պարանոցի հատվածներում»,- բացատրում է նա՝ կարևորելով հատկապես տարվա այս եղանակին արևապաշտպան քսուկների օգտագործումը, ջրի անհրաժեշտ քանակն, առողջ սնունդն ու կենսակերպը:

Այս տարի Ինդոնեզիայում դեմքի յոգայի վերապատրաստում անցած մասնագետն ասում է, որ չափազանց կարևոր է նաև ընկալումը, տվյալ անձի տրամադրվածությունը հարցին: Դեմքի յոգան երկարատև մեթոդներից է, պահանջում է կամք ու համբերություն, առանձին կիրառելն արդյունավետ չի լինի, և հանդիսանում է ընդհանուր յոգայի և առողջ կենսակերպի բաղկացուցիչ մասն ու շարունակությունը:

«Դեմքի յոգայով հետաքրքրվում են հատկապես ինքնաբավ, կայացած կանայք: Վերջերս նկատում եմ նաև հետաքրքրվածություն տղամարդկանց կողմից, հիմնականում ոչ հայ»,-ասում է Լենան:

Նրա խոսքերով, օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան, վարժությունների խումբը կատարելով 10-15 րոպե, արդյունքը տեսանելի կլինի: Համեմատելով մարդկանց մոտեցումը դեմքի գեղեցկությանն ու թարմությանը ասիական երկրներում և մեզ մոտ՝ զրուցակիցս նկատում է, որ մենք հաճախ տրվում ենք գեղեցկության պարտադրված չափանիշներին՝ կորցնելով բնական միջոցների օգնությամբ գեղեցկությունը խնամելու և պահպանելու ցանկությունը:

Back to top button