Երկրորդ շնչառություն

86 ամյա ՀՀ ժողովրդական նկարիչ Թաթոսի երկարակեցության բանաձևը բնության հետ ներդաշնակության և այստեղ ու հիմա ապրելու կարողության մեջ է․ «Երկրորդ շնչառություն»

ՀՀ ժողովրդական նկարիչ Թաթոսը՝ Հրանտ Թադևոսյանը, թեև այս գարնանը նշել է ծննդյան 86-ամյակը, աստիճաններով նախանձելի թեթևությամբ է բարձրանում Հանրային Ռադիոյի չորրորդ հարկի տաղավար: Զարմանում է, որ զարմանում ենք, բացատրում է՝ շատ հաճախ է բարձունքներ հաղթահարում, բնապաշտ է, Հայաստանի բոլոր գողտրիկ անկյուների տեղերը գիտի, չի դադարում հիանալ ու արտացոլել այդ հիացմունքը բնապատկերներում։

«Հայաստանում չնկարվող անկյուն ու եղանակ չկա: Երբ բնության գրկում ես ու էությանդ մեջ զգում ես օզոնի թարմությունը, կարծես թե վերանում ես աշխարհից անգամ նկարելու պահին»,- անկեղծանում է նա՝ շարունակելով, որ հավանաբար անէության այդ րոպեները չեն գումարվել ապրած տարիներին: Սունկ հավաքելը նրա ամենասիրելի զբաղմունքներից է, ուտելուց շատ հավաքելն է սիրում:

«Երբ նկատում եմ սունկը ու վազում դեպի այդ կողմ, մտածում եմ, որ բնությունը գիտի, որ շատ եմ սիրում ու դրա համար հենց իմ դիմաց է ի հայտ բերում այդ սունկը»,- երեխայի անկեղծությամբ պատմում է նա՝ նկատելով, որ ոչ մի ֆինանսական հաջողություն ու բարեկեցություն չի կարող համեմատվել երջանկության այդ րոպեների հետ:  

Վարպետ Հրանտը հիշում է իր առաջին հաջողությունը որպես նկարիչ. 7-րդ դասարանում էր, երբ իր աշխատանքը գնահատեց Մարտիրոս Սարյանը, ու նրա անձամբ հանձնած ոսկե մեդալը հավաստումն էր այն բանի, որ առանց ծնողական խնամքի մեծացած երեխան ճիշտ ուղղություն է վերցրել: Մանկատանը մեծացած նկարիչը դառնությամբ է հիշում անցյալը և իր մանկական զարմանքը, թե ինչպես էին հասակակիցները՝ մամա կանչում, իսկ ինքը չգիտեր, թե դա ինչ է:

Հիշում իր դժվար մանկությունը, բայց ծնողների կորստի ցավը երբեք չի արտացոլվել նրա արվեստում: Դա չի խանգարել արվեստագետին ստեղծագործել վառ գույներով, սիրել ու ներդաշնակ լինել բնությանը:

«Ուզում եմ մարդիկ ոչ թե ծանրաբեռնվեն իմ նկարները նայելիս, այլ ընկնեն լույսի մեջ ու վայելեն գույները»,-ասում է նա՝ արձանագրելով, որ աշխատում է ամեն օր, մինչև առավոտյան հարցազրույցի գալն էլ մի կտավ արդեն ավարտին է հասցրել:

«Ուզում եմ Աստծո պարգևած բարի օրը լցնեմ մի լավ բանով, նրանով, ինչ ես եմ կարողանում անել: Նկարելն ուտելու պես մի բան է, հենց վրձինը վերցնում ես, ախորժակդ բացվում է»,- ասում է զրուցակիս՝ իր նախանձելի աշխատունակությունը բացատրելով ամեն նոր օրը նոր արդյունք տալու պահանջմունքով: Ըստ նրա՝ ոչ մի պատահական օր չի տրվում մարդուն, հատկապես երբ տարիքն առնում ես ու ամեն վայրկյանը պետք է շնորհակալությամբ ընդունել:

Թաթոսն այսօր էլ աշխատում է երիտասարդների հետ, դասավանդում է, բայց խոստովանում է, որ ինքն էլ երեխաներից շատ բան է սովորում, որովհետև երբեմն բնազդով նրանք կարողանում են հիանալի պատկերներ ստանալ:

Back to top button