Երկրորդ շնչառությունՀասարակություն

90-ամյա ցեղասպանագետ Վերժինե Սվազյանի երկարակեցության գաղտնիքը՝ հոր գործը շարունակելու ցանկությունն է․ «Երկրորդ շնչառություն»

Գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ավելի քան 30 մենագրությունների հեղինակ, բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը կյանքի ընթացքում այնքան տարված է եղել գործով և դեռ մանկուց ծնողներից ստացած հայրենասիրության պատգամով, որ չի նկատել, թե ինչպես է դարձել 90 տարեկան:

Իսկ հարցին, թե ո՞րն է ձեր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում է՝ 44 տարեկանում մահացած հորս գաղափարներն ու գործը շարունակելու ցանկությունը: Հայրը՝ Գառնիկ Սվազլյանը, Զմյուռնիայի աղետից էր մազապուրծ եղել, հաստատվել Ալեքսանդրիայում և ընտանիքի հետ օրուգիշեր աշխատում էր հայրենիքի բարօրության համար, զավակներն էլ ակամայից ներգրավված էին այդ աշխատանքներում:

Հայ օգնության կոմիտեի Եգիպտոսի մասնաճյուղի ղեկավարն էր հայրը ու պարբերաբար հավաքած միջոցներն ուղարկել է Հայաստան, հայրենիքը շենացնելու համար ներգաղթ էր քարոզում:

Զրուցակցիս ձեռքի տակ մի տրցակ լուսանկարներ են բոլոր այն շենքերի, որ կառուցվել են Եգիպտոսում ապրող հայերի նվիրատվություններով՝ Բժշկական համալսարանի շենքի մի հատվածը, Սպորտկոմիտեի շինությունը և այլն:

1947թ․-ին վերջապես Սվազլյանների ընտանիքն էլ արդեն հայրենադարձվեց, արագ ինտեգրվեցին, կրթության և աշխատանքի հարցերը լուծվեցին: Տիկին Վերժինեն պատմում է, որ հոր մահից հետո 13 տարեկանում արդեն ստիպված էր աշխատել գրքատար, հետո արդեն ուսումնարան ընդունվեց, Մանկավարժական ինստիտուտ, ապա՝ ասպիրանտուրա:

Երախտագիտությամբ է խոսում իրեն ուղղորդված մանկավարժների մասին, նրանցից մեկի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ այս տարիքին դիմումներով հեղեղել է քաղաքապետարանը, որ հուշաքար դնելու թույլտվություն ստանա: Հիշում է, որ դեռ ուսանողական տարիներից տետրերն առած քայլում էր գյուղեգյուղ, տնից տուն ու հավաքում մարդկանց հուշերը, պատմությունները, հանելուկները, երգերը, առածներն ու ասացվածքները՝ ըստ գավառների, բարբառների:

Ամբողջ կյանքը Հայոց ցեղասպանության մասին պատմություններ լսած ու արձանագրած գիտնականի համար տարակուսելի է Մեծ եղեռնը մոռացության մատնելու ցանկացած կոչ ու կարծիք:

«Ինչպե՞ս կարող ենք մոռանալ, ո՞նց հանենք մարդկանց գլխից, ո՞վ կարող է հերքել փաստեր, որ ամբողջ աշխարհին են հայտնի, միայն թուրքերն են հերքում: Ես միայն հավատում եմ իմ ժողովրդին, որի բերանից դուրս եկածն ինքս եմ հավաքել ու հրատարակել»,— առանց վրդովմունքի այս թեմայի մասին չի կարողանում խոսել Վ.Սվազլյանը:

Հիշելով ներգաղթը կազմակերպելու համար իր ու հոր ջանքերը՝ նա անթույլատրելի է համարում արտագաղթի այսօրվա մոլուցքը, երբ դժվարությունների պատճառով հայ մարդը գոհունակությամբ օթևան է փնտրում այլ երկրներում:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատողն այսօր էլ հրատարակության է պատրաստում նոր աշխատություն՝ «Արևմտահայոց թուրքալեզու բանահյուսությունը»:

Տիկին Վերժինեն խորապես համոզված է, որ այսօր երկրում առկա բոլոր խնդիրների պատճառն ազգային գաղափարախոսության բացակայությունն է: «Եթե գաղափարախոսություն չկա, ուրեմն, ոչինչ չկա»,— ասում է նա՝ հավելելով, որ եթե այսպես երկար շարունակվի, պետականությունը վտանգված է:

Back to top button