Երաժշտական եռանկյունի

Կոմիտասական ամառային դպրոց. «Երաժշտական եռանկյունի»

Ինչպես վերջին տարիներին Հայաստանում հաստատված «թանգարանային գիշերի» ավանդույթը դարձավ մեր մշակութային կյանքի անփոխարինելի բաղադրիչ, այնպես էլ թանգարանային «ամառային դպրոցներ»-ն են  հաստատում իրենց` դառնալով թանգարանների բնականոն աշխատանքի անհրաժեշտ բաղադրիչ։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացառություն չէ, և ամառային դպրոցը բնական է, որ լեցուն է կոմիտասյան բովանդակությամբ։

«Մեր դպրոցն իր պատմությունն ունի։ Ի սկզբանե մեկնարկել էր որպես մասնագիտական նախաձեռնություն, հետո որոշվեց ծրագիր ստեղծել նաև պատանիների համար։ Այս տարվա դպրոցը կազմակերպվում է բացառապես երիտասարդների համար», — ասում է Կոմիտասի թանգարանի գիտաշխատող, կոմիտասագետ Տաթևիկ Շախկուկյանը։

Ծրագիրն ուղղված է կոմիտասյան ժառանգությունը հանրահռչակելու և տարածելուն, ինչը Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գլխավոր առաքելությունն է։ Այն կազմակերպվելու է 7-14 տարեկանների համար, գործելու է հունիսի 1-ից 6-ը, ժամը 10:00-ից մինչև 14:00-ը։

Երաժշտագետ Աստղիկ Մարտիրոսյանը նշում է. «Մասնակցության համար երաժշտական կրթության պարտադիր պայման չկա։ Դպրոցը հաճախելը թույլ կտա երիտասարդներին ծանոթանալ Կոմիտասի գործունեությանը, ստանալ գիտելիքներ ժողովրդական և դասական երաժշտության մասին, բացահայտել նվագարանների գաղտնիքները, ծանոթանալ արվեստի այլ ճյուղերին (գրականություն, նկարչություն, քանդակագործություն), կատարել խմբային աշխատանքներ, երգել և պարել, զարգացնել երևակայությունը, ստեղծագործական ունակությունները և, ի վերջո, ձեռք բերել նոր միջավայր և ընկերներ»։

Կոմիտաս թանգարան-ինստիտուտի «Կոմիտասական ամառային դպրոցը» առավել մասնագիտացված և հավաստի տեղեկատվական ռեսուրսով հագեցած նախաձեռնություն է, ինչը շատ է կարևորված հատկապես վերջին շրջանում ի հայտ եկած «գիտական» նոր մեկնաբանությունների և Կոմիտասի առաքելությունը «վերագնահատելու» պարագաներում։ Այս միտումներին կարելի է հակադրել միայն հստակ տեղեկատվությունն ու գիտելիքը, և աշխատանքը երիտասարդ լսարանի հետ։ Ճիշտ ուղղորդումն ու պատկերացումների պատշաճ փոխանցումը առավել կարևոր են մեր օրերում։

Զրույցի ընթացքում  ընդգծվեց նաև պետական լծակների, հանրային տեղեկատվական միջոցների և հանրահռչակման բոլոր հնարավորությունների առավել ներգրավվածության անհրաժեշտությունը։

Մերօրյա մշակութային մարտահրավերներին դիմադրելն ու սեփական մշակույթը ներկայացնելը պետության գլխավոր մշակութային առաքելություններից է, և Կոմիտասի թողած ժառանգությունը թույլ է տալիս մեր ազգային արժեքներով հանդես գալ  ուրույն դիմագծով, համաշխարհային բոլոր հարթակներում՝միանալով ազգերի մշակութային մեծ ընտանիքին և հարստացնելով համաշխարհային արվեստը մեր ներկայությամբ։

«Կոմիտասական ամառային դպրոցը»  այդ նպատակի լավագույն կրթական մոդելներից է։

Back to top button