ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի մարզի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի

Վերանայվում են բուհական ընդունելության գործող կարգը, սկզբունքները, մշակվում են նորերը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն կառավարության այսօրվա նիստում նոր նախագիծ է ներկայացրել, որով շրջանավարտները դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով բուհ ընդունվելու հնարավորություն կստանան։

Նախարարի խոսքով՝ պետք է աստիճանաբար գնալ այն մեխանիզմին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջ, իսկ դիմորդները բավարարեն դրանք։ 

Կառավարության առաջարկով կվերնայվի բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը։ Նոր համակարգն առաջին փուլով կփորձարկվի Տավուշի մարզում, իսկ հաջողելու դեպքում՝ 2026 թվականից արդեն կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար։

«Տավուշի մարզում 2021-2022 ուստարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը, և այս տարի արդեն ունենք նոր չափորոշիչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները: Հետևաբար, այս պահին ընդունելության կարգում կատարում ենք փոփոխություններ, որը հնարավորություն կտա մեր առաջին շրջանավարտներին արդեն անցնել ընդունելության նոր համակարգով: Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը հանդիսանում է կրթության ոլորտի կարևոր բարեփոխումների բաղադրիչ»։

Նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ։ Ժաննա Անդեասյանի խոսքով՝ կարգավորման նպատակը նաև այն է, որ հենց այս՝ 2023-2024 ուստարվա ավարտից թեստերը, որով կազմակերպվում են քննությունները, նոր ձևաչափով կիրառվեն և համապատասխանեն չափորոշիչի բովանդակությանը: Ըստ նախարարի՝ սա նաև նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված ծրագրային նյութի վերջնարդյունքի գնահատմանը: 

«Քանի որ մենք սա առաջին անգամ ենք կիրառում, սա ներդրել ենք Տավուշի համար՝ որպես հավելյալ հնարավորություն, այսինքն՝ Տավուշի մարզի բոլոր շրջանավարտները, ինչպես նաև մյուս մեր բոլոր շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն՝ միասնական քննություններ հանձնելու, և սա կլինի նրանց համար հավելյալ 3-րդ հնարավորությունը, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին, և դրանով նրանք կկարողանան մրցույթին մասնակցության ավելի լավ հնարավորություններ ստանալ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ արդյո՞ք ռազմավարական պատկերացումն այն է, որ ընդունելութան քննություն ընդհանրապես չի լինելու: Նախարարը խոսքով՝ պետք է աստիճանաբար հասնել նրան, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջներ, իսկ դիմորդները բավարարեն դրանք:

«Հիշեցնեմ, որ մենք ավագ դասարաններում նաև կրեդիտային համակարգ ենք ներդնում։ Եվ մենք արդեն ունենք այն փորձը, երբ որոշ բուհեր դպրոցների հետ աշխատում են, որ համատեղ ընդունելության ժամանակ հաշվի առնեն նաև կրեդիտները»։

«Բայց այս փուլում՝ մինչև այդ կետին հասնելը ճանապարհ կա։ Այժմ հիմնական խնդիրը այդ թեստերի և քննությունների էլեկտրոնային դարձնելու հարցն է, ընդ որում, այս համակրագը պետք է նաև բուհերում ներդրվի։ Քննությունների օբյեկտիվությունն այսօր մեծ խնդիր է»։

Նախարարը պարզաբանում է՝ թեստերը կստուգվեն ինքնաշխատ եղանակով, մարդկային գործոնը բացառված է։ Իսկ նոր թեստերի առաջադրանքները հնարավորություն կտան ձևավորելու տրամաբանական մտածողություն, այլ ոչ թե տարներ շարունակ շտեմարաններով ու թեստերով անգիր անելու, վարժեցնելու հմտությունները։

 «Դպրոցական ավարտական փուլում դեռ երեք պարտադիր քննություն կա` հայոց լեզու–գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, կան նաև որոշ կարգավորումներ ազգային փոքրամասնությունների ու ռուսերենով ուսուցման համար։ Այս տարի նախատեսում ենք ներառել բոլոր առարկանները, և շրջանավարտները հնարավորություն կունենան ընտրությամբ հանձնել այն առարկան, որը իրենց պետք է բուհ ընդունվելու համար»։

Հետագայում ընդունելության քննությունները պետք է իրականացվեն համակարգչային եղանակով, կնվազեցվի նաև քննությունների թիվը՝ նշում է Ժաննա Անդրեասյանը: Պետք է ունենալ նաև շատ քիչ արտաքին գնահատման արդյունքներ, ինչպես «Հայոց լեզուն» է, մնացած առարկաների պարագայում դպրոցները պետք է ունենան մեխանիզմներ, որոնք թույլ կտան հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը:

Back to top button