ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նորարար լուծումներ համայնքներում. Լոռիում ՍԻԳՄԱ ծրագրով 3 գաղափար կիրագործվի

«Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ ՍԻԳՄԱ ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է: Կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ՝ ծրագիրը նպատակ ունի մեղմել սոցիալական անհավասարությունն ու նպաստել աղքատության նվազմանը: Այն նոր հնարավորություններ է ստեղծում Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ֆերմերային տնտեսությունների, ագրոբիզնեսի ու զբոսաշրջային ընկերությունների համար։ Ծրագրի ֆինանսական աջակիցը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունն է: Լոռու մարզում 3 ծրագիր նախնական հավանության է արժանացել:

Մարգահովտում՝ մեղվաբուծության գիտաարտադրական կրթական կենտրոն, Վահագնիում՝ գեոմեմբրանային ջրամբար, Սպիտակում էլ՝ ավտոմատացված շարժական ոռոգման համակարգ։ Գաղափարներ, որոնք ՍԻԳՄԱ (SIGMA) ծրագրի թիմի նախնական հավանությանն են արժանացել և կյանքի կկոչվեն Լոռու մարզում: Չի բացառվում, որ հետագայում ծրագրերի թիվը մարզում ավելանա՝ ասում է ծրագրի Լոռու մարզի համակարգող Հենրի Մատինյանը: Ծրագիրն, ասում է, միտված է շուկայական համակարգերի զարգացմանը: Դասընթացներով ու կրթական այլ բաղադրիչներով նպատակ ունեն ձևավորել գյուղատնտես- կատալիստների, որոնք ձեռք բերած հմտությունները ոչ միայն կծառայեցնեն նոր գաղափարների իրագործմանը, այլև իրենց գիտելիքն ու փորձը կփոխանցեն այլ գյուղատնտեսների ու ֆերմերների՝ մուլտիպլիկատիվ ազդեցություն բերելով իրենց համայնքներ։

Հենրի Մատինյան. «Որդեգրել ենք «շուկայական համակարգերի զարգացում» կոնցեպտը: Նախատեսում ենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ միասին ներդրումներ իրականացնել շուկայական համակարգի զարգացման համար, որոնց հիման վրա կարող ենք աջակցել համայնքին և համայնքի բնակիչներին: Ծրագրի կարևորագույն շղթաներից են ագրոտուրիստական ծառայությունների մատուցումը և պրոդուկտների ստեղծումը: Մարգահովտում հիմնվելիք մեղվաբուծական կենտրոնի հիմքում առանցքային են դասընթացներն ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մեղվաբույծների համար: Նախատեսվում է նաև արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպել մեղվաբուծական մթերքի և պարագաների արտադրանք ու վաճառք»: 

Մարգահովտում առաջիկա 3 տարում շուրջ 400 շահառու կբարելավի իր գիտելիքները մեղվաբուծության ոլորտում: Ավելի բանիմաց մեղվաբույծներն իրենց հերթին կնպաստեն համայնքում մեղվաբուծության ու մեղվաբուժության զարգացմանը, արդյունքում՝ նաև կայուն եկամուտ ունենալուն:

Մեր գյուղը ջրային մեծ պաշարներ ունի, որը պիտի ճիշտ օգտագործվի՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Վահագնիի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը: Գեոմեմբրանային ջրամբարի ծրագիրն  են ներկայացրել: Այն կնպաստի բնակիչների կենսամակարդակի բարելավմանը. ոռոգման համակարգ կունենան, արժեքավոր բույսեր կաճեցնեն ու կավելացնեն եկամուտները: Վերջին 3 տարում, ասում է, հող մշակելու ցանկություն շատերն ունեն: Միջազգային ծրագրերով գյուղտեխնիկա են ձեռք բերել: Ցորենով ու կերային մշակաբույսերով չեն ուզում սահմանափակվել, թող չարչարվեն, բայց ավելին ստանան հողից՝ Վարդումյանն է ասում: 12.000 խմտարողությամբ ու 3000 քմ մակերեսով ջրամբարն ինքնահոս եղանակով կոռոգի գյուղի շուրջ 70 հեկտար հողերը, որոնց վրա կաճեցնեն արժեքավոր բուսատեսակներ: Նախագիծ-նախահաշիվը պատրաստ է: Համայնքի ներդրումը՝շուրջ 20 մլնդրամ: Ջրամբարի շնորհիվ հող մշակելն ավելի եկամտաբեր կդառնա՝ ասում է:

Սուրեն Վարդումյան. «Միանշանակ եթե դա լինի ինտենսիվ այգի կամ ավելի բարձրարժեք մշակաբույս, ավելի շոշափելի կլինի, կազդի ընդհանուր գյուղի զարգացման վրա: Մոտ 250 ընտանիք կարող է օգտվել էդ հողերից, որովհետև ամեն ընտանիք  էդ 70 հեկտարում ինչ–որ չափաբաժին ունի»:

ՍԻԳՄԱ ծրագրով հանրային և մասնավոր հատվածների դերակատարների միջև ձևավորված համագործակցությամբ նպատակ ունենք ապահովել եկամուտների կայուն և ներառական աճ՝ ասում է ծրագրի թիմի ղեկավար Կարեն Գևորգյանը: Ֆերմեր-գյուղական փոքր ձեռնարկություն- կայացած մասնավոր ընկերություն շղթան «շուկայական համակարգերի զարգացում» մոտեցմամբ նոր փոփոխություն կբերի համայնքներ, համատեղ ներդրումներ կապահովի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում, արդյունքում՝ կշահեն բոլորը:

Կարեն Գևորգյան. «Մենք մասնավոր ներդրողի հետ մշակում ենք ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվելու են նոր տեսակի ծառայություններ՝ ոռոգման, ագրոմեխանիզացիայի, գյուղագրեգացիայի, սերմերի և տնկիների համակարգերում: Պատկերացրեք ինչ-որ մի շրջանում  ոռոգման խնդիր կա, և  ոռոգման ծառայությունները բացակայում են: Եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդրումներ անել էդ համակարգում, որ էդ հողերի համար  ոռոգման ծառայությունները հասանելի լինեն, մենք կարող ենք այդ մարդու հետ այդ ներդրումը անել, որ էդ գործարար գաղափարը կյանքի կոչվի: Եվ իր բիզնեսն է կայանում, և մարդկանց համար հասանելի են դառնում ոռոգման ծառայությունները»։

Գյուղատնտեսական ու զբոսաշրջային պրոդուկտները համալիր նորարար ծառայություններ կձևավորեն, որոնց շնորհիվ գյուղական բնակավայրերում հնարավոր կլինի շուկայական համակարգերի զարգացումը: Արդյունքում՝գյուղատնտեսներն ու ֆերմերները կբարելավեն իրենց արտադրողականությունը, կմեծացնեն եկամուտները և կկարողանան մուտք գործել նոր շուկա՝ ավելի բարձրարժեք արտադրանքով:  Ծրագրի առաջնահերթություններից է կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և էթնիկ փոքրամասնությունների տնտեսական ներգրավվածությունը: Կարեն Գևորգյանի խոսքով՝ ծրագրի առաջին փուլում՝ մինչև 2026 թվականը,  4 մարզերի շուրջ 2000 շահառու կօգտվի ծրագրի հնարավորություններից:    

Back to top button