ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թանգարան առանց տանիքի․ արտասահմանցի ուսանողները փողոց առ փողոց ուսումնասիրել են Կոնդը

Շուրջ մեկ տարի արտասահմանցի ուսանող ճարտարապետների մի խումբ ուսումնասիրել է Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը։ Ուսանողներն իրենց գիտական ղեկավարի հետ դիտարկել են թաղամասի պատմական շերտերը, առանձին շինություններն ու դրանց նշանակությունը և ամփոփելով ուսումնասիրությա արդյունքը, թաղամասը պահպանելու առաջարկներ են ներկայացրել քաղաքային իշխանություններին ու Կոնդի բնակիչներին։ Ուսումնասիրության մի մասը նկարազարդումների ու լուսանկարների հետ այժմ ցուցադրվում է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։

Քար առ քար, փողոց առ փողոց, տուն առ տուն. շուրջ մեկ տարի հենց այս սկզբունքով արտասահմանցի ուսանողների մի խումբ ուսումնասիրել է Երևանի ամենահին ու ամենակոլորիտային հատվածներից մեկը՝ Կոնդ թաղամասը: Լիոնի համալսարանի, Երևանի ու Մոսկվայի ճարտարապետական համալսարանների ուսանողները Կոնդում ավելի քան 350 շենք-շինություն են գույքագրել, որոնք պատմական, մշակութային արժեք են ներկայացնում ու պարտադիր պահպանման ենթակա են: Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասում է՝ նման մեծածավալ ուսումնասիրություն Կոնդում երբեք չի իրականացվել:

«Այս ուսանողներն այնքան հետաքրքիր բաներ են գտել այդ թաղամասում, որ ես հետո անմիջապես մտածում եմ՝ բա լավ մեր գիտնականներն ու՞ր են, ու՞ր են մեր հնագետները, ազգագրագետները, ճարտարապետները, որ իրենց աշխատաքի կարիքն այդտեղ ակնհայտորեն երևում է: Այստեղ ներկայացված է երկու շենքի ուսումնասիրություն, թե ինչպես են այդ շենքերը զարգացել դարից դար, թե ինչպիսին են եղել, օրինակ, 18-րդ դարում, 19-րդ դարում, և իրենք պնդում են, որ դա, այդ ազդեցությունները պարզ երևում է շենքերի վրա: Երևանի պատմությունը հենց սա է՝ ուզենք, թե չուզենք, սա է մեր պատմությունը, ոչնչացնելով, մենք ոչնչացնում ենք մեր պատմությունը»,– ասում է Մարկ Գրիգորյանը:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան

Մարկ Գրիգորյանը նկատում է՝ այս ուսումնասիրոթյունն ավելի արժեքավոր է հատկապես հիմա, երբ օրակարգում Կոնդը վերակառուցելու մտադրություն կա: Քաղաքաշինության կոմիտեն դեռ 2022-ին էր Կոնդի վերակառուցման հայեցակարգի մրցույթ հայտարարել։ Մրցույթի առաջին փուլն արդեն կայացել է, առջևում երկրորդն է, որի արդյունքում կընտրվի մեկ նախագիծ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հույս ունի, որ նաև այս ուսումնասիրությունը կօգնի ի վերջո ստանալու մի թաղամաս, որը հարմարավետ ու գրավիչ կլինի ոչ միայն այցելուների այլև հենց բնակիչների համար:

«Ներկայումս առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն իսկ կհայտարարվի մրցույթի երկրորդ փուլը, որի հետ կապված ասեմ, որ տեխնիկական առաջադրանքի ձևակերպման ընթացքում կատարված հետազոտական մեծ աշխատանքը, որը մենք տեսնում ենք, արդյունքները ներառվել է, որ մասնակից անդամները լրացուցիչ աշխատանքի միջոցով ստանան ու նաև դրանց հիման վրա ներկայացնեն իրենց առաջարկները»:

Ուսանողները ամիսներ շարունակ շրջել և ուսումնասիրել են Կոնդի դիմագիծը, երկար զրույցներ ունեցել կոնդեցիների հետ, դիտարկել թաղամասի ճարտարապետական առանձնահատկությունները։ Եզրակացություններից զատ նաև կոնկրետ առաջարկներ են արել թե՛ քաղաքային իշխանությանը, թե՛ բնակիչներին: Ծրագրի գիտական ղեկավար Նարինե Տյուտչեվան ասում է՝ փորձել են մի քանի հարցի պատասխանել՝ արդյո՞ք Կոնդն իրոք արժեքավոր է, և եթե արժեքավոր է, ապա ի՞նչ կարելի է անել մի քանի դարի պատմություն ունեցող թաղամասի հետ ու ամենակարևորը՝ ինչպես:

«Կոնդը մեզ համար լուրջ մարտահրավեր էր, քանի որ սա վերնակուլյար, բավականին քաոտիկ ճարտարապետությամբ ինքնակառավարվող ու ինքնաստեղծ թաղամաս է։ Կոնդը թաղամաս է որը չունի պահպանված փաստաթղթեր, քանի որ դրան այսպես ասած, նշանակություն չեն տալիս։ Եվ այն ամենն, ինչ մեզ հաջողվեց հավաքել, բացահայտել, միայն գրականությունից, բնակիչների հետ շփումներից, ու մի փոքր մասը միայն արխիվային նյութերից է։ Թերևս ճշգրիտ և հասանելի ինֆորմացիայի պակասը Կոնդի և, ընդհանրապես, նմանօրինակ պատմական թաղամասերի ամենամեծ խնդիրն է»,– ասում է ծրագրի գիտական ղեկավարը։

Կոնդում յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր անկյուն ու փողոց յուրահատուկ է՝ պնդում է ուսումնասիրությանը մասնակցած ուսանողներից մեկը: Իլյա Շկալիկովը Մոսկվայից է։ Արդեն 2 տարի է՝ նա աշխատում է Երևանում։ Ասում է՝ Կոնդը Երևանի սիրտն է, Երևանի պատմությունը՝ Երևանի կենտրոնում։

«Կոնդը շրջապատված է Երևանի կենտրոնի շատ ավելի ժամանակակից, եվրոպական, ես կասեի գլոբալիստական միջավայրով։ Այդպիսով, Կոնդը կարծես առանձին մի կղզի է, իր յուրօրինակ համայնքով, որից քաղաքը անընդհատ ինչ որ մասեր է խլում։ Սակայն այստեղ ապրող մարդիկ, միևնույն է, իրենց նույնացնում են, ոչ թե Երևանի, այլ հենց Կոնդի հետ, անվանում են իրենց կոնդեցիներ։ Բայց եթե դուք մտնեք կենտրոնի ցանկացած այլ մի բակ, ապա այնտեղ էլ կտեսնեք մի փոքր Կոնդ, այդ նույն բնակելի կառույցների բազմաթիվ շերտերով»։

Ուսումնասիրության մի փոքր մասը նկարազարդումների ու լուսանկարների հետ այժմ ցուցադրվում է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Չնայած Կոնդը թանգարան են բերել, բայց կարծում են՝ այդ թաղամասը հենց ինքը թանգարան է առանց տանիքի։

Back to top button