ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նորապատի հրդեհված շենքի բնակիչները վեց տարի սպասում են նոր բնակարաններին

Վեց տարի է անցել Նորապատի Սիլիկյան փողոցի 9 շենքի հրդեհից, որն ամբողջությամբ այրվել էր, իսկ 11 բնակարանների 25 բնակիչները մեկ գիշերվա մեջ դարձել անօթևան:

Նրանք մինչև օրս ապրում են վարձով: Հրդեհված շենքը պատկանել է «Ամրակ» ընկերությանը, որը անօթևան դարձած բնակիչներին խոստացել է ապահովել նոր բնակարաններով:

Արմավիրի երկաթգծի հարևանությամբ ՝ Սիլիկյան 9 հասցեում գտնվող երկհարկանի շենքի հրդեհից հետո Մանիկ Հովհաննիսյանի վեց հոգանոց ընտանիքը, շենքում ապրող մյուս տասն ընտանիքների նման, արդեն 6 տարի վարձով է ապրում:

«Այս շենքում եմ վարձով ապրում ու ամիսը 50 հազար դրամ վճարում: Հիմա պարտք եմ մնացել, տանտերը տնից էլ դուրս է հանում: Ես թոշակառու եմ, 37000 դրամ թոշակ եմ ստանում, աշխատավարձի հետ միացնում եմ, մի կերպ վճարում, բայց այս անգամ պարտք մնացի: Վառված շենքում մի մեծ հյուրասենյակ եմ  ունեցել, ոչ մի բան այնտեղից չեմ հանել»:

Հրդեհված շենքի բնակչուհի Անժելա Գևորգյանը տունը կորցնելուց հետ բնակարան է  վարձել հարևանությամբ գտնվող փայտե նույնատիպ շենքում: Թեև այն վթարային է, բայց տանտերը տարիների ընթացքում աստիճանաբար բարձրացրել է վարձակալության գումարը:

«Ինձ տնից հանում էին,  այս տան վարձը 30 հազար դրամ են դարձրել, որտեղ  զուգարանն ու ջուրը ընդհանուր է: Էս որ դարն է, որ տաշտի մեջ ենք լողանում, ջուրը կրում, թափում: Ասեց՝ կամ 30 հազար դրամ պետք է վճարես, կամ էլ տունն ազատես: Ու՞ր գնամ ես, նույնիսկ 30 հազար դրամը չեմ կարողանում վճարել: Սկզբում վարձը 8000 դրամ էր, հետո դարձրեց 15000 դրամ, հիմա՝ 30000 դրամ»:

Հրդեհված շենքում Անժելան վերանորոգել էր սենյակն ու նոր գույք գնել, որը մոխրակույտի էր վերածվել: Գույքը չի հասցրել  օգտագործել, բայց տարիներ շարունակ ապառիկ է վճարել, հարևանները՝ նույնպես:

«Իմ տունը, վառվեց, պրծավ, երեք սենյակ ունեի, ամեն ինչ կար մեջը, բացի կոմունալ հարմարություններից: Վերանորոգված էր, գույքը լրիվ նոր, ապառիկները երկու տարի առաջ եմ մարել»:

Նորապատի Սիլիկյան փողոցի  թիվ 9 հրդեհված շենքից միայն հիմնապատերն են մնացել կանգնած, այն պատկանել է «Ամրակ» ԲԲԸ-ին: 2019թ․-ին Արմավիրի քաղաքապետի և «Ամրակ» ԲԲԸ-ի տնօրենի փոխադարձ պայմանավորվածությամբ որոշվել էր, որ հրդեհված շենքի բնակիչներն ապահովվելու են  բնակարանով: Այդ կապակցությամբ 2019թ մայիսի 30-ին կառավարությունը Արմավիրի  քաղաքի 5 հասցեում գտնվող երեք շինությունները նվիրաբերել էր  համայնքին՝ բնակարանները վերակառուցելու և սեփականության իրավունքով Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերի բնակիչներին հատկացնելու համար: Սիլիկյան թիվ 1 հասցեում գտնվող շենքը նույնպես բաղդատյա կառույց է՝ փայտե միջնորմներով և  4-րդ աստիճանի վթարայնությամբ: Շենքի բնակիչԱվետիս Մովսիսյանն ասում է, որ դեռ 1983թ-ին է շինությունը գնահատվել վթարային:

«Շենքը գրեթե 100 տարեկան է, մի երեք տարի պակաս: Այս շենքում երբեք ոչ մի կոմունալ հարմարություն չի եղել. Ջուրը բակում է, զուգարանը՝ մյուս կողմում, ընդհանուր զուգարան է: Այս սենյակների տեղը եղել է բալկոն, փոստի բաժանմունքը, կողքը՝ պապիս սենյակը, իսկ երկրորդ հարկում տներ: Շենքի առաստաղները փայտյա են, միջնապատերը՝ տախտակ»:

Ավետիսի տունն առաջին հարկում է, այստեղ է ապրում շուրջ 60 տարի: Շենքում միայն ինքն է ընդարձակել տունն ու կոմունալ հարմարություն ստեղծել՝ ջուր քաշել, կոյուղու համար  բակում  փոս փորել: Ասում է՝  սպասում են նոր բնակարանների կառուցմանը:

«Եթե Գրիգորյանը սանէպիդ կայանի շենքը լրիվ վերանորոգի, էլիտար, իր ասած խոսքերն եմ ասում, շատ ուժեղ շենք է լինելու: Դե, մեկ, երկու, երեք, քանի սենյակ, որ հասնում է մարդկանց՝ պետք է տան: Ժողովուրդը նոր բնակարանի է սպասում»:

Երկու շենքերի բնակիչներն արդեն 6 տարի լսում են բնակարաններ կառուցելու և հատկացնելու խոսակցություններն ու սպասում այդ օրվան:

«Գործարանի տնօրենը հույս է տվել, որ մեզ տուն է տալու, թե երբ կտա՝ մենք էլ չգիտենք»:

«Ամեն տարի գալիս ասում են՝ վառելիք չառնեք, հեսա գնալու եք, ամեն տարի, 5-6 տարի շարունակ, բայց դեռ մենք այստեղ ենք»:

«Ամրակ» ԲԲԸ սեփականատեր Հայկազ Գրիգորյանն ասում է՝ հրդեհված և հարակից վթարային շենքի բնակիչների համար բարեգործությամբ  բնակարաններ է կառուցում: Բազմաբնակարն շենքի են վերածվում  նախկին հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արմավիրի տարածքային կենտրոնի երկու կառույցները:

«Հրդեհված շենքն ինձ է պատկանել, ուղղակի  շինարարությունը ես բարեգործական ձևով եմ անում: Այրված շենքում ժողովուրդը 10 տարի ապրել է անհատույց, ես իմ կողմից նվեր եմ արել: Դեպք է եղել, որ մենք ենք լույսի վարձը վճարել: Ժողովրդին մենք միշտ օգնել ենք»:

Կառուցվելու է մոտ 32 բնակարան, հրդեհված ու վթարային շենքի ընտանիքների թվից ավելի: Հայկազ Գրիգորյանն ասում է, որ դրանք  անհատույց են տրվելու բնակիչներին:           

«32 ընտանիք է այստեղ ապրելու, մնացած 8 բնակարանները կնվիրենք ուրիշներին: Դա արդեն իմ հայեցողության տակ է, թե ում նվեր տանք: Համայնքապետարանի հետ կհամագործակցենք ու անտուն մարդկանց կտանք»:     

«Ամրակ» ընկերության սեփականատերը խոստանում է՝ սեպտեմբերին բնակիչները նոր բնակարաններ կտեղափոխվեն։

Back to top button