ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Օրենքը՝ գործարարի պաշտպան, պետությունը՝ աջակից. Կառավարությունը նոր ծրագրեր է գործարկում բիզնեսի համար

Հայաստանում բիզնես ոլորտին աջակցելու նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կառավարության հետ ներդրումային խորհուրդ է ձևավորել: Այն համակարգում է փորձագիտական թիմը, որը մշակում և կառավարությանն է ներկայացնում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական փաթեթներ: Խորհրդի անդամները շրջում են մարզերով և գործարարներին իրազեկում «0-4% բիզնես վարկերից մինչև եկամտահարկի վերադարձ. աջակցության նոր ծրագրեր բիզնեսի համար» օրենսդրական փաթեթին, որ վերջերս է ընդունվել: Առերես շփումների ժամանակ խորհրդի անդամները նաև հավաքագրում են այն խնդիրները, որոնք հուզում են մարզերի գործարար աշխարհին: Լոռեցի գործարարները Վանաձորում կայացած հանդիպմանը կիսվել են իրենց մտահոգություններով ու առաջարկներով:

Հայաստանի ներդրումային խորհուրդն սկսել է հանրային իրազեկման արշավ՝ «0-4% բիզնես վարկերից մինչև եկամտահարկի վերադարձ.աջակցության նոր ծրագրերի» փաթեթի վերաբերյալ, որ վերջերս է ընդունել ԱԺ-ը: Խնդիրները քարտեզագրվել են փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ-պետություն մասնավոր երկխոսության խորհրդում, որն զբաղվում է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներով:

Հովսեփ Պատվականյան, ՀՀ ներդրումային խորհրդի ղեկավար․ «Մարդիկ կային, որ օրինակ, սարքավորումներ ձեռք են բերել, բայց չգիտեին այս ծրագրի մասին, մարդիկ կային, որ աշխատող են վերցրել աշխատանքի, ով փորձ չունի, և կարող է հիմա այս ծրագրից օգտվի, բայց չգիտեին: Մարդիկ, ովքեր եկել էին, հասկացան, որ կարող են այսուհետ օգտվել: Իհարկե, բիզնեսին է փոխհատուցումը լինում ու բիզնեսը կսկսի ավելի շատ աշխատել՝ դիմել գործազրկության գործակալություն, ԲՈւՀ-եր, որոնք փորձում են ուսանողներին աշխատանքի տեղավորել: Մյուս փուլում հանդիպելու ենք գործազրկության կենտրոնների, միջին մասնագիտական կառույցների հետ»:

Գործատուն աշխատող է փնտրում, աշխատանք փնտրողն էլ աշխատել է ուզում, բայց փորձ չունի: Աջակցության նոր ծրագրով փորձ չունեցող անձանց աշխատանքի ընդունելիս, պետությունը գործատուին հետ է վերադարձնում նրանց եկամտահարկը 1 տարով: Ներդրումային խորհրդի մշակած բարեփոխումների փաթեթները կառավարության սեղանին են հայտնվել ու հավանության արժանացել՝ բիզնես միջավայրի հետ շփումների ու ոլորտի խնդիրների քարտեզագրման արդյունքում՝ ասում է խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը: Մայրաքաղաքի և մարզերի բիզնես միջավայրերն, ասում է, էապես տարբերվում են միմյանցից:

Փաթեթները կազմելիս փորձել են ներառել ընդհանուր մտահոգիչ խնդիրները․ «Օրինակ՝ տոկոսի սուբսիդավորման ծրագրով հստակ տարանջատում կա՝ բիզնեսը մարզային է, թե մայրաքաղաքային: Մեկի դեպքում սուբսիդավորում է 6-8 %, մյուս դեպքում՝10-12, սահմանամերձի դեպքում սուբսիդավորումը այն մակարդակի գնում, որ տնտեսվարողի վրա 0 % նստի»:

«Շտիգեն» ընկերությունից Արամ Հաբեթնակյանը հաճախ է լինում մարզերում: Այստեղ ենթակառուցվածքները լավ զարգացած չեն՝ ասում է նա, ինչը ուղիղ կապ ունի բիզնես միջավայրի զարգացման հետ: Նրա կարծիքով՝ լավ կլիներ, որ նման հանդիպումներին նաև գործադիր մարմնից ներկա լինեին՝ անմիջապես ոլորտի մարդկանցից խնդիրներ լսելու

 «Կարծում եմ պետք է պետական մարմիները հաճախ գան մարզեր, վստահ եմ, որ հաճախ գային, իրենց մեքենաները շահագործման ենթակա չէին լինի՝ անբարեկարգ փողոցների պատճառով: Պետք է սկսեին մարզերից, հեռավոր մարզերից, ոչ թե Երևանից: Գտնում եմ, որ փոխվարչապետը բոլոր մարզային հանդիպումներին պետք է ներկա լիներ: Գյումրու արտադրողներն էլ նույն հարցը բարձրացրին, որ տպավորություն է, թե մինչ ծրագրի մշակումը Երևանի մի քանի բիզնեսներ ուսումնասիրվել է և տրվել համապատասխան լուծումներ»

Բարձրացվող խնդիրներին գործարարներն ամեն օր են առնչվում: Նման հանդիպումները դրանք հետագայում օրենսդրական փաթեթների վերածելու և կառավարությանը հասցնելու միջոց են: Այսօր հայաստանյան բիզնեսի հիմնական խնդիրներն արտահանման հետ են կապված՝ ասում է Հովսեփ Պատվականյանը:

«Ամենամեծ խնդիրը լոգիստիկ ծախսերն են: Ուզում են արտահանման շուկա դուրս գալ, նոր շուկաներ մուտք գործել, խորհրդատվություն ստանալ: Այս մասով մի փոքր սահմանափակում կա օրենսդրական մակարդակում: ՀՀ-ը միջազգային առևտրային կազմակերպության անդամ է և ունենք որոշակի պարտավորություններ, օրինակ՝ արտահանման սուբսիդիա չի թույլատրվում: Մյուս  սահմանափակումն այն է, որ ՀՀ-ը ԵՄ ավիացիայի սև ցուցակում է, նույնը Միացյալ Արաբական էմիրությունների պարագայում է: Մեր փորձագիտական թիմը հիմա քաղավիացիայի հետ քննարկումների մեջ է, որ ֆինանսավորում տրամադրենք և փորձագետներ ներգրավենք՝ մեր օրենսդրական դաշտը համապատասխանեցնելու ԵՄ դրույթներին»:

Պետական սուբսիդիա` 0-4% տոկոսադրույքով վարկավորման համար՝ եթե գործարարն ուզում է նորացնել սարքավորումներն ու թվայնացնել բիզնեսը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ու խորհդատվությամբ: Եթե անգամ սարքավորումները լավն են, հումքը՝ որակյալ, արհեստավարժ մասնագետի խնդիր կա, ԲՈՈւՄ ծրագրով կարելի է տեղի ու արտերկրի բարձրորակ մասնագետներ ներգրավվել: Պետությունը պատրաստ է գործարարին փոխհատուցելու հրավիրյալ մասնագետի աշխատավարձի 20-50%-ը: Պարտադիր պայման է, որ հրավիրյալ մասնագետը լինի աշխարհի լավագույն 400 համալսարաններից մեկի շրջանավարտ կամ ունենա առնվազն 10 տարվա աշխատանքի փորձ միջազգայնորեն ճանաչված առաջատար ընկերություններում: Նոր օրենքով սուպերմարկետներն ու մատակարարներն ավելի հստակ կարգավորված հարաբերություններ կունենան: Սուպերմարկետները չեն կարող ուշացնել կամ հրաժարվել վճարումներից:

Ծրագիրը լավն է, ասում է «Վեցանկյուն» բիզնես խորհրդատվական ընկերության ղեկավար Վլադիմիր Սահակյանն ու մատնանշում բացերը․ «Իրականում սուպերմարկետներին պատժիչ մեխանիզմներ են ուզում կիրառել, որը փաստացի տեղանունը նշի ՓՄՁ-ն : Եթե մայրաքաղաքում դա հեշտ է և կարվի, փոքր քաղաքներում սա չի մատնանշվի ու փոքր արտադրողը, որը 2 և ավել ամիս չի ստացել իր գումարը սուպերմարկետներից, էլի չի ստանա, եթե նույնիսկ տուգանում ենք 0-ից մինչև 10 % սուպերմարկետին: Առաջարկս էր, որ տուգանված գումարից փոխհատուցվի տվյալ ՓՄՁ-ն: Կար ծրագիր, որ ուղղված էր 100 բիզնեսների համար: Այդ ուժեղ բիզնեսները կարող են դիմել, բայց, օրինակ, ՓՄՁ-ի համար, շատ խիստ որոշիչ չէ, կարելի է մշակել մի ուղղություն, որը միայն ՓՄՁ-ի կամ սկսնակ բիզնեսի համար է, էս մասով բացակայում էր մոտեցումը»:

Բիզնեսը շղթայական միջավայր է: Լավ վաճառքի համար՝ լավ արտադրանք, լավ արտադրանք տալու համար էլ՝ լավ մասնագետ է պետք,-ասում են լոռեցի գործարարները: Տնտեսվարողը պետք է իրեն օրենքով պաշտպանված զգա, պետությունն էլ ոչ թե խանգարի, այլ աջակցի:

Մինչ օրս Հայաստանի ներդրումային խորհուրդը մշակել ու կյանքի է կոչել 40-ի հասնող օրենսդրական փոփոխություններ` ուղղված հայկական բիզնես միջավայրի բարելավմանը:

Back to top button