Էկոսֆերա

Ջրաբանները, օդերևութաբանները՝ կլիմայի փոփոխության և արդի հիմնախնդիրների մասին․ գիտաժողով ԵՊՀ-ում. «Էկոսֆերա»

ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով՝ նվիրված անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի մասնագիտական օրվան։ Գիտաժողովի ընթացքում շոշափվեցին մեր երկրի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների առկա պայմաններում արդի մոնիթորինգային համակարգի վերազինման անհրաժեշտությունը։

Ինքնաթիռի բարեհաջող վայրէջը կամ թռիչքը կախված է ոչ միայն պրոֆեսիանալ օդաչուից, այլ մի խումբ մասնագետներից՝ ավիաօդերևութաբաններից, որոնք աշխատում են շուրջօրյա և կանխատեսում են եղանակային հնարավոր փոփոխությունները՝ ապահովելով օդանավերի անվտանգ թռիչքն ու վայրէջքը։

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի օդային տարածքի վտանգավոր երևույթներից ապահովում են կենտրոնի մասնագետները։ Ավիաօդերևութաբանությունը պատասխանատու և միևնույն ժամանակ խիստ կարևոր մասնագիտություն է։ Կլիմայի փոփոխությունը ավիաօդերևութաբանները դրական են գնահատում, քանի որ իրենց աշխատանքն է որոշ առումով թեթևացել։

Իսկ ահա ջրաօդերևութաբանները խոսում են կլիմայի փոփխության բացասական հետևանքների մասին։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը նախ նշում է՝ ջրաօդերևութաբանությունը կարևոր ոլորտ է, քանի որ տնտեսության գործունեության գրեթե բոլոր ճյուղերը սերտորեն կապված են ջրաօդերևութաբանության հետ՝ գյուղտնտեսություն, արդյունաբերություն, բժշկություն, կապ և այլ։ Մասնագետը նշում է՝ կլիմայական փոփոխությունների ազդեցությունն ուղղակի և անուղղակի առնչվում է բոլոր ոլորտներին։

«Ոլորտում խնդիրները շատ են, կապված են ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանման հետ։ Անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաներ ներդնել՝ ջուրն արդյունավետ օգտագործելու համար։ Բացի դրանից, կլիմայի փոփոխությունն իրական փաստ է,քանի որ օդի ջերմաստիճանը 2023 թվականի ընթացքում բարձր է եղել 1850-1900թթ․ միջինից մոտ 1,4 աստիճան վ։ 174 տարվա ընթացքում 2023 թվականը համարվել է ամենաշոգ տարին։ Այսինքն՝ կլիման փոփոխվում է, և կարող են ի հայտ գալ հիմնականում բացասական հետևանքներ։ Օրինակ՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակն է բարձրանում, շատ երկրներ կանցնեն ջրի տակ, կունենանք ջրային ռեսուրսների հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Կան երկրներ, որտեղ ջրային ռեսուրսների քանակը նվազում է, այդ թվում՝ մեր հանրապետության որոշ տարածքներում։ Այս խնդիրը գնալով սրվելու է»,-ասում է Մարգարյանը։

Ինչպես ասում են՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարել հնարավոր չէ, պարզապես պետք է պատրաստ լինել մարտահրավերներին՝ յուրաքանչյուր ոլորտում օգտագործելով ժամանակակից մեթոդներ ու ներդնելով տեխնոլոգիաներ։ Օրինակ՝ ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը կարևորում է հեռազննման տեխնոլոգիաների կիրառկումը շրջակա միջավայրի հետազոտություններում, հատկապես՝ հիդրոօդերևութաբանական աշխատանքներում։

Back to top button