ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ո՞վ  է կանգնած մոսկովյան ահաբեկչության հետևում․ փորձագիտական կարծիքները տարբեր են

Մոսկվա․ Crocus City Hall․ մարտի 22–ը։ Երեկ գրվել է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ամենաարյունալի էջերից մեկը։  Հանրահայտ համերգասրահում մարտի 22-ի երեկոյան ինքնաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել դահիճում գտնվող անմեղ մարդկանց ուղղությամբ, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ, սկսվել է հրդեհ։ Համացանցը լի է տեղի ունեցածի ահասարսուռ կադրերով, որոնք բացի պատասխաններ տալուց նաև մի շարք հարցեր են առաջացնում։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։ Ռուսաստանով մեկ զանգվածային միջոցառումները չեղարկվել են։ Օդանավակայաններում և կայարաններում ձեռնարկվում են անվտանգության հավելյալ միջոցներ։ Կրթության և գիտության նախարարությունը խորհուրդ է տվել բուհերին անցնել «հեռավար ուսուցման»: Ռուսաստանի ղեկավարությունը ցավակցության և զորակցության ուղերձներ է ստանում աշխարհի տարբեր երկներից, այդ թվում՝ արևմտյան պետությունների ղեկավարներից։

Կրակոցներ, պայթյուն, հրդեհ․ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ողջ գիշեր իրականացված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ահաբեկչության մեջ կասկածվող 11 անձի ձերբակալության մասին, այդ թվում՝ 4 ահաբեկիչների, որոնք անմիջական կերպով իրականացրել էին ահաբեկչությունը՝  տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կատարվածից անմիջապես հետո Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նեկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունը: Շտապեց հայտարարել, որ առկա տեղեկություններին համաձայն  Ուկրաինան ներգրավված չէ ահաբեկչությունում։ Ամերիկացի պաշտոնյաները նաև նշում են, որ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը,  անդրադառնալով  Սպիտակ տան այս հայտարարությանը, տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Հետաքրքիր է, ի՞նչ գիտեն, եթե հայտարարել են նաև, որ չեն տնօրինել ահաբեկության նախապատրաստման տեղեկատվության։ Իհարկե պնդել, որ կա կապ Կիևի հետ, գոնե մենք չենք կարող։ Ավելին, մեծ հարց է, իսկ Կիևի ինչի՞ն էր պետք այդպիսի ահաբեկություն։ Որևէ ռացիոնալ տրամաբանությամբ կարծես թե դժվար է գտնել տեղի ունեցած ահաբեկության, ողբերգության մեջ որևէ օգտակարություն Ուկրաինայի համար։ Ավելին, հնարավոր է տեսնել նույնիսկ հակառակը»։

Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը համոզված է, որ այսպիսով փորձ է արվում պատերազմը տեղափոխել Ռուսաստանի տարածք։

«Շատ պարզ է ամեն ինչ, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ դեռ մինչ ընտրությունները զգուշացրել էին, որ ահաբեկչական գործողություններ են սպասվում, ընդ որում, չէին փոխանցել ռուսական կողմին, թե ով, որտեղ, երբ, հետևաբար սա հենց իրենք էլ կազմակերպել են։ Սա Ռուսաստանի դեմ պատերազմի դրսևորումներից մեկն է։ Արևմուտքը փորձում է ռազմական գործողությունները տեռորիստական ակտերի տեսքով տեղափոխել Ռուսաստանի տարածք՝ սարսափ ներարկել, խուճապ տարածել ժողովրդի մեջ»։

Հակոբ Բադալյանը ևս առանձնացնում է երկու հանգամանք․ ահաբեկությունից ժամեր առաջ ՌԴ նախագահի խոսնակի մակարդակով փաստացի ազդարարվեց, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է։ Մինչև այդ այսպիսի մակարդակով նման բնորոշում չի եղել՝ նկատում է վերլուծաբանը և ընդգծում ևս մի հանգամանք՝ ահաբեկությունը տեղի է ունենում այն օրը, երբ Պուտինը վերընտրվելուց  հետո առաջին անգամ անցկացնում է Անվտանգության խորհրդի նիստ։

Կատարվածը նրան հիշեցնում է 2002 թ-ին Դուբրովկայում թատրոնում տեղի ունեցած ահաբեկությունը, երբ  Նորդ֊ Օստ մյուզիքլի ներկայացման մեկնարկին մի քանի տասնյակ չեչեններ գրավեցին թատրոնը, ինչի հետևանքով զոհվեց 130 մարդ, 700-ը վիրավորվեցին։ Նա նաև ընդգծում է, որ ըստ անկախ հետաքննությունների՝ Նորդ Օստում զոհերի մեծ մասը գրանցվել է պատանդներին ազատելու համար իրականացված օպերացիայի ընթացքում բաց թողնված քնեցնող գազի հետեւանքով։

Մինչ վերլուծաբաններն ու փորձագետները փորձում են հասկանալ, թե ով է կանգնած ահաբեկչության հետևում, արևմտյան լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Ռոյթերսը» և «Ֆրանսպրեսը» հաղորդում են, որ «Իսլամական պետությունն» է ստանձնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։

Հայկ Այվազյանը սա արժանահավատ չի համարում։ «Դրանք քարոզչական հնարքներ են, կարծեմ հենց արևմտյան լրատվամիջոցներով են տարածվել։ Իրենք հենց սկզբից էլ փորձեցին պատասխանատվությունը իրենց վրայից գցել։ Բայց պարզ է, որ դա «Իսլամական պետությունը» չէ, չնայած հենց ինքը «Իսլամական Պետությունը» ԱՄՆ ստեղծած ահաբեկչական խմբավորումն է։ Նույնիսկ, եթե իրենք են, ապա ուղղորդվում են Արևմուտքի կողմից՝ ֆինանսավորվում, նախապատրաստում։ Հետևաբար, ականջները տանում են դեպի ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա»։

Մոսկվան պատաստվում է  հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի դահլիճը կարող է տեղավորել 6200 մարդու և եթե հաշվի առնվի, որ «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը սպառված են եղել, չի բացառվում, որ հայտարարված զոհերի ու վիրավորների թիվը մի քանի անգամ ավելանա։ Եվս մի հանգամանք կա, որ շեշտվում է փորձագետների կողմից՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ը պատկանում էր Ալիևի նախկին փեսային և նրա հորը՝ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին և նրա որդուն՝ երգիչ Էմինին: Էմինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է:

Back to top button