Սփյուռքի ձայնը

Ռազմական հանցագործությունները պատժող դատավարությունները 20-21-րդ դարերում. «Սփյուռքի ձայնը»

Մարտի 12-ին ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվելու է «Երիտթուրքերից մինչև նացիստներ. միջազգային քրեական արդարադատության ակունքներում» գիտաժողովը, որին մասնակցելու է Գերմանիայի Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի քրեական իրավունքի, միջազգային քրեական իրավունքի և միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր, նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն Քրիստոֆ Սաֆերլինգը:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու և համեմատականներ են անցկացվելու Նյուրնբերգյան և Երիտթուրքական դատավարությունների միջև։

Նյուրնբերգյան դատավարությունը ռազմական դատավարությունների շարք է, որն անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների կողմից: Դատարանի առաջ կանգնեցին Նացիստական Գերմանիայի քաղաքական, ռազմական, արդարադատության հայտնի գործիչները, ովքեր ծրագրել, իրականացրել կամ մասնակցություն էին ունեցել Հոլոքոստին և այլ պատերազմական հանցագործությունների։

Դատավարությունները անցկացվել են Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, և դրանց որոշումները մեծ դեր են խաղացել դասական միջազգային իրավունքից ժամանակակից միջազգային իրավունքի անցման փուլում։ Դատավարությունների երկրորդ փուլը անցկացվել է ԱՄՆ-ում։

Երիտթուրքերի դատավարություն (1919-1920), Օսմանյան կայսրությունն առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած և հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչների դատավարությունն է  Կ. Պոլսում։ Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած և հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին։

Դատավարության արձանագրությունները հրատարակվել են 1919-20 թթ., «Թաքվիմ-ի վեքայի» («Իրադարձությունների օրացույց») արաբատառ թուրքական պաշտոնաթերթի հավելվածում։ Երիտթուրքերի դատավարությունը թեև չստացավ լայն արձագանք, այնուամենայնիվ բացահայտեց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական իշխանությունների իրագործած հայերի ցեղասպանությունը։ Երիտթուրքերի դատավարության նյութերը հերքում են թուրքական պաշտոնական շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները։

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս գիտաժողովը ու ժամանակակից հանցագործությունները դատապարտող դատավարությունների ի՞նչ մեխանիզմներ կարող են առաջարկվել այս գիտաժողովի արդյունքում. հեռախոսազրույց գերմանաբնակ իրավաբան, գիտաժողովի կազմակերպիչներից, հայ գերմանական փաստաբանական միության հիմնադիր Գուրգեն Պետրոսյանի հետ։

Back to top button