Գերդաստաններ

Զգացմունքային «Գուռգուռա» պոեմն ու դրա նույնքան զգացմունքային հեղինակը. Հովսեփյաններ. «Գերդաստաններ»

Նա տասնինը գեղարվեստական գրքերի՝ այդ թվում շատ հայտնի «Գուռգուռա» հերոսական պոեմի, բանաստեղծությունների, թարգմանությունների հեղինակ է։ Հեղինակ է նաև «Անուշ յարս եղնիկ է», «Սիրո գարուն», «Ես քեզ տեսա» երգերի։ Նրա դուստրն էլ բանասիրական գիտությունների թեկնածու է, լրագրող։

Տարոն աշխարհի Մեղրագետի ձախ ափին գտնվող լեռնալանջերից մեկի վրա թառած է անտառաշատ և աղբյուրներով հարուստ Ծղակ գյուղը, որի բնակիչները  հիմնականում հայեր էին, կային նաև քրդեր ու թուրքեր։ Հայերն այստեղ զբաղվում էին մեղվաբուծությամբ, անասնապահությամբ և երկրագործությամբ։ Այս գյուղի բնակիչներից էին Հովսեփյանները, որոնք իրենց ազգանունն ստացել էին Հովսեփ պապի անունից, որի գերդաստանը Ծղակ եկել էր Խութ գավառի Կոստ գյուղից։ Հովսեփը մեղվապահությամբ էր զբաղվում։ Նա մեծ սեր ուներ դեպի մեղուն ու բնությունը։ Ասում են, որ այս նախասիրությունն էր նրան պարգևել  երկարակեցություն՝ գրեթե 120 տարվա կյանք։

Ծղակում ամեն տուն մի աղբյուրի վրա էր կառուցված, ինչը հատուկ քնարականություն էր հաղորդոմ ծաղիկներով լեցուն, տնամերձ հողատարածքներին։ Հովսեփի որդի Մխիթարը Ծղակում արդեն գերդաստանի մեծն էր համարվում, ուներ երկու տղա՝ Միքայելը և Մկրտիչը։

Ամեն ինչ կընթանար հարթ, դեպի լավն ու գեղեցիկը, եթե չլիներ հայերի կոտորածը, և 1915 թվականին Մշո Ծղակ գյուղից մարդիկ չտեղահանվեին ու սրի ու թրի չքաշվեին։ Մխիթարի գերդաստանից շատերը եկան Արևելյան Հայաստան և հաստատվեցին  Ներքին Թալինում։ Գաղթի ճանապարհին՝ ընտանիքին պաշտպանելիս, զոհվեց Միքայելի ավագ որդին՝ Մխիթարը, վերջինիս՝ Սաբրինե անունով գեղեցկուհի քույրը  առևանգվեց, կորավ նաև եղբայրը՝ Մկրտիչը։ Տեղ հասածների թվում էր Մխոյի որդի  Միքայելը, որը մեր այսօրվա հիմնական հերոսի՝ արձակագիր, բանաստեղծ, լրագրող և թարգմանիչ Վռամ Հովսեփյանի հայրն էր։

Միքայելն ու կինը՝ Զարդարը, տուն ու տեղ դրեցին Ներքին Թալինում։ Այստեղ էլ նրանք, ինչպես իրենց պապերը, զբաղվեցին անասնապահությամբ ու հողագործությամբ։ 12 -13 տարեկան էր նրանց որդի Վռամը, երբ հայրը գյուղացի հովիվների հետ, իր փոխարեն, ուղարկեց գառնարածության։ Վռամի ուրախությանը չափ ու սահման չկար, որ պիտի տեսներ խրոխտ քառագագաթ Արագածն ու դրա  փեշերին փռված, ծաղկառատ մարգագետինները, պաղ ու զուլալ աղբյուրները։ Սակայն այս գեղատեսիլ բնության մեջ ամենագրավիչն ու հուզիչը Վռամի եղեգնաշեն շվին էր, որից հնչող մեղեդին, ասես, Մեղրագետի խոխոջյունը, աղբյուրների կարկաչն ու ալպիական դաշտերի շրշյունը լիներ, որը այրում էր հովիվների հոգին։ Եվ մինչև վերջ էլ Վռամը մտովի, գենետիկ հիշողությամբ, իր նախնյաց երկրի հետ էր։

«Հիմա գարուն է այնտեղ, ամպը անձրև է լալիս,
Կանցնի ապրիլ մի նախշուն, կգա պայծառ մի մայիս,
Ծովասարի զառ փեշին ծով ծաղիկներ կշրշան,
Բայց էլ ձեռքս չի պոկի ոչ Մանուշակ, ոչ Շուշան»։

Վռամի մայրը վատառողջ էր, այդ պատճառով նրան դաստիարակում ու մեծացնում էր Զուլո հորաքույրը, որն այրիացել էր ցեղասպանության ժամանակ, սակայն երեխաներ ուներ և իր երեխաների հետ ապրում էր եղբոր՝ Միքայելի, տանը։ Այս կինը լավ երգում էր հնագույն երգեր, լավ գիտեր հայկական էպոսն ու հրաշապատում հեքիաթները, լավ պարում էր Մշո ու Սասնա պարերը։ Այս ամենը սովորեցնում էր երեխաներին, որոնց մեջ Վռամն էր, որ ուշադրությամբ լսում, նայում և վերարտադրում էր անթերի։

Տղան սկսոմ է ստեղծագործել և առաջինը դրանք կարդում է Զուլոյի մոտ, լսում նրա կարծիքը։ Շուտով Վռամն ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, հանդիպում այստեղ գրողների, զրուցում, ծանոթանում գրելու իսկական մշակույթին։ 1950-ականներին լույս է տեսնում բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Արագածի լանջից»-ը։ 1958 թվականից նա եղել է Գրողների միության անդամ և մինչև 70-ական թվականները արդեն տասնինը գրքերի հեղինակ էր։

Դեռ 1955 թվականին հանրահայտ Սողոմոն Տարոնցին Վռամ Հովսեփյանի մասին գրում էր. «Նա գնալով կատարելագործել է գրելու արվեստը։ Նա անկեղծ է, անմիջական, զգացմունքային։ Այս առավելության հետ միասին նա ստեղծում է թարմ, օրիգինալ պատկերներ, որով և առանձնանում է իր սերնդին պատկանող շատ բանաստեղծներից»։

Արևմտյան Հայաստանի կորստի հետ չհամակերպվող գրողը շուտով գրեց «Գուգուռա», «Ջոջանց տուն» պոեմները, որոնք մեծ ուշադրության արժանացան։ «Սովետական գրականություն» ամսագրում ժամանակի վերլուծաբաններից մեկը՝ Սողոմոն Մկրտչյանը, բարձր է գնահատել հայրենասիրական շնչով գրած, Մշո յուրահատուկ կոլորիտով, բնությամբ ու մարդկանցով «Գուռգուռ»-ան։ 

«Քաղվեր մարմանդ հանդ ու արոտ,
Իջներ աշուն խորոտ-խորոտ,
Արև Անդոկ սարին պառկեր,
Էն Մարտիրոս՝լերան-լերան,
Ոսկի զուռնեն առներ բերան,
Լցվեր գինով հազար փարչիկ,
Խաս պար բռներ հազար աղջիկ։

Մարիամն իր մասնագիտության ընտրության և հետագայում նաև պատրաստվածության հարցում պարտական է հայրիկին։ Հիշում է, որ, երբ, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի լրագրող էր, իրեն հետը տանում էր, ծանոթացնում լրագրողական աշխատանքին։ Մարիամը դարձավ լրագրող և չորս գիտական մենագրություններ գրեց, որոնք մինչ Մեծ եղեռնը և դրանից հետո արևմտահայ մամուլի պատմությունն են ներկայացնում։

Վռամ Հովսեփյանը մեծ դեր է ունեցել նաև զարմուհու՝ Արեգնազ Հովսեփյանի կյանքում, որը Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Նա հիշում է հորեղբորը որպես ազնիվ, անսահման բարի մարդու, լավագույն գրողի և իր ուսուցչի։

Մեր այս օրերին շատ համահունչ են գրողի կողմից արված մտորումները, երբ հիշելով Թումանյանին, Չարենցին, Տերյանին, նա գրում է․«Նրանց յուրաքանչյուր հաջողությունն, ասես, թե իմն է եղել, ինչպես նաև նրանց յուրաքանչյուր դժբախտությունը, որը կուլ տվեց նրանց բոցավառ հայրենասիրությունը։ Ես նույնիսկ տնասիրություն կասեի, քանզի Հայաստանը առաջին հերթին հայրական տուն և օջախ է հանդիսացել նրանց համար, որին նրանք միմիայն որդիական սիրով են սիրել»։

Back to top button