ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թափոնը ևս արժեք է. արտադրությունից մինչև աղբավայր մասնավորի պատասխանատվության տակ կդրվի

Հայաստանում կներդրվի արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։ Չորսամյա ծրագրով նախատեսվում է օրենսդրական կարգավորում, աղբի տեսակավորված հավաքում, համապատասխան գույքի ու մեքենամեխանիզմների ձեռքբերում, վերամշակման ենթակա թափոնների մշակմանն աջակցություն: Նախատեսվող փոփոխությամբ Հայաստանում ապրանք արտադրող կամ ներմուծող ընկերությունները կպարտավորվեն տարանջատել թափոնը, հավաքագրել այն, այնուհետև տեղափոխել վերամշակող կենտրոն կամ կազմակերպություն։

Աշխարհը կանգնած է կոշտ թափոնների աճող ծավալների մարտահրավերի առաջ։ Միայն Հայաստանի բնակավայրերում տարեկան շուրջ 690 տոննա կոշտ կենցաղային աղբ է առաջանում։ Էկոլոգիական աղետից խուսափելու համար տարբեր երկրներ թափոնների արդյունավետ կառավարման ազգային քաղաքականություն են մշակում ու արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ ներդնում։ Սա նշանակում է, որ արտադրողն ու ներմուծողը պետք է կառավարեն իրենց կողմից շուկա բերված ապրանքի ամբողջ ցիկլը՝ արտադրությունից մինչև թափոն։ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի փոխանցմամբ՝ համակարգը շուտով կներդրվի նաև Հայաստանում։

«Խոսքը ոչ բոլոր թափոններին է վերաբերում։ Դրանք տարաներն են, փաթեթավորման միջոցները, մարտկոցներ, անվադողեր, էլեկտրոնային սարքավորումներ։ Մենք այժմ այն փուլում ենք, որ պետք է օրենսդրական կարգավորումների միջոցով այդ համակարգը ներդնենք Հայաստանում»։

Համապատասխան օրենսդրության մշակմանն ու ներդրմանը կաջակցի Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը։ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը հայտնեց, որ խոսքը վերաբերում է հետսպառողական թափոններին։ Արտադրական և արդյունաբերական թափոններն այս կարգավորման մեջ չեն մտնում։

«Օրինակ, մարտկոց ներմուծող կազմակերպությունները ստեղծելու են շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն էլ զբաղվելու է թափոն դարձած մարտկոցների էկոլոգիապես անվտանգ գործածությամբ։ Դրանց հավաքում, վնասազերծում, վերամշակում»։

Համապատասխան օրենսդրությունն ու համակարգերը մեծապես խթանում են վերամշակման կարողությունները։ Հարություն Ալպետյանի հավաստիացմամբ՝ արդյունքները երկար չեն սպասեցնի։ 5-10 տարի հետո աղբավայր ավելի քիչ թափոններ են հասնելու։ Դե իսկ մասնավորի պատասխանատվությունը դրսևորվելու է վճարների տեսքով։ Օրենսդրությունն ամբողջությամբ կկարգավորի այդ այդ շղթան։ Գործող օրենսդրությամբ՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ է նախատեսված։ Նոր օրենսդրությամբ թիրախավորվելու են կոնկրետ ապրանքատեսակները, իսկ վճարները, ըստ Լուսինե Ավետիսյանի, ավելի նպատակային են օգտագործվելու։

«Ծախսերի մի մասն էլ ուղղվելու է ենթակառուցվածքների ստեղծմանը։ Այսինքն՝ կարող են և իրենց միջոցներով, և համագործակցելով ՏԻՄ-երի հետ, հավաքագրեն այդ թափոնները»։

Ոլորտում խնդիրները շատ են, լուծումը՝ մեկը. հասարակության վարքագծային փոփոխությունը։ Հատկապես երեխաներին վաղ տարիքից պետք է սովորեցնել, որ թափոնը ևս արժեք է, նկատեց «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանը։

«Վարքագիծը նաև սպառողի պատասխանատվությունն է։ Եթե մենք պետք է հավաքագրենք, ապա սպառողն էլ պետք է կարողանա տարանջատել թափոնը։ Մեծ դեր են կատարում նաև իրազեկումն ու կրթությունը։ Եթե երեխան տանը ծնողին իրազեկում է, որ այդ թափոնը երկրորդ կյանք ունի, հավատացեք, այդ թափոնն այլևս չի հայտնվի աղբանոցում»։

Ըստ մասնագետնրի՝ ինտեգրված թափոնների կառավարումը ենթադրում է ավելի շատ քաղաքացիական մասնակցություն և ներդրում քաղաքային զարգացման գործում։

Back to top button