Վերնատուն

Փոքրիկ ճշմարտություններ, որոնք մենք ցանում ենք մանուկների մեջ․ հեղինակային մանկական պատկերագրքերը․ «Վերնատուն»

Մանկական գրքերի հեղինակ, նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր Լիլիթ Ալթունյանը խոսում է մանկական հեղինակային գրքերի առանձնահատկությունների, հայկական ու միջազգային շուկայում մանկական բովանդակության պահանջարկի մասին։ Լիլիթ Ալթունյանը նշում է, որ հեղինակային գրքերը թեմատիկ ասելիք ունեն, նկարազարդումները տարբերվող են, ունեն թաքնված շերտեր, գրված են հետաքրքիր լեզվով, և այսօր ոչ մի թվային գիրք չի կարող փոխարինել օբյեկտ-գրքին։

Գիրքը մեր կյանքից չի կարող պակասել և ուժ չունենալ, այդ ամենն առավել ակնառու է Եվրոպական գրքի փառատոններում, երբ տեսնում ես, որ ոլորտը ծաղկում է, նոր տենդենցներ են առաջ գալիս։ Լիլիթ Ալթունյանը պատմում է, որ աշխարհում մանկական գրքի հեղինակային առաջարկները բազմազան են․ օրինակ՝ երբ պատմությունը «թերթելու ուժով է պատմվում», երբ լրացուցիչ էֆեկտներ են ներառվում, որտեղ ավելանում է խաղի ու գործողության տարրը։

Լիլիթ Ալթունյանը երեք մանկական պատկերագրքի հեղինակ է։ Խորհրդային Միությունից հետո առաջին մանկագիր հեղինակն է, որի գրքերը հետաքրքրել են օտար հրատարակչություններին։ Օրերս նրա գրքերը թարգմանվել և հրատարակվել են ռուս ընթերցողների համար։ Լիլիթն իրեն համարում է ներհայեցող արվեստագետ։

Ասում է՝ իր ստեղծագործությունները ծնվում են իր ներքին ապրումներից ու փորձառությունից։ «Ես հավատում եմ, որ դրանք մարդկությանը պետք են, քանի որ ունիվերսալ բաներից եմ խոսում։ Ես խոսում եմ իմ վերապրած ճշմարտություններից, որոնց մասնիկը կարող են լինել և՛ մեծերը, և՛ փոքրերը», – ասում է նա։

Խոսելով իր հեղինակային վերջին՝ «Խավարի թագավորը» գրքի մասին, նշում է, որ գիրքն այն մարդկանց մասին է, ովքեր վախենում են դուրս գալ սեփական հարմարավետության տարածքից և թե ինչքան վնասակար կարող է դա լինել․

«Ինչ անել, որ դուրս գալ այդ տարածքից , ինչու չպետք է վախենալ, ինչ որ բան փոխել քո կյանքում, ինչու լսել ներքին ձայնին․ այս ամենը մեզ չեն սովորեցնում։ Այս գաղափարը խորհրդանշական պատկերներով ես փորձեցի փոխանցել թե՛ երեխաներին, և թե՛ մեծերին։ Ես հավատում եմ , որ այս փոքր ճշմարտությունները սերմեր են, որոնք մենք ցանում ենք մանուկների մեջ և որն իր ազդեցությունն է թողնելու նրանց ենթագիտակցության մեջ», – ասում է Լիլիթ Ալթունյանը։

Լիլիթ Ալթունյանը երազում է հայկական հրատարակչական միջավայրի մասին, որ կարժևորի մանկական գրքի հեղինակին, որտեղ կկարևորվի ոչ միայն վաճառքը, այլ ստեղծագործական, նորարական մոտեցումները, քանի որ հեղինակային գրքերը մեծ էներգետիկա ունեն։

Back to top button